Վարդան Օսկանեան. «Փաշինեանը ձախողած առաջնորդ է»
«ԱԼԻՔ» – Նիկոլ Փաշինեանի՝ ԱՄՆ այցի ֆոնին, ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանեանը դիմել է ամերիկահայերին՝ կոչ անելով չհանդիպել Նիկոլ Փաշինեանին եւ լեգիտիմութիւն չտալ նրան։
«Ամերիկահայ համայնքի եւ կազմակերպութիւնների յարգելի ներկայացուցիչներ,
Դիմում եմ ձեզ՝ փետրւարի 3-ին Հայաստանի դեսպանատանը Նիկոլ Փաշինեանի հետ հանդիպման հրաւէրի հետ կապւած։ Այս հանդիպումը սոսկ դիւանագիտական արարողակարգ չէ։ Դա առաջնորդի՝ խարխլւած հեղինակութիւնը փրկելու հաշւարկւած փորձ է, որը ձեր լսարանի կարիքն ունի։ Կոչ եմ անում ձեզ չմասնակցել հանդիպմանը եւ չդառնալ նրա յուսահատ քայլի մասը։
Փաշինեանը ձախողած առաջնորդ է, որի օրօք հայ ժողովուրդն անցնում է իր ժամանակակից պատմութեան ամենաաղէտալի ժամանակաշրջանը։ Հայաստանը կրել է տարածքային ծանր կորուստներ, ռազմական պարտութիւն եւ արժանացել ազգային նւաստացման։ Արցախի լիակատար անկումը, 150,000 հայերի տեղահանութիւնը եւ հազարաւոր երիտասարդ զինւորների մահը նրա անխոհեմ, անկարող եւ անհեռատես քաղաքականութեան ուղղակի հետեւանքներն են։ Փաշինեանը միջազգային օրակարգում Արցախի ժողովրդի վերադարձի իրաւունքի ներառման հիմնական եւ միակ խոչընդոտն է՝ չնայած համաշխարհային հանրութեան յստակ պատրաստակամութեանը՝ անդրադառնալու եւ աջակցելու այս հիմնարար իրաւունքին։
Այսօր հայ գերիները մնում են ադրբեջանական գերութեան մէջ, Հայաստանի ինքնիշխան տարածքների մի մասը զաւթւած է, իսկ առջեւում նոր զիջումներ են սպասւում. այս ամէնը՝ նրա պատասխանատւութեան ներքոյ։ Նրա կառավարութեան գործողութիւնները խարխլել են Հայաստանի անվտանգութիւնը, արժանապատւութիւնը եւ դիրքն աշխարհում։ Նրա իշխանավարման շարունակութիւնը ուղղակի սպառնալիք է հայ ազգի գոյատեւմանը։
Հայ ժողովուրդը Փաշինեանի վերաբերեալ իր վճիռն արդէն կայացրել է։ Վերջին հարցումների համաձայն՝ հայաստանցիների ընդամէնը 10 տոկոսն է աջակցում նրան։ Այսպիսի ցածր աջակցութիւն ունեցող առաջնորդը, որը կառավարում է ոչ թէ լեգիտիմութեամբ ու կոմպետենտութեամբ, այլ վախով եւ ապատեղեկատւութեամբ, իրաւունք չունի խօսել հայ ժողովրդի անունից։ Վաշինգտոնում Հայաստանի դեսպանատանը նրա ներկայութիւնը վիրաւորանք է Սփիւռքի հանդէպ, որը հաւատարիմ է մնացել հայ ազգի գոյատեւման եւ արժանապատւութեան յանձնառութեանը։
Փաշինեանի իշխանութիւնը հիմնւած չէ ժողովրդավարական օրինակարգութեան վրայ, այլ՝ համակարգային կոռուպցիայի եւ ինստիտուցիոնալ քայքայման։ Հայաստանի երբեմնի յոյս ներշնչող ժողովրդավարութիւնը վերածւել է միանձնեայ կառավարման, որտեղ զաւթւած դատական համակարգը, սանձւած մամուլը եւ թուլացած քաղաքացիական հասարակութիւնը ծառայում են միայն նրա կառավարութեան պատասխանատւութիւնը լղոզելուն։
Վաշինգտոն մեկնելու նախօրէին Փաշինեանը քրէական հետապնդում սկսեց մի հայի դէմ պարզապէս այն բանի համար, որ նա տեսանիւթ էր հրապարակել Երեւանի Հանրապետութեան հրապարակում ադրբեջանցիների խմբի նւաստացուցիչ գործողութիւնների մասին՝ հանրային եւ պաշտօնական ուշադրութիւն հրաւիրելով։
Նրա կառավարութիւնը հաստատել է կոռուպցիոն մշակոյթ՝ հանրային միջոցները ուղղորդելով լոյալիստների գրպանները՝ քաղաքացիներին մատնելով հիասթափութեան ու աղքատութեան։ Միեւնոյն ժամանակ, քաղաքական բեւեռացումը եւ անվստահութիւնը պառակտել են հայ հասարակութիւնը՝ գրեթէ անհնար դարձնելով համախմբումն ու միասնական գործողութիւնները։ Սրանք ոչ թէ սեփական ժողովրդի համար աշխատող առաջնորդի յատկանիշներ են, այլ ցանկացած գնով իշխանութիւնը պահպանող մի պատեհապաշտի։
Փաշինեանի պաշտօնավարման ամենաամօթալի արարքը թերեւս նրա վերջին ճամարտակումներն են Հայոց Ցեղասպանութեան մասին։ Հայաստանի ղեկավարի կողմից մեր պատմութեան ամենամեծ ողբերգութեան խեղաթիւրումը կամ նսեմացումը ոչ այլ ինչ է, եթէ ոչ դաւաճանութիւն։ Սա ապշեցուցիչ բան է, որը պէտք է մտահոգի իւրաքանչիւր հայի, յատկապէս Սփիւռքում։ Եթէ նա պատրաստ է իր քաղաքական շահերին համապատասխան վերաշարադրել պատմութիւնը, ապա է՞լ ինչի պատրաստ չէ։
Եթէ, այնուամենայնիւ, որոշէք մասնակցել այդ հանդիպմանը, յստակ պատկերացրէք, թէ ով է նստած ձեր առաջ։ Դա մի մարդ է, որը Հայաստանը տարել է դէպի կործանում, որը յանձնել է հայկական հողերը, որը լքել է սեփական ժողովրդին եւ որը կորցրել է հայերի մեծամասնութեան վստահութիւնը։ Թոյլ մի՛ տւէք, որ ձեզ խաբեն։ Մարտահրաւէր նետէ՛ք նրան։ Պահանջէ՛ք պատասխաններ։ Պատասխանատւութեան բերէ՛ք նրան։
Սա պարզապէս քաղաքական պահ չէ, սա խղճի քննութիւն է։ Փաշինեանին դէմ գնալը նշանակում է կանգնել Հայաստանի արժանապատւութեան, անվտանգութեան եւ ապագայի կողքին»,- նշել է Օսկանեանը։