Այլ

Ձայնն ընդդէմ քաղցկեղի. ինչպէս է Histotripsy նորագոյն մեթոդը քայքայում ուռուցքն առանց դանակի եւ այրւածքների

Գիտնականները ներկայացրել են Histotripsy մեթոդը որպէս ուռուցքների բուժման յեղափոխական մեթոդ, եւ այն գրեթէ ֆանտաստիկայի ժանրից է։

Դանակների, ճառագայթների կամ ուժեղ ճառագայթման փոխարէն օգտագործւում է ուլտրաձայնը, բայց կենտրոնացած այնպէս, որ ուռուցքի ներսում առաջանում են հազարաւոր միկրոպղպջակներ։ Այդ պղպղջակները արագ ընդլայնւում եւ պայթում են՝ տառացիօրէն քայքայելով ուռուցքի հիւսւածքը մանրագոյն մասնիկների։ Հետազօտութեան արդիւնքները հրապարակւել են Science Translational Medicine ամսագրում։

Մեթոդը լրիւ ոչ ինւազիւ է. կտրւածքներ, այրւածքներ կամ ճառագայթային ազդեցութիւն չի պահանջւում: Բժիշկն իրական ժամանակում տեսնում է ամէն ինչ էկրանին եւ ճշգրտօրէն ուղղորդում է «ճառագայթը» ուռուցքի տարածք՝ տեղայնօրէն վերահսկելով ոչնչացումը՝ առողջ օրգանների վնասումից խուսափելու համար։

Առաջին կլինիկական փորձարկումներն արդէն յուսալի արդիւնքներ են տւել: Histotripsy-ն ցոյց է տւել արդիւնաւէտութիւն լեարդի ուռուցքների դէպքում. պացիենտներն աւելի քիչ բարդութիւններ են ունեցել աւանդական վիրահատութեան համեմատ եւ կարողացել են տուն վերադառնալ նոյն օրը՝ վիրահատութիւնից յետոյ։

Հետաքրքիր է, որ ազդեցութիւնը միայն տեղային չէ: Երբ ուռուցքը քայքայւում է, դրա մասերը եւ «տագնապի» մոլեկուլները մտնում են արեան մէջ եւ կարող են «արթնացնել» իմունային համակարգը: Այսպիսով, օրգանիզմը սկսում է ինքնուրոյն ճանաչել եւ պայքարել քաղցկեղի բջիջների դէմ: Մի շարք փորձերի ընթացքում նոյնիսկ դիտարկւել են հեռաւոր մետաստազների նկատմամբ իմունային պատասխաններ, ինչը բացում է համակցւած մօտեցումների հեռանկարը. Histotripsy՝ գումարած իմունաթերապիա:

Մեթոդը նաեւ ուսումնասիրւում է այլ կիրառութիւնների համար՝ բարորակ ուռուցքների, սրտի փականների խնդիրների բուժում եւ նոյնիսկ նեարդավիրաբուժութիւն՝ շնորհիւ իր ճշգրտութեան եւ խնայիչ ազդեցութեան։

Մէկ այլ կարեւոր առաւելութիւնն այն է, որ Histotripsy-ն յարմար է այն պացիենտների համար, որոնց հակացուցւած է վիրահատութիւնը կամ ճառագայթային թերապիան, թոյլ տալով բուժում՝ նւազեցւած ռիսկով եւ փափուկ վերականգնմամբ: Այս տեխնոլոգիան կարող է դառնալ ուռուցքաբանութեան ստանդարտ զինանոցի մի մասը առաջիկայ տարիներին։

News.am

Related Articles

Back to top button