Մարկեդոնով. «2026 թւականի ընտրութիւնները «սթրես-թեստ» են լինելու ՀՀ վարչապետի համար»

Ռուսաստանցի փորձագէտի կարծիքով՝ Հայաստանում ազգային-պետական նախագիծը «վերագործարկելու» յաւակնոտ փորձ է արւում։
ՀՀ-ում կայանալիք խորհրդարանական ընտրութիւնները վարչապետ Նիկոլ Փաշինեանի կողմից կառուցւած համակարգի համար «սթրես-թեստ» են լինելու։ Այս կարծիքին է ռուսաստանցի քաղաքագէտ Սերգէյ Մարկեդոնովը: Փորձագէտն ուշադրութիւն է հրաւիրել մի քանի առանցքային գործօնների վրայ, որոնք յունիսեան ընտրարշաւն առանձնացնում են նախորդ բոլոր ընտրութիւններից։
Կարելի՞ է ՀՀ–ն համարել երկրորդ Մոլդովա. Մարկեդոնովը՝ Կարապետեանի գործի մասին
Այսպէս, օրինակ, ընտրութիւնները կը լինեն առաջին համազգային քարոզարշաւը Լեռնային Ղարաբաղի լիակատար կորստից եւ նրա հայաթափումից յետոյ: Անցել են նաեւ «թաւշեայ յեղափոխութիւնից» յետոյ «իշխանութեան թարմացման» հետ կապւած պատրանքներն ու հիացմունքները: Ընտրութիւնների ժամանակ կառավարութեան ղեկավարը կը մտնի իր իշխանութեան իններորդ տարւայ մէջ: Փորձագէտի խօսքով՝ այս ընթացքում Փաշինեանը կարողացել է հասնել պետական կառավարման համակարգի համասեռացմանը։
«…Ութ տարի առաջ նա (ՀՀ վարչապետը – ԽՄԲ.) ընդունեց իշխանութիւնը անվերահսկելի խորհրդարանի տեսքով՝ ընդդիմադիր զգալի հատւածով, խնդրայարոյց քաղաքապետարանով (որտեղ կենտրոնացած է բոլոր ընտրողների մէկ երրորդից աւելին), համեմատաբար ինքնավար տեղական ինքնակառավարման մարմիններով, հակառակւող դատական համակարգով եւ «ղարաբաղեան վենդեայով»։ Մինչեւ 2026 թւականը այս «ծաղկող բարդութիւնից» ոչ մի հետք չմնաց… Հայաստանի իշխանութիւնները յաջողեցին նաեւ վարչական ճնշման եւ վարչական ռեսուրսի օգտագործման հարցում»,- նշում է նա։
Միեւնոյն ժամանակ, փորձագէտի խօսքով, 2026 թւականի ընտրութիւնները զուտ ներքաղաքական իրադարձութիւն չեն լինի։ Աւելին՝ եթէ նախկինում յետխորհրդային պետութիւններում քարոզարշաւները դիտարկւում էին որպէս Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ ազդեցութեան համար մրցակցութեան յաւերժական սերիալ, ապա այժմ այլ հետաքրքիր գործօններ են նկատելի։ Այս համատեքստում Մարկեդոնովը յիշեցնում է Թուրքիայի արտգործնախարարի բացայայտ ռեւերանսներն ուղղւած Փաշինեանին՝ կապւած նրա վարկանիշի հետ։ Անկարան այդպիսով յստակ ազդանշաններ է ուղարկում իր նախընտրութիւնների վերաբերեալ։ Փորձագէտը կարծում է, որ Բաքուն 100%-ով պատրաստ է համաձայնել թուրք նախարարի գնահատականի հետ։
Մարկեդոնովի կարծիքով՝ Հայաստանում ազգային-պետական նախագիծը «վերագործարկելու» յաւակնոտ փորձ է արւում։ Ըստ էութեան՝ խօսքը հայկական ինքնութեան համակարգային վերափոխման մասին է։
«Քաղաքացիներին առաջարկւում է աջակցել ոչ միայն Նիկոլ Փաշինեան անունով մարդուն, այլեւ «Իրական Հայաստան» նախագծին, որը արմատապէս խզում է անցեալի պատմական աւանդոյթներն ու խորհրդանիշները՝ արտաքին եւ ներքին դաշտում առաջարկելով կօօրդինատային նոր համակարգ»,- նշում է նա։
Արդեօք սա նշանակում է, որ հայկական ինքնութեան յեղափոխութեան յաջողութիւնը ընդմիշտ եւ անվերապահօրէն կը փոխի երկիրը։ Քաղաքագէտի տեսանկիւնից՝ տարբերակներ հնարաւոր են, սակայն պատմութիւնը մի գծով չի շարժւում, ինչի վառ օրինակն է Վրաստանը։
Sputnik armenia



