Գլեբ Կուզնեցով. «Ալիեւը հաստատուն միտք ունի, որ աշխարհում չպէտք է հայեր լինեն»
«ԱԼԻՔ» – Ռուս քաղաքագէտ Գլեբ Կուզնեցովը Alpha News-ի հետ զրոյցում մեկնաբանել է Հայաստանի՝ Եւրամիութեանն անդամակցելու հաւանականութիւնը, Ադրբեջանի հետ խաղաղութեան պայմանագիր ստորագրելու հնարաւորութիւնները, ինչպէս նաեւ Թուրքիայի Անվտանգութեան խորհրդի յայտարարութիւնը, թէ Անկարան ակնկալում է Երեւանի եւ Բաքւի միջեւ խաղաղութեան համաձայնագրի կնքումը։
Փորձագէտի խօսքով՝ ԵՄ-ին Հայաստանի անդամակցութեան մասին խօսք լինել չի կարող:
«Նախ, քանի դեռ Հայաստանը համապարփակ խաղաղութեան պայմանագիր չի կնքել Ադրբեջանի հետ, քանի դեռ նորմալ չեն կարգաւորւել յարաբերութիւնները Թուրքիայի հետ, ԵՄ-ին անդամակցելու մասին խօսք լինել չի կարող։ Երկրորդ՝ տնտեսապէս Հայաստանը բացարձակապէս հետաքրքիր չէ ԵՄ-ին։ Եւ երրորդ՝ Հայաստանը եւրոպական հանրութեանն առաջարկելու ոչինչ չունի։ Ես կարծում եմ, որ Փաշինեանը դա շատ լաւ հասկանում է, բայց դա չի նշանակում, որ նա չի փորձում բոլոր ուղղութիւններով որոշակի առաւելագոյնը ստանալ»,- ասել է Կուզնեցովը։
Քաղաքագէտի կարծիքով՝ Փաշինեանի համար Արեւմուտքին ազդանշան ուղարկելու լաւագոյն միջոցը, որ ինքն իրենց ընկերն է, հակառուսական բան ասելն է:
«ԵՄ-ին միշտ հետաքրքիր է, թէ որքան ուժեղ եւ ինտենսիւ է Ռուսաստանի դէմ հանդէս գալիս միջազգային քաղաքականութեան այս կամ այն սուբիեկտը։ Այսինքն՝ միակ բանը, որ ԵՄ-ն կարող է արձանագրել Հայաստանի նւաճման մէջ, այն է, որ Հայաստանն ասել է՝ հեռու է Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակերպութիւնից, իսկ շուտով, հնարաւոր է, աւելի հեռուն գնալ։ Փաշինեանն անընդհատ ազդանշաններ է ուղարկում բոլորին, եւ Արեւմուտքին ազդանշան ուղարկելու լաւագոյն միջոցը, որ ինքն իրենց ընկերն է, հակառուսական ինչ-որ բան ասելն է»,- նշել է Կուզնեցովը։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի հետ խաղաղութեան պայմանագրի կնքմանը, ապա, ըստ քաղաքագէտի, դա կարելի էր անել երկու օրում, սակայն Ալիեւը (Ադրբեջանի նախագահը) հաստատուն միտք ունի, որ աշխարհում հայեր չպէտք է լինեն։
«Եթէ ադրբեջանական կողմը ցանկանար խաղաղութեան պայմանագիր կնքել, տեսականօրէն դա կարելի էր անել մէկ-երկու օրում։ Ալիեւը հաստատուն միտք ունի, որ աշխարհում հայեր չպէտք է լինեն: Նրան կարելի է ստիպել Հայաստանի հետ խաղաղութեան պայմանագիր կնքել միայն աւագ գործընկերների ճնշման ներքոյ, դա կարող է լինել Ռուսաստանը, Թուրքիան, Արեւմուտքը, ցանկացած մէկը, բայց նրանք պէտք է շատ լուրջ ճնշում գործադրեն Ալիեւի վրայ։
Այսօր Հայաստանի ղեկավարութեան համար բանակցային ուղին ինքնին միջոց է՝ բացատրելու սեփական ժողովրդին, իր ընտրողներին, որ ամէն ինչ իրականում ընթանում է ճիշտ ուղղութեամբ: Որովհետեւ այս անվերջ նւաստացումը, որին Հայաստանի ղեկավարութիւնը ենթարկւել է Ադրբեջանի կողմից վերջին տարիներին, ինչ-որ լաւ բացատրութեան կարիք ունի»,- ասել է Կուզնեցովը։
Փորձագէտը նաեւ նշել է, որ Թուրքիան ներկայանում է որպէս խաղաղարար։
«Անկարայի յայտարարութիւնն այն մասին, որ ակնկալում է խաղաղութեան համաձայնագիր Երեւանի եւ Բաքւի միջեւ, անհրաժեշտ քաղաքական ծիսակարգի մի մասն է, քանի որ Էրդողանը (Թուրքիայի նախագահը) հանդէս է գալիս որպէս խաղաղարար: Նա խօսում է այն մասին, որ Թուրքիայի ազդեցութիւնը շրջակայ բոլոր երկրների վրայ չափազանց շահաւէտ է»,- եզրափակել է Կուզնեցովը։