Կանաչ թէյը կարող է պաշտպանել ուղեղի սպիտակ նիւթը ծեր տարիքում, ուսումնասիրութիւն
Կանաձաւայի համալսարանի Բժշկական գիտութիւնների բարձրագոյն դպրոցի անցկացրած հետազօտութիւնը ցոյց է տւել, որ առանց դեմենցիայի տարեցների շրջանում նշանակալի կապ կայ կանաչ թէյի աւելի շատ օգտագործման եւ ուղեղում սպիտակ նիւթի աւելի նւազ ախտահարումների միջեւ:
Հետազօտութեան արդիւնքները հրապարակւել են npj Science of Food ամսագրում։
Ստացւած տւեալները ցոյց են տալիս, որ օրական երեք կամ աւելի բաժակ կանաչ թէյ խմելը կարող է օգնել պաշտպանել ուղեղի առողջութիւնը, մինչդեռ սուրճի օգտագործումը էական ազդեցութիւն չի ունեցել:
Կանաչ թէյն ու սուրճը յայտնի են իրենց նեարդապաշտպան յատկութիւններով եւ ջրից յետոյ աշխարհում ամենայայտնի ըմպելիքներն են: Այս մասին հաղորդում է NEWS.am -ը:
Այս հետազօտութեան նպատակն էր մագնիսական ռեզոնանսային տոմոգրաֆիայի (MRI) տւեալների օգտագործմամբ գնահատել կանաչ թէյի եւ սուրճի ազդեցութիւնը գլխուղեղի սպիտակ նիւթի վնասւածքների ծաւալի, հիպոկամպի ծաւալի եւ ուղեղի ընդհանուր ծաւալի վրայ:
Տւեալները հաւաքագրւել են 2016-ից 2018 թւականների ժամանակահատւածում՝ ներառեալ սննդակարգի գնահատումը, մագնիսական ռեզոնանսային տոմոգրաֆիան եւ 65 տարեկան եւ աւելի բարձր տարիքի 8766 մասնակիցների ճանաչողական հետազօտումները: Կանաչ թէյի եւ սուրճի ամենօրեայ օգտագործումը չափելու համար կիրառւել է սննդի ընդունման յաճախականութեան հարցաշար:
Ուղեղի MRI սկանաւորումը տւեալներ է տրամադրել սպիտակ նիւթի վնասւածքի ծաւալի (WML), հիպոկամպի ծաւալի (HV) եւ ուղեղի ընդհանուր ծաւալի (TBV) վերաբերեալ: Ճշգրտումների համար կատարելագործւած վիճակագրական մոդելներ են օգտագործւել՝ հաշւի առնեով ժողովրդագրական տւեալները, առողջական վիճակը, ապրելակերպի սովորութիւնները եւ Ալցհէյմերի հիւանդութեան գենետիկ ռիսկի գործօնները:
Հետազօտութեան այն մասնակիցների մօտ, որոնք օրական 600 մլ կանաչ թէյ են խմել, սպիտակ նիւթի ախտահարման ծաւալը 3%-ով աւելի պակաս է եղել, քան նրանց մօտ, որոնք 200 մլ կամ աւելի քիչ են խմել, մինչդեռ նրանց մօտ, որոնք օրական 1500 մլ են խմել՝ սպիտակ նիւթի ախտահարման ծաւալը 6%-ով աւելի ցածր է եղել, քան ստուգողական խմբի ներկայացուցիչների մօտ: