Մենուա Սողոմոնեան. «Սահմանադրութիւնից Հռչակագրին յղման հեռացումը ՀՀ-ի լուծարման ուժ կարող է ունենալ»
«ԱԼԻՔ» – Նիկոլ Փաշինեանի առաջնորդած իշխանութիւնն իրեն վերարտադրելու համար ձգտում է հնարաւոր բոլոր զիջումների գնով Ադրբեջանից կորզել «Խաղաղութիւն» բառ պարունակող վերնագրով փաստաթուղթ։ Ի՞նչ ռիսկեր կան նման քաղաքականութեան մէջ, ինչո՞ւ հասարակութեան մի հատւածն անտարբեր է նման վտանգաւոր զարգացումների նկատմամբ, իսկ մի զգալի հատւած էլ թէեւ դժգոհ է այդ քաղաքականութիւնից, բայ չի ցանկանում ակտիւ պայքարի մէջ մտնել։ Վերոնշեալ միտումների մասին «Panorama-հարցազրոյցներ»-ի տաղաւարում իր կարծիքն է յայտնել «Հայաքւէ» նախաձեռնութեան խորհրդի անդամ Մենուա Սողոմոնեանը։
Հարցազրոյցում հնչեցւած հիմնական թէզերը՝ ստորեւ.
-Սահմանադրութեան հարցը Ադրբեջանը միանշանակ դնելու, պարբերաբար այդ մասին հնչեցնում եւ յիշեցնում են։ Իսկ Թուրքիայի խօսոյթում վերջին շրջանում աւելի շատ այսպէս կոչւած «Զանգեզուրի միջանցք»-ի հարցն է շրջանառւում։ Իրենց համար ամենակարեւոր հարցը սա է։
-Թուրքիան պետութիւն է, որի արտաքին քաղաքականութիւնը դրաձել է շատ հաւակնոտ, ագրեսիւ եւ այդ արտաքին օրակարգի կարեւորագոյն հարցերից մէկը թուրքախօս պետութիւնների ինտեգրացիայի թեման է։ Նրանց հէնց այդ պատճառով է հետաքրքրում «Զանգեզուրի միջանցք»-ի հարցը։
-Անգամ պետական յանցագործութիւնն անելով, անգամ ՍԴ-ն, որն անկախ պետական հաստատութիւն է, բայց քաղաքական պատւէր իրականացնելով, այդ վտանգաւոր, խարանի նշանակութիւն ունեցող փաստաթղթի ընդունումից յետոյ էլ ադրբեջանցիներն ասում են, որ խաղաղութիւնը կը լինի այն ժամանակ, երբ ՀՀ Սահմանադրութեան նախաբանից կը հանւի Անկախութեան հռչակագրի վրայ յղումը, ինչը ՀՀ-ի լուծարման ուժ կարող է ունենալ, այդ կերպ մեկնաբանւել։
-Հասարակութեան որոշ հատւածների մօտ կարող ենք տեսնել ոչ թէ լոյալութիւն, այլ հիասթափութիւն։ Այն բնական է, որովհետեւ մայիս ամսին բոլորն էլ շատ մեծ սպասումներ ունէին եւ ամէն մէկն իր չափով փորձեց ազդել ընդհանուր գործընթացների վրայ։
-Մի հանգամանքը իշխանութեան կողմից տարւող եռանդուն, մեծածաւալ հետեւողական, քարոզչութեան կամ հակաքարոզչութեան մէջ է, որի վրայ համոզւած եմ, որ ծախսւում են շատ մեծ գումարներ։ Հարցն էլ դա է, թէ որտեղից են այդ գումարները գալիս, որոնց միջոցով յատկապէս սոցիալական ցանցերում այդ քարոզչութիւնը տարւում է։
-Երկրորդ՝ տոտալ ահաբեկում է տեղի ունենում պետական վարչական լծակների գործադրմամբ՝ մարդկանց նկատմամբ, որոնք տարբեր պետական հաստատութիւններում, դպրոցներում, բուհերում աշխատում են։ Նրանց նկատմամբ իրականացւում են ճնշումներ։ Ճնշման դէպքերից մէկն էլ ինձ էր վերաբերում։ Իմ՝ ընդդիմադիր շարժման ակտիւ աջակցութիւնը որոշիչ դեր ունեցաւ ինձ Համալսարանից հեռացնելու հարցում։