Ջրի մէջ մատների մաշկը կնճռոտւում է նոյն նախշով

Բինգհեմթոնի համալսարանի ամերիկացի գիտնականները պարզել են, թէ ինչու է մատների մաշկը կնճռոտւում ջրի հետ երկարատեւ շփումից յետոյ։ Պարզւել է՝ իւրաքանչիւր մարդու կնճիռների նախշերը ձեւաւորւում են արեան անօթների աշխատանքին առնչւող նոյն սխեմայով: Հետազօտութիւնը հրապարակւել է Journal of the Mechanical Behavior of Biomedical Materials (JMBBM) գիտական հանդէսում։
Աւելի վաղ ենթադրում էին՝ կնճիռներն առաջանում են, քանի որ մաշկը կլանում է ջուրը եւ այտուցւում։
Նոր հետազօտութեան շրջանակում գիտնականների թիմն անցկացրել է փորձ, որի ընթացքում մասնակիցները մատները 30 րոպէ ընկղմել են հեղուկի մէջ։ Գործընթացը կրկնւել է 24 ժամ անց։ Լուսանկարների համեմատութիւնը ցոյց է տւել, որ երկու դէպքում էլ կնճռոտման նախշերը (օղակներն ու ակոսները) մնացել են նոյնական։
«Մատների արեան անօթները չեն փոխում իրենց դիրքը, ուստի կնճիռները նոյն «նախշով» են ձեւաւորւում»,- պարզաբանել են գիտնականները։
Հետաքրքիր է, որ միջնեայ նեարդի (մատների զգայունութեան համար պատասխանատու) վնասւածքից տառապող մարդկանց մաշկի կնճիռներ ընդհանրապէս չեն առաջանում։ Դա հաստատւել է նման վնասւածք ստացած ուսանողի մասնակցութեամբ անցկացւած թեստով։
Յայտնագործութիւնը կարող է օգնել մատնահետքերը նոյնականացմանը, նոյնիսկ եթէ մարմինը երկար ժամանակ ջրի մէջ է գտնւել։
Գիտնականները մտադիր են շարունակել իրենց հետազօտութիւնները՝ պարզելու համար, թէ արդեօք այս մեխանիզմը կարող է օգտագործւել այլ կիրառութիւններում, մասնաւորապէս՝ բժշկութեան կամ կենսաչափական տեխնոլոգիաների համար։
news.am