Իրականացւած է Ալիեւի գխաւոր երազանքը. Ադրբեջանի ուղեւորները եւ բեռնատարները չեն տեսնի «հայի երես»

Յունւարի 14-ին Հայաստանի Հանրապետութիւնն ու Ամերիկայի Միացեալ Նահանգները ստորագրել են «TRIPP-ի իրականացման շրջանակային համաձայնութիւն», որով Հայաստանի նիկոլփաշինեանական դիւանագիտութիւնը իրականացրել է մեր երկրի ինքնիշխանութեան «նշաձողի իջեցման» հերթական անփառունակ քայլը։
Գրել է ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբեանը։
«Համաձայն փաստաթղթի, Ադրբեջանը Նախիջեւանին կապող հաղորդակցութեան երթուղիների կառուցման եւ շահագործման համար Հայաստանի տարածքում ստեղծւում է յատուկ «ծածկոյթ», որի տարածքի բացառիկ կառավարումը, ըստ էութեան, 99 տարով յանձնւում է Ամերիկայի Միացեալ Նահանգների կառավարութեան վերահսկիչ փայատիրութեամբ հիմնադրւելիք «TRIPP զարգացման ընկերութեանը»։
Փաստօրէն, ամբողջութեամբ հաստատւեցին անցեալ տարւայ օգոստոսի 8-ի նախօրէին «Reuters» գործակալութեան կողմից տարածւած եւ ԱՄՆ Նախագահ Թրամփի բանաւոր խօսքում ներկայացւած բոլոր այն տեղեկութիւնները, որոնք բացայայտ հիստերիկ տոնայնութեամբ հերքւում էին Հայաստանի իշխանութիւնների կողմից։ Հիմա արդէն պարզ է, որ իրականում նրանք փորձում էին դոզաւորել Հայաստանի համար նւաստացուցիչ գործարքի մասին տեղեկութիւնները եւ աստիճանաբար, մաս-մաս մատուցել դրանք մեր հանրութեանը, յոյս ունենալով, որ այս ընթացքում ուղեղների լւացման պետական քարոզչական մեքենան եւ քաղաքական հակառակորդների դէմ հալածանքները թոյլ կը տան սանձել դիւանագիտական ձախողումների հետեւանքով հնարաւոր ընդվզման ալիքը։
Իսկ հրապարակւած փաստաթուղթը կը մտնի մեր պետութեան պատմութեան մէջ որպէս մեր անկախութեանն ու ինքնիշխանութեան թուլացման ամենախայտառակ էջերից մէկը՝ հետեւեալ պատճառներով (ցանկը, բնականաբար, սպառիչ չէ)։
Գործունէութեան առաջին 49 տարւայ ընթացքում «TRIPP զարգացման ընկերութեան» 74%-ը կը պատկանի Ամերիկայի Միացեալ Նահանգներին, եւ միայն 26%՝ Հայաստանին, ինչ նաեւ նշանակում է, որ հէնց Ամերիկան կը ստանայ մեր ինքնիշխան տարածքի տրանզիտային շահագործման շահոյթի առիւծի բաժինը։ Դրանից յետոյ եւս 50 տարի Ամերիկան կը տիրապետի հսկիչ՝ 51%-անոց փաթեթին։ Մեր պետութիւնը պարտաւոր էր գոնէ պահպանել վերահսկիչ փաթեթը մեր ձեռքում, որ կարողանայինք խօսել ինքնիշխանութեան պահպանման մասին։
Փաստաթղթի ամենամտահոգիչ դրոյթը հնչում է այսպէս. «Հայաստանը մտադիր է «TRIPP զարգացման ընկերութեանը» տրամադրել հետեւեալ բացառիկ իրաւունքները. պլանաւորել, նախագծել, զարգացնել, կառուցել, շահագործել եւ պահպանել բազմամոդալ տարանցիկ ենթակառուցւածքները նախանշւած տարանցիկ երթուղիների շրջանակներում (within designated transit routes)»։ Համաձայն այս կէտի, TRIPPԻ տարածքում, ոչ ոք՝ ոչ մի այլ ընկերութիւն կամ անգամ Հայաստանի Հանրապետութեան կառավարութիւնը չի կարող որեւէ այլ հաղորդակցութեան ենթակառուցւածք կառուցել։ Այս կէտով Հայաստանի կառավարութիւնն ընդունում է, որ 100 տարի շարունակ իրաւունք չի ունենալու, օրինակ, կառուցել Հայաստանն Իրանին կապող, կամ ամգամ, պարզապէս՝ Մեղրին Երեւանին կապող երկաթուղի, որովհետեւ Ամերիկայի կառավարութիւնը կարող է դրան դէմ լինել։ Սա ի՞նչ է նշանակում։ Սա նշանակում է, որ մենք մեր ձեռքով մեր ինքնիշխանութիւնը Սիւնիքի ռազմավարական տարածքներում յանձնում ենք այլ պետութեանը։ Սա պարզապէս անընդունելի է եւ պէտք է վերաբանակցւի ԱՄՆ֊ի հետ։
Շրջանակային համաձայնութեան մէջ թէեւ կայ բաժին Հայաստանի յանձնառութիւնների մասին, նման բաժինն ի սպառ բացակայում է Ամերիկայի Միացեալ Նահագների պարագայում, ինչով ընգծւում է, որ խօսքը բացառապէս Հայաստանի միակողմանի պարտաւորութիւնների մասին է։
Հայաստանի փայաչափի հիմնաւորման մասում չգիտես ինչու յայտնւել է «կանխիկ ներդրումներ՝ ըստ անհրաժեշտութեան» արտայայտութիւնը, ինչը նշանակում է, որ անգամ իր խղճուկ 26%-ի փայ ստանալու համար սեփական ինքնիշխան հողատարածքի տրամադրումը բաւարար չէ եւ Հայաստանը դեռ պէտք է լրացուցիչ կանխիկ ներդրումներ կատարի։
Միւս խայտառակ դրոյթն այն է, որ «TRIPP զարգացման ընկերութիւնը» ծածկոյթի տարածքում, ըստ էութեան, ստանում է հարկահաւաքի բացարձակ կարգավիճակ, ինչը կոդաւորւած է հետեւեալ պարբերութեան մէջ.
«TRIPP զարգացման ընկերութիւնը կարող է հաւաքել եւ պահպանել եկամուտներ տարբեր աղբիւրներից, որոնք կը ներառեն, բայց չեն սահմանափակւի հետեւեալով.
ենթակառուցւածքների հասանելիութեան վճարներ,
տարանցիկ երթուղու շրջանակներում առեւտրային գործունէութիւն,
գոյքի վարձակալութիւն եւ զարգացում,
ծառայութեան վճարներ,
յատուկ նշանակութեան կազմակերպութիւններից ստացւած եկամտի բաժիններ։»
Եւ վերջապէս, իրականացւած է Իլհամ Ալիեւի գխաւոր երազանքը. Ադրբեջանի ուղեւորները եւ բեռնատարները չեն տեսնի «հայի երես», քանի որ նրանց հետ շփւող «ֆրոնտ օֆիսը» կառավարւելու է «TRIPP զարգացման ընկերութեան» կողմից, մինչդեռ Հայաստանի կառավարութեան կողմից վերահսկւող «Բէք օֆիսը» ուղղակի ստանալու է տեղեկութիւններ «TRIPP զարգացման ընկերութիւնից»։ Աւելին՝ ուղեւորների եւ բեռների ստուգումները իրականացւելու են «ռիսկի վրայ հիմնւած ընտրողականութիւն՝ բեռների ժամանակակից ստուգում» սկզբունքով, ինչը նշանակում է, որ լաւագոյն դէպքում իրականացւելու են ուղեւորների եւ բեռների չնչին տոկոսի ստուգումներ, այն էլ՝ «TRIPP զարգացման ընկերութեան» կողմից ընտրւած դէպքերում։
Եւ այսպէս, Նիկոլ Փաշինեանի կառավարութիւնը, որը ողողել է ԱՄՆ֊ի հետ ստորագրած փաստաթուղթը Հայաստանի «ինքնիշխանութեան» մասին դատարկ յայտարարութիւններով, փաստացի կարգաւորումներով զիջում է այն մեր անկախութեան եւ ինքնիշխանութեան համար ռազմավարական նշանակութիւն ունեցող Սիւնիքում, 100 տարով փակելով Հայաստանը Իրանի հետ կապող ենթակառուցւածքների, մասնաւորապէս, երկաթուղու կառուցումը։
Միակ մեղմացուցիչ համգամանքն այն է, որ ստորագրւած փաստաթուղթը որեւէ իրաւական պարտաւորութիւն դեռեւս չի առաջացրել։ Հայաստանը պէտք է իր առջեւ նպատակ դնի այնպիսի խաղաղութեան ծրագրի իրականացումը, որը թոյլ կը տայ պահպանել հաղորդակցութեան ենթակառուցւածքների կառուցման ինքնիշխան իրաւունքները։ Որեւէ կառավարութիւն, որ այլ նպատակներ է հետապնդում, պէտք է հեռանայ»։
Iravunk.com



