Մինչեւ 2025 թ. կեանքի տեւողութիւնն աշխարհում կաւելանայ մօտ հինգ տարով
Նոր հետազօտութեան արդիւնքների համաձայն՝ մինչեւ 2025 թ. կեանքի տեւողութիւնն աշխարում կաւելանայ մօտ հինգ տարով, բայց այնպիսի գործոններ, ինչպիսին են ճարպակալումը եւ արեան բարձր ճնշումը, նշանակում են, որ մարդիկ աւելի երկար տարիներ կանցկացնեն վատ առողջութեան պայմաններում։ The Lancet բժշկական ամսագրում հրապարակւած հետազօտութեան արդիւնքները կազմել են «2021 թ. հիւանդութիւնների, վնասւածքների եւ ռիսկի գործօնների գլոբալ բեռը» (Global Burden of Diseases, Injuries and Risk Factors Study 2021) հետազօտութեան մի մասը։ Հիւանդութիւնների գլոբալ բեռի ուսումնասիրման խմբի կանխատեսումների համաձայն՝ սպասւում է կեանքի տեւողութեան աւելացում 71,1-ից 76 տարեկան տղամարդկանց եւ 76,2-ից 80,5 տարեկան կանանց համար։ Ոչ մեծ աճ սպասւում է կեանքի աւելի ցածր տեւողութիւն ունեցող երկրներում։
«Դա վկայում է այն մասին, որ թէեւ անհաւասարութիւնն առողջապահութեան ոլորտում եկամուտների ամենաբարձր եւ ամենացածր մակարդակների միջեւ կը պահպանւի, տարբերութիւնը կրճատւում է, ընդորում՝ ոչ մեծ աճ սպասւում է Սահարայից հարաւ աֆրիկեան երկրներում»,- նշել են փորձագէտները։
Հետազօտողների խօսքով՝ այս միտումը շատ բանով պայմանաւորւած է հանրային առողջապահութեան միջոցառումներով, որոնք թոյլ են տւել կանխել եւ բարելաւել ողջ մնալու ցուցանիշները այնպիսի հիւանդութիւնների դէպքում, ինչպիսին են սրտի հիւանդութիւնները, COVID-19-ը, ինչպէս նաեւ մի շարք վարակիչ, մայրական, նեոնատալ եւ ալիմենտար հիւանդութիւնները։
Հետազօտութիւնը նաեւ ցոյց է տւել, որ ռիսկի մետաբոլիկ գործօնների պատճառով կորցրած տարիների ընդհանուր քանակը, ինչպիսին են արեան բարձր ճնշումը, արեան մէջ շաքարի բարձր մակարդակը եւ մարմնի զանգւածի բարձր ինդեքսը, աւելացել է մօտ 49,4 տոկոսով 2000 թւականից։
Օդի աղտոտւածութիւնը, ծխելը եւ ծնւելու ժամանակ ունեցած ցածր քաշը նոյնպէս յայտնւել են առաւել նշանակալի գործօնների թւում, որոնք աւելացնում են վատ առողջութեան պատճառով կորցրած տարիները եւ վաղ մահւան հաւանականութիւնը։
NEWS.am Medicine