Լիլիթ Գալստեան. «Բաբայեանի դատավարութիւնը վարչախմբի պարագլխի վախերի եւ անկարողութեան ուղիղ պրոէկցիան է»
«ԱԼԻՔ» – ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Լիլիթ Գալստեանը ֆէյսբուքեան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով փետրւարի 1-ին Ղարիբ Բաբայեանի դատավարութեանը:
«Բաբայեանի երէկւայ (փետրվարի 1-ԽՄԲ.) դատավարութիւնը վարչախմբի պարագլխի վախերի եւ անկարողութեան ուղիղ պրոէկցիան է։
Նա լաւ է հասկացել՝ պատասխանատւութիւնից չի փախչի։
Արցախն Ադրբեջանին յանձնելուց եւ Ադրբեջանի մաս ճանաչելուց յետոյ ոչ միայն չվերջացաւ նրա «գլխացաւը», այլեւ միջազգայնօրէն դատապարտելի նոր յանցանքներ վերցրեց իր վրայ՝ ստանձնելով ագրեսոր երկրի ղեկավարի յանձնառութիւններից բխող ողջ պատասխանատւութիւնը։
Հրապարակ նետւած նախադասութիւնը, թէ Բաքւում հոգեմէտ միջոցների ազդեցութեամբ են ցուցմունքներ կորզւում, գրոշի արժէք չունի։
Ինչպէս գրոշի արժէք չունեցաւ «նշաձողի իջեցումը», COP 29-ի համաձայնութիւնը, «գործընկերոջ բարեկրթութիւնը», Արարատը Արագածով, Հայրենիքը խոցւած պետութեամբ, Ազգայինը պետականով փոխելու գիտականօրէն կեղծ ու մարդկայնօրէն ողորմելի դիսկուրսները, Թրիւդոյի գուլպաները․․․։
Հէնց դո՜ւ հնարաւորութիւն տւեցիր, որ Ցեղասպան-ագրեսոր երկիրը քեզ ֆաշիստ ու սեպարատիստ համարի ու շարունակի մարսել։
Աշխարհը լռում է կամ համաձայն է, ոչ միայն գազային շահերից ելնելով, նաեւ հիմք ընդունելով այն կանաչ լոյսը, որ դո՜ւ վառեցիր Ադրբեջանի առջեւ՝ ուրանալով Արցախը։
Ինքդ քո դէմ ՑՈՒՑՄՈՒՆՔ հէնց այդ պահին ես տւել․․․
Երէկւայ՝ (փետրւարի 1-ին, ԽՄԲ.) Ղարիբ Բաբայեանի շինծու դատավարութեամբ էլի հաճոյանում էիր «բարեկիրթ» գործընկերներիդ, թէ «ազգայնամոլութիւնն ու ֆաշիզմն» ես արմատախիլ անում։
Ուզում էք Ազգային անվտանգութեան հայեցակարգ փոխէք, Քրէական նոր Օրէնսգիրք գրէք, Ոստիկանութիւնն ամբողջովին կարմրացրէք, ձեր մատնահարդարներին, վարսաւիրներին, թիմակից պետական պաշտօնեաներին ու նրանց կանանց ներգրաւէք «կրթարշաւներում», պատմութեան բոլոր դասարանների դասագրքերը յանձնէք ձեր սրտի պատմաբանի գրչին, զինանշան ու օրհներգ փոխէք, դրանով ո՜չ Արցախի ուրացումն է ջնջւելու, ոչ էլ՝ անձամբ վարչախմբի պարագլուխն է խուսափելու պատասխանատւութիւնից։
Ձեր կենսունակութեան բոլոր՝ քաղաքական եւ բարոյական լեգիտիմութեան ռեսուրսները սպառւել են, ձեզ ոչինչ էլ չի փրկում»,- գրել է պատգամաւորը:
Յիշեցնենք, որ Ղարիբ Բաբայեանը ձերբակալւել էր Երեւանի Հանրապետութեան հրապարակում «Ղարաբաղ» երգող օտարերկրացիների տեսանիւթը տարածելու համար։
Փետրւարի 1-ին դատարանը մերժեց նրան կալանաւորելու միջնորդութիւնը, սակայն նրա դէմ ընտրեց վարչական հսկողութիւն եւ սահմանափակեց նրա՝ հրապարակային խօսքով հանդէս գալու իրաւունքը։