Ամենօրեայ վարժութիւններն ըստ գրացուցակի աւելի արդիւնաւէտօրէն են ամրացնում յօդերը

Ֆիզիկական ակտիւութիւնն աւելի արդիւնաւէտօրէն է ամրացնում յօդերն ու ոսկորները, եթէ այն անցկացւում է ամէն օր նոյն ժամին։ Նման եզրակացութեան են հանգել Մանչեստրի համալսարանի գիտնականները։ Հետազօտութիւնը հրապարակւել է Nature Communications (NatCom) հանդէսում։
Կրծողների վրայ կատարւած փորձերը ցոյց են տւել, որ անկանոն, անկանխատեսելի գործունէութիւնը յանգեցնում է ոսկորների եւ աճառի վնասմանը։ Եւ ընդհակառակը, նոյն ժամին ֆիզիկական ակտիւութեամբ զբաղւելու սովորութիւնը նպաստել է մկանային-յենակէտային համակարգի հետ օրգանզիմի ցիրկադային ռիթմերի սինխրոնիզացմանը։
Գիտնականները նշում են, որ առաւօտեան վարժութիւններն ակտիւացնում են ուղեղի լուսազգայուն կենտրոնները՝ մարմնին ազդանշան տալով «արթնանալու» մասին եւ խթանելով մկանային-յենակէտային համակարգը։ Հետազօտողների կարծիքով, ցիրկադային ցիկլերը նկատւում են ոչ միայն սրտում եւ ճարպային բջիջներում, այլեւ միջողնային սկաւառակների եւ աճառի հիւսւածքներում։ Այդ ռիթմերի խախտումը կապւած է հիւանդութիւնների բարձր ռիսկի հետ։
Հեղինակներն ընդգծում են, որ հետեւողական վարժութիւնների ռեժիմի պահպանումը կարող է յատկապէս օգտակար լինել տարեցների եւ արթրիտից տառապող բուժառուների համար, քանի որ հետեւողական ֆիզիկական ակտիւութիւնը նպաստում է ոսկրերի կորստի դանդաղեցմանը եւ կոտրւածքների վտանգի նւազեցմանը։ Հետազօտողները մտադիր են հետագայ փորձերի ժամանակ այդ արդիւնքները փորձարկել մարդկանց վրայ՝ յօդերի եւ աճառների առողջութեան համար վարժութիւնների օպտիմալ ժամանակացոյցի վերաբերեալ առաջարկութիւնները կատարելագործելու համար։
News.am



