Ահազանգ. թուրքական քարոզչութիւն Երեւանի դպրոցում՝ Կ. Փայլանի մասնակցութեամբ
ՎԱՀԷ ՍԱՐԳՍԵԱՆ
Yerkir.am-ի գլխաւոր խմբագիր
Yerkir.am-ն ահազանգ է ստացել, Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնւող Աւետիսեան դպրոցում (դպրոցը ոչ պետական միջնակարգ հանրակրթական հաստատութիւն է, որը գործում է 1999 թւականից) մօտ երկու օր առաջ բարձր դասարանների աշակերտներին հաւաքել են եւ ասել՝ պատրաստ եղէք, կարեւոր հիւր է գալու, ձեզ լաւ կը պահէք։
Պարզւում է՝ դպրոց հիւր է եկել Թուրքիայի Մէջլիսի նախկին պատգամաւոր ոչ անյայտ Կարօ Փայլանը։ Հանդիպմանը խօսւել է, որ հայերը պէտք է թուրքերի հետ հաշտ ապրեն, հանեն իրենց միջից թշնամանքը, իրենց խելօք պահեն, այլապէս՝ թուրքերը նորից կը մորթեն հայերին։ Ու իբրեւ շանտաժ՝ հանդիպմանն օրինակ է բերւել հայութեան վերջին գոյապայքարը, ասւել՝ ձեզ նման հազարաւոր ջահելներ եւս գնացին կռւեցին, ու բոլորին կոտորեցին։ Ասւել է նաեւ, որ եթէ դասեր չքաղէք՝ ձեզ էլ նոյն կերպ կը կոտորեն։
Yerkir.am-ին հասած տեղեկութիւնների համաձայն՝ այս ամէնը դուր չի եկել թէ՛ աշակերտներին, թէ՛ կոլեկտիւի անդամներին։ Ոմանք նոյնիսկ ակնարկ են արել, որ ստիպւած են եկել հանդիպմանը։
Յատկանշական է, որ Աւետիսեան դպրոցն աչքի է ընկել հայրենասիրական դաստիարակութեան ուղղւած իր գործելաոճով, եւ զարմանալի կամ տարօրինակ է, որ հանդիպումը եղել է հէնց այնտեղ։
Այստեղ կայ 2 հանգամանք.
1. Ինչպէ՞ս է հնարաւոր է դարձել վաղւայ զինւորի, զինւոր ծնող ապագայ մայրերի ու հայրենիքի վաղւայ արժանապատիւ քաղաքացիների շրջանում իրականացնել թշնամի պետութեան ներկայացուցչի քարոզչութիւն:
2. Ինչպէ՞ս է հնարաւոր ակնյայտ քաղաքական, աշխարհաքաղաքական, աւելին, թշնամի պետութեան արտաքին քաղաքականութեան ողջ օրակարգի մասին քարոզչութիւն իրականացնել անչափահասների շրջանում, միջավայր որտեղ քաղաքական բնոյթի քարոզչութիւն օրէնքով արգելւած է։
Թէ՛ հրապարակային, թէ՛ գրաւոր դիմում ենք ՀՀ ՄԻՊ-ին եւ ԿԳՄՍՆ-ին՝ հետեւեալ հարցերով.
1. Տեղեա՞կ են նշւած հանդիպման մասին:
2. Ո՞վ է թոյլ տւել այն:
3. Ո՞վ է դպրոցականների շրջանում քաղաքական, թշնամի պետութեան քաղաքական օրակարգերի մասին քարոզչութեան կազմակերպման ու թոյլատրման համար պատասխան տալու:
4. Եղե՞լ է կամ լինելո՞ւ է, արդեօք, այլ կրթական հաստատութիւններում նշւած անձը, եթէ այո, ապա որտեղ։