ՀԱԿ. «Փաշինեանական ամուլ դիւանագիտութիւնը լռութեան է մատնել ադրբեջանական կեղծիքը»
«ԱԼԻՔ» – Հայ Ազգային Կոնգրեսը յայտարարութիւն է տարածել, որտեղ նշւած է.
«Ամերիկեան «Նիւզւիք» ամսագրում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի արտաքին քաղաքականութեան հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիեւը հրապարակել է մի յօդւած, որում, փորձելով արդարացնել Հայաստանի հետ խաղաղութեան պայմանագրի ստորագրումից Ադրբեջանի հրաժարւելը, գրում է.
«Մեր ճանապարհին մնում են հիմնական խոչընդոտներ: Առաջինը Հայաստանի Սահմանադրութիւնն է, որը կոչ է անում միացնել Ադրբեջանի Ղարաբաղի տարածաշրջանը Հայաստանին։ Այս սահմանադրական ռեւանշիստական պահանջը նախկինում արդէն եղել է խոչընդոտ խաղաղութեան համար։ 1996 թւականին Հայաստանի այն ժամանակւայ նախագահը հրաժարւեց ստորագրել ԵԱՀԿ գագաթնաժողովի եզրափակիչ հռչակագիրը՝ պատճառաբանելով, որ Հայաստանի Սահմանադրութիւնը թոյլ չի տալիս ստորագրել Ղարաբաղը Ադրբեջանի տարածքի մաս ճանաչող միջազգային փաստաթուղթ»։
Հաջիեւի ասածը ադրբեջանական ռազմատենչ քարոզչութեան հերթական մի կեղծիք է։ 1996 թւականին Լիսաբոնում Հայաստանի Առաջին նախագահ Լեւոն Տէր-Պետրոսեանն երկու անգամ է արտայայտել Հայաստանի դիրքորոշումը ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման ծրագրի վերաբերեալ, որով Լեռնային Ղարաբաղին առաջարկւում էր ինքնակառավարման ամենաբարձր կարգավիճակ Ադրբեջանի կազմում։
1.Առաջին անգամ դա տեղի ունեցաւ լիագումար նիստում, երբ նախագահը յայտարարեց. «Մեր խորին համոզմամբ՝ ղարաբաղեան հիմնախնդիրը Ադրբեջանի կողմից առաջարկւած սկզբունքների հիման վրայ լուծելու դէպքում, Լեռնային Ղարաբաղի բնակչութեան վրայ կախւած կը լինի ցեղասպանութեան կամ բռնի տեղահանութեան մշտական սպառնալիքը։ Սումգայիթի (1988 թ. փետրւար), Կիրովաբադի (1988 թ. նոյեմբեր) եւ Բաքւի (1990 թ. յունւար) հակահայկական ջարդերի, ինչպէս նաեւ Ղարաբաղի 24 հայկական գիւղերի բնակչութեան տեղահանութեան (1991 թ. մայիս-յունիս) փորձը ամենայն ակներեւութեամբ ցոյց է տալիս, որ Ադրբեջանը, չնայած բոլոր հաւաստիացումներին, չի կարող Լեռնային Ղարաբաղի բնակչութեան անվտանգութեան երաշխիքներ ապահովել»։
2.Լեւոն Տէր-Պետրոսեանի երկրորդ յայտարարութիւնը գրանցւել է որպէս ԵԱՀԿ Լիսաբոնեան գագաթնաժողովի պաշտօնական փաստաթղթի երկրորդ յաւելւած եւ հետեւեալ կերպ է հիմնաւորում առաջարկւած ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման նկատմամբ վետոյի կիրառումը Հայաստանի կողմից. «Յայտարարութիւնը կանխորոշում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, հակասելով ԵԱՀԿ-ի նախարարական խորհրդի որոշմանը, որն այդ լիազօրութիւնը վերապահում է Մինսկի Խմբի Համաժողովին, որը պէտք է գումարւի քաղաքական համաձայնութեան կայացումից յետոյ»։
3.Սահմանադրութիւնը, ինչպէս բազմիցս յայտարարել ենք անցեալում, Հայաստանի համար այլ սահմաններ չի նախատեսում, քան 1991 թւականի միջազգայնօրէն ճանաչւած սահմաններն են, ինչը եւս մէկ անգամ հաստատւեց Հայաստանի ՍԴ որոշումով։
Այսպիսով, Ադրբեջանը ակնյայտ սուտ է ներկայացնում միջազգային հանրութեանը, փորձելով պատճառաբանել Հայաստանի հետ խաղաղութեան մերժումը իբր գոյութիւն ունեցող «սահմանադրական խոչընդոտներով»։ Ցաւալի է, որ «Նիւզւիք» ամսագրի նման լուրջ լրատւամիջոցը պատշաճ կերպով չի ստուգել Հաջիեւի պնդումների հաւաստիութիւնը։
Իրական խնդիրը, սակայն, ոչ թէ Ադրբեջանի կողմից ներկայացւած եւ ցանկութեան դէպքում հեշտութեամբ հերքւող այս կեղծիքն է։ Խնդիրն աւելի շատ Նիկոլ Փաշինեանի ամուլ քաղաքականութիւնն է, որը պարտաւոր էր միջազգային հանրութեան եւ, մասնաւորապէս, «Նիւզւիք» ամսագրի ուշադրութեանը ներկայացնել Ադրբեջանի սուտը հերքող Հայաստանի պաշտօնական պատասխանը եւ պնդել դրա հրապարակումը։
Փաշինեանական դիւանագիտութիւնը, սակայն, լռութեան է մատնել ադրբեջանական կեղծիքը։ Այդպէս վարւելով, նա հերթական անգամ, ըստ էութեան, համերաշխութիւն է յայտնել Ադրբեջանի վարած կեղծարար քաղաքականութեանը։
Նոյնը վերաբերւում է նաեւ Խոջալուի «ցեղասպանութեան» մասին Ադրբեջանի պնդումներին։ Այն ժամանակ նոյնպէս Հայ Ազգային Կոնգրեսը ստիպւած իր վրայ էր վերցրել Հայաստանի իշխանութիւնների գործառոյթը եւ ներկայացրել ադրբեջանական կեղծարար քարոզչութիւնը հերքող ապացոյցները»։