Հայաստան - ԱրցախՔաղաքական

«Միակ միջոցը ուժի դիմաց հակաուժ ստեղծելն է՝ ձեւաւորելով ուժային նոր հաւասարակշռութիւն»

Վահէ Յովհաննիսեանի զրոյցը ՀՀ ԱԳ նախկին նախարար Արա Այւազեանի հետ

«ԱԼԻՔ» – Ստորեւ ներկայացնում ենք «Այլընտրանքային» նախագծեր խմբի համահիմնադիր Վահէ Յովհաննիսեանի խիստ հետաքրքրաշարժ եւ բովանդագալից զրոյցը ՀՀ ԱԳ նախկին նախարար Արա Այւազեանի հետ:

 Նշենք, որ Վահէ Յովհաննիսեանը պարբերաբար զրուցում է այն մարդկանց հետ, ովքեր Հայաստանի եւ հայ ժողովրդի այսօրւայ ողբերգական ֆարս յիշեցնող իրականութեան մէջ փորձում են պահպանել ողջամտութիւնը, հասկանում են ներկայի ահռելի ռիսկերը եւ խնդիրներին լուծումներ են փնտրում։

– Դուք արտգործնախարար դարձաք 2020 թ. նոյեմբերի 9-ից օրեր անց՝ մեր երկրի պատմութեան ամենաբարդ ու ամենաանորոշ օրերին: Ես առաջարկում եմ սկսել մեր զրոյցը հէնց այդ օրերից: Կա՞ր արդեօք որեւէ ստրատեգիական հաշւարկի, պլանաւորման հնարաւորութիւն, թէ՞ աշխատանքը օրւայ ռեժիմով էր: Որքա՞ն էր շոկը դիւանագիտական կորպուսում, որքա՞ն էր բարդ գիտակցել, որ դու պարտւած պետութեան արտգործնախարար ես, բայց պարտաւոր ես շարունակել չպարտւածի կեցւածքով աշխատել: Յետադարձ հայեացքով, այնուամենայնիւ, որո՞նք էին անձամբ Ձեր առաջնահերթութիւնները:

– Նախ պէտք է արձանագրել, որ մեր պետական ինստիտուտները պատրաստ չէին մօտալուտ աղէտին, եթէ չասեմ աւելին. հիմնաւոր տպաւորութիւն էր ստեղծւել, կարծես ողջ աշխարհը գիտէր վերահաս պատերազմի մասին, բացառութեամբ՝ Հայաստանի, չհաշւած որոշ վերլուծաբանների: Այդուհանդերձ պէտք է նշել, որ միշտ յետադարձ հայեացքով հեշտ է «ճիշտ» վերլուծութիւններ եւ յայտարարութիւններ անելը, եւ այսօր էլ պակաս չի զգացւում յաճախ իրարամերժ հաստատումների համար, որոնց հիմնական նպատակն է՝ գտնել կամ կարգել 2020 թ. ողբերգութեան մեղաւորներին: Չեմ ցանկանում մտնել այս տեսակ բանավէճի մէջ, փոխարէնը կը փորձեմ ներկայացնել որոշ նկատառումներ, որոնք ուղղորդող եղան այդ բարդ ժամանակահատւածում իմ եւ նախարարութեան աւագ դիւանագիտական կազմի գործունէութեան համար:

Նախ, մեր խօսոյթում, որպէս կանոն, առանձնացնում ենք Ղարաբաղեան 1-ին, 2-րդ (2016 թ. քառօրեայ) եւ 3-րդ պատերազմները: Ճիշտ է, 1994 թ. անժամկէտ զինադադարի արդիւնքում ռազմական գործողութիւնները դադարեցւել էին, բայց մեր հաւաքական գիտակցութեան մէջ ամրագրւել էր այն գաղափարը, որ պատերազմն աւարտւել է: Մինչդեռ, իմ կարծիքով, վերը թւարկւածը մէկ չընդhատւող պատերազմի տարբեր փուլեր էին, որովհետեւ պատերազմը միայն ռազմադաշտում կռւելը չէ: Այդ իմաստով 2020 թ. նոյեմբերի 9-ը վերջ դրեց միայն ռազմական գործողութիւններին, եւ պատերազմը վերադարձաւ դիւանագիտութեան դաշտ: Գիտակցելով այն ծանր վիճակը, որում յայտնւել էին հայկական երկու պետութիւնները, այդուհանդերձ գտնում էինք, որ մեր ապրած ողբերգութիւնը մահախօսական չէր: Չպարտւածի կեցւածքով մեր նախարարութեան հանդէս գալը հէնց այդ տրամաբանութեան մէջ էր եւ ոչ թէ կենացային հայրենասիրութեան դրսեւորում: Պատմութիւնը լի է համոզիչ օրինակներով, թէ ռազմադաշտում պարտութիւն կրած երկրները խելամիտ դիւանագիտութեան շնորհիւ ինչպէս են կարողացել ուղղել իրենց մէջքը:

Երկրորդը. ի թիւս աւանդական եւ կարեւոր գործառոյթների, դիւանագիտութեան հիմնական եւ առանցքային դերը բազմապիսի բաց, փակ եւ գաղտնի տեղեկատւական հոսքերի հիման վրայ խորքային վերլուծութեան արդիւնքում ճիշտ գնահատականներ ներկայացնելն է՝ անվտանգային իրավիճակի փոփոխութեան վերաբերեալ, եւ դրանցից բխող համապատասխան առաջարկութիւններով հանդէս գալը: Որեւէ ձեւով չեմ ցանկանում սրբագրել որոշումներ կայացնողների թոյլ տւած ճակատագրական սխալները, բայց պէտք է նաեւ ընդունել, որ 2020 թ. սեպտեմբերի 27-ը չէր հասունացել մէկ կամ երկու ամսում. այն գագաթնակէտն էր, ինչպէս հրաբխի ժայթքումին նախորդում են խորքային աննկատ ու չերեւացող ներքին խմորումներ եւ գործընթացներ: Ասել է թէ՝ ստեղծւած իրավիճակից ելքեր փնտրելու համար պէտք էր ե՛ւ դասեր քաղել մեր սխալներից, ե՛ւ ճիշտ վարքագիծ որդեգրելու համար հասկանալ՝ ինչու՞ փլուզւեց ձեւաւորւած ստատուս քւոն: Աւելացնեմ միայն, որ յաճախ մեծ պատերազմներին նախորդում, ուղեկցում կամ յաջորդում են փոքր պատերազմներ, եւ այդ առումով 2020 թւականը ուժերի հաւասարակշռութեան մօտալուտ փլուզման նախերգանքն էր աւելի լայն իմաստով:

Վերջապէս, 2020 թւականի դառը դասերից էր մեր ռազմավարական մտածելակերպի բացակայութեան կամ լիակատար ձախողման փաստը: Բոլոր պատերազմների փորձը վկայում է, որ պարտութիւնը թէեւ չափազանց ցաւագին եւ թանկարժէք, բայց ամենալաւ դպրոցն է ստրատէգների համար: Մենք քաջ գիտակցում էինք մեր անբաւարար կարողութիւնները, եւ այդ պատճառով նաեւ նպատակադրւած էինք նախարարութեան յարկի ներքոյ հաւաքել մեր փորձագիտական եւ վերլուծական համայնքի արժէքաւոր ներկայացուցիչներին՝ համապարփակ վերլուծական եւ ռազմավարական պլանաւորման մասնագիտական կարողութիւնները զարգացնելու համար: Դէպքերի հետագայ զարգացումները արգելակեցին այդ գաղափարի կենսագործումը, բայց նորաստեղծ Դիւանագէտների համահայկական խորհրդի առանցքային նպատակներից է հէնց այդ տեսակ ինստիտուցիոնալ կարողութիւնների ձեւաւորումն ու ներդրումը:  

Մենք մշակել էինք միջնաժամկէտ ռազմավարութեան ամփոփ պատկերացումը, բայց յետպատերազմեան իրականութիւնը թելադրում էր իր օրակարգը, երբ ստիպւած էինք գրեթէ շաբաթական կտրւածքով դիմակայել հերթական ճգնաժամային իրավիճակին, ուղիներ փնտրելով ամրապնդելու դէէսկալացիոն գործընթացները եւ միաժամանակ չհատելու մեր «կարմիր գծերը»: Շարունակական եւ տեւական ճգնաժամների ժամանակ դիւանագիտութեան արդիւնաւէտութիւնը խիստ սահմանափակւած է, եւ հէնց այդ իրավիճակում էինք մենք գործում 2020 թ. նոյեմբերին յաջորդող ամիսներին:

– Դուք թիմով հրաժարական տւեցիք եւ հետագայում ձեզ պահեցիք բաւական պարկեշտ, երբեք չզազրախօսելով նրանց մասին, ում հետ աշխատել էք եւ երբեք յանուն անձնական PR-ի չասելով մի բան, որը կարող է վնասել Հայաստանի շահերին: Դա միասնական որոշո՞ւմ էր, թէ՞ կրթւած դիւանագէտի պահւածք:

– Այդ ծանր շրջանում համակարգն իսկապէս գործում էր որպէս մեկ միասնական թիմ: Նման բարդ իրավիճակում մէկ անձի սխալ որոշումները կարող էին կործանարար հետեւանքների յանգեցնել, հետեւաբար բնական էր, որ որոշումները կայացւում էին կոլեգիալ, բազմակողմանի քննարկումների արդիւնքում, որոնցում ընդգրկւած էին ոչ միայն նախարարութեան աւագ կազմը, այլեւ մեր դեսպանութիւնները, երբեմն նաեւ նախկին արտգործնախարարները, ինչպէս նաեւ որոշ փորձագէտներ: Ընդհանուր հասկացողութիւն կար, որ մեր 30-ամեայ ինստիտուտի այս լրջագոյն  փորձաքննութեան արդիւնքը ազդելու է մեր պետականութեան եւ հայ ժողովրդի ապագայի վրայ: Այդուհանդերձ, երբ բարձրացաւ նախարարութիւնում մեր աշխատելու նպատակայարմարութեան հարցը, ամենայն անկեղծութեամբ պէտք է ասեմ, որ չեն եղել միասնական հրաժարական ներկայացնելու վերաբերեալ քննարկումներ. իւրաքանչիւրն իր որոշումն է կայացրել:

Բոլորիս համար լինում են հանգամանքներ, որոնք ինքնաճանաչման եւ ուրիշներին ճանաչելու լաւ առիթ են հանդիսանում: Մղձաւանջային այս վերջին տարիները որոշ իմաստով ռենտգենի դեր կատարեցին իւրաքանչիւրիս շրջապատի, իսկ աւելի լայն իմաստով՝ մեր հասարակութեան համար: Չեմ յաւակնում որեւէ գնահատական տալ, բայց շարունակում եմ համոզւած լինել, որ հայ դիւանագէտն առաջին հերթին պէտք է հաստատուն սկզբունքների կրողը լինի: Իմ շատ գործընկերների վարքագիծը նախարարութիւնից հեռանալուց յետոյ թելադրւել է հէնց պետականամետութեան անփոփոխ կեցւածքով, որը երբեք կաշկանդւած չի եղել օրւայ իշխանութիւններով:     

– Նոյեմբերի 9-ից յետոյ կար երկու ճանապարհ: Մէկը՝ կառչել այդ թղթից ու փորձել առաւելագոյնս պաշտպանել հայկական շահը, միւսը՝ ինչ արեց այս իշխանութիւնը. գնաց արեւմտեան աւանտիւրայի ճանապարհով, սխալ հաշւարկի պատճառով մտաւ միջազգային հակառուսական կոալիցիայի մէջ, ինչը բերեց Արցախի կորստին եւ Հայաստանի պետականութեան կորստի վտանգին: Ո՞ր պահից Ձեզ հասկանալի դարձաւ, որ իշխանութիւնը որդեգրել է հէնց այդ ճանապարհը, եւ որո՞նք էին ըստ Ձեզ հիմնական սխալները:

– Իրաւացի էք, կար երկու ճանապարհ, բայց իմ պատկերացումը տարբերւող շեշտադրում ունի: Միջազգային յարաբերութիւններին, համաշխարհային պատմութեանը, դիւանագիտութեան փորձին եւ պատերազմ-խաղաղութիւն իրար յաջորդող եւ սերտօրէն շաղկապւած երեւոյթին քիչ թէ շատ ծանօթ մարդիկ գիտեն, որ պատերազմները մղւում են ոչ թէ ռազմադաշտում յաղթանակ ունենալու, այլ՝ դրա արդիւնքում հակառակորդին կամքը թելադրելու համար: Մենք յաղթանակած դուրս եկանք 1994 թւականին, բայց չկարողացանք մեր կամքը վերջնականապէս պարտադրել հակառակորդին: Ներկայումս իրավիճակը վերափոխւել է յօգուտ Ադրբեջանի, եւ թուրքական երկու պետութիւններն աննախադէպ հնարաւորութիւն են ստացել՝ ամրագրելու իրենց ռազմական յաղթանակը նաեւ դիւանագիտութեան միջոցով: Նրանց 100-ամեայ ռազմավարական պլանները չեն փոխւել, եւ երկուսն էլ զգում են, որ եկել է իրենց «ռազմավարական պահը»: Կարծում եմ՝ քչերն են հաւատում խաղաղութեան մասին Բաքւից եւ Անկարայից հնչող խօսոյթներին, դրանք թուրքական խաղաղութեան մասին են, որում Հայաստանը եւ հայկական շահերը որեւէ կերպ չեն տեղաւորւելու: Այս գործընթացի վերջում չի լինելու խաղաղութիւն, այլ՝ անվերջանալի նւաստացումներ եւ միակողմանի ցաւագին զիջումներ: Ակնյայտ է, որ ձեւաւորւած աշխարհակարգի փլուզման պայմաններում, երբ չեն գործում միջազգային կառոյցները, իսկ միջազգային իրաւունքն առաւել քան երբեւէ անզօր է, միջպետական յարաբերութիւնների որոշիչ գործօնը դարձել է ուժային քաղաքականութիւնը: Միջազգային այս քաոսային իրավիճակում կրկին ուժն է ծնում իրաւունք, իսկ պարտւածներն ու թոյլերը պէտք է ընդունեն այն, ինչ յաղթողներն իրենց կը թելադրեն: Սա է պատերազմների ցիկլի անհերքելի իրականութիւնը: Նման իրավիճակներում միակ միջոցը ուժի դիմաց հակաուժ ստեղծելն է՝ ձեւաւորելով ուժային նոր հաւասարակշռութիւն եւ զսպելով հակառակորդի՝ օրէցօր աճող յաւակնութիւնները: Հակաուժի տակ նկատի ունեմ թէ՛ մեր ներքին կարողութիւնները, թէ՛ առաջին հերթին ռազմավարական շահերի համադրմամբ դիւանագիտութեան միջոցով բնական եւ իրավիճակային դաշնակիցների ձեռքբերումն ու նոր դաշինքների ձեւաւորումը: Այդ ուղղութեամբ սկզբնական հեռանկարային քայլեր արդէն իսկ արել էինք: Մեր միջավայրում, իմ համոզմամբ, դեռ երկար ժամանակ միայն այսկերպ հնարաւոր կը լինի ապահովել կայունութիւնը եւ հայկական շահը: Հասկանալի է, որ նման սցենարը բարդ ու  ռիսկային է, բայց ռազմավարական իրատեսական պլանաւորման եւ հաշւարկների ճշգրտութեան արդիւնքում՝ իրագործելի: Հայաստանի գործող իշխանութիւնները նախընտրել են այլ ճանապարհ՝ այսպէս կոչւած «իրատեսական» մօտեցում, իսկ իրականում՝ նւազագոյն դիմադրութեան միջոցով «յաղթողների» կամքն ընդունելը, ինչի արդիւնքում վտանգաւոր եւ անթուլատրելի դրսեւորումներ ենք տեսնում՝ ուղղւած մեր ինքնութեան եւ հաւաքական յիշողութեան դէմ եւ, որպէս հետեւանք՝ միակողմանի զիջումներ:

Մեր տարաձայնութիւնները չեն ծագել ինչ-որ յատուկ պահի, այլ գործունէութեան արդիւնքում պարզ է դարձել, որ ԱԳՆ-ի եւ քաղաքական ղեկավարութեան պատկերացումները իրավիճակի կառավարման վերաբերեալ էականօրէն տարբերւում են: Հաշւի չառնելով ներկայ իրողութիւնները, երբ ցանկացած երկիր՝ մեծ եւ փոքր, հետապնդում է բացառապէս իր սեփական շահերը, մի կողմ դնելով արժէքները, Հայաստանի գործող իշխանութիւններն «արժէքների» շուրջ են դաշնակիցներ փնտրում: Ինչպէս տեսանք, անհրաժեշտ պահերին ժողովրդավարութեան եւ մարդու իրաւունքների վեհ արժէքները կրող եւ քարոզող դերակատարները խոր քնի մէջ էին եւ չպաշտպանեցին ո՛չ Արցախը, ո՛չ էլ Հայաստանը:

– Հայ-ռուսական յարաբերութիւններ. հիմա շատերն են գնում Մոսկւա, հանդիպում ինչ-որ շրջանակների հետ, արտաբերում կրկնւող տեքստեր՝ «ընդմիշտ միասին», «բազմադարեայ եղբայրութիւն» եւ այլն: Փաստն այն է, որ այսօր մեր յարաբերութիւններում կայ լուրջ խնդիր, որը հնարաւոր է յաղթահարել իրավիճակի գրագէտ պատկերացմամբ ու փոխադարձ գրագէտ քայլերով: Ակնյայտ է, որ թէ՛ Հայաստանից, թէ՛ Ռուսաստանից պահանջւելու են լուրջ ջանքեր՝ յարաբերութիւնների վերականգնման համար: Ըստ Ձեզ, որո՞նք են նոր իրականութեան մէջ անհրաժեշտ գրագէտ քայլերը, որոնք պէտք է անեն Հայաստանի յաջորդ իշխանութիւնը եւ Ռուսաստանը:

– Դուք շատ դիպուկ նշեցիք, որ անհրաժեշտ է ճիշտ գնահատել իրավիճակը: Մեր յարաբերութիւնների հարուստ  պատմութիւնը եւ բազմաբնոյթ համապարփակ օրակարգը մեզ մօտ համոզմունք էին ստեղծել, թէ այդպէս լինելու է միշտ: Մինչդեռ մեզ վիճակւել է ապրել արմատական վերափոխումների ժամանակաշրջանում, որոնք անդրադարձել են նաեւ մեր յարաբերութիւնների վրայ: Բուն թեման շատ ընդարձակ է եւ պարունակում է տարբեր երանգներ, ինչը, թերեւս, առանձին հետազօտութեան նիւթ է: Այս ձեւաչափի մէջ կը ցանկանայի կենտրոնանալ անվտանգային հարթութեանը, որը ներկայիս պայմաններում ամենակարեւորն է եւ որից բխում է մնացածը:

Ռազմական եւ ռազմավարական տեսութիւններում գոյութիւն ունի «ծանրութեան կենտրոն» (Center of gravity) հայեցակարգը, որը նշանակում է ուժի, հաւասարակշռութեան եւ կայունութեան ֆունդամենտալ աղբիւր, իւրատեսակ ողնաշար՝ մարտական ​​գործողութիւններ վարելու համար: Պատերազմներում հակառակորդները ձգտում են նոյնականացնել եւ թիրախաւորել թշնամու «ծանրութեան կենտրոնը», ինչը վճռական յաղթանակի ճանապարհ կարող է հարթել: Օրինակ, Առաջին Աշխարհամարտի ժամանակ այդ կենտրոնը Արեւմտեան ճակատն էր, իսկ Երկրորդում՝ Արեւելեան ճակատը: Դրա հետ մէկտեղ «ծանրութեան կենտրոն» կարող են լինել ենթակառուցւածքային կարեւոր հանգոյցներ, մայրաքաղաքներ, առաջնորդներ (Ադոլֆ Հիտլեր) եւ վերջապէս դաշնակիցներ: Իմ կարծիքն է, որ մեր «ծանրութեան կենտրոնը» եղել է մեր Զինւած ուժերի եւ հայ-ռուսական դաշնակցութեան համադրութիւնը: Ակնյայտ է, որ տարբեր հանգամանքների եւ գործընթացների կումուլիատիւ արդիւնքում չէզոքացւեց մեր ռազմավարական զսպման կարեւորագոյն օղակը՝ հայ-ռուսական ռազմավարական համագործակցութիւնը, ինչն իր ճակատագրական ազդեցութիւնն ունեցաւ դէպքերի հետագայ զարգացման վրայ:

Հետեւաբար, գալիս ենք տրամաբանական հարցին՝ ինչո՞ւ դա տեղի ունեցաւ: Ակնյայտ էր, որ այստեղ գործ ունենք գլոբալ իրավիճակի փոփոխութեան արդիւնքում սխալ կամ կարճաժամկէտ իրավիճակային հաշւարկների եւ շահերի առաջնահերթութեան վերանայման խնդիրների հետ: Եւ վերջապէս, անհրաժեշտ է խորքային վերլուծութիւն անել երկկողմ եւ բազմակողմ (ՀԱՊԿ) անվտանգային համագործակցութեան բացթողումների վերաբերեալ: Ինձ համար միանգամայն ակնյայտ է, որ մեր յարաբերութիւններում անպայման կարեւոր տեղ է գրաւելու Արցախի հիմնախնդրի հետ կապւած ՌԴ դիրքորոշումը:

Ենթադրում եմ, որ ներկայիս իրավիճակը չի կարող գոհացնել ո՛չ Հայաստանին, եւ ո՛չ էլ Ռուսաստանին: Անկայունութեան եւ անորոշութեան այս շրջանը, ցաւօք, դեռ երկար է տեւելու, եւ նոյնիսկ Ուկրաինայում ռազմական գործողութիւնների դադարեցումը չի բերելու խաղաղութիւն, փոխարէնը ձեւափոխւելու է քայքայիչ երկարատեւ հակադրութեան եւ նորանոր սպառնալիքների: Այս պայմաններում ցանկացած երկիր, նոյնիսկ ամենահարուստ ռեսուրսներով, առաւել քան երբեւէ կարիք է ունենալու գործընկերների եւ դաշնակիցների՝ այնպէս, ինչպէս Հայաստանը վստահելի դաշնակիցների կենսական կարիք ունի: Հետեւաբար, ինչ-որ պահի հասունանալու է առանց փոխադարձ մեղադրանքների դաշնակցային յարաբերութիւնների շարունակականութիւնն ու հեռանկարները քննարկելու անհրաժեշտութիւնը՝ շահերի փոխադարձ ապահովման եւ մարտահրաւէրները համատեղ յաղթահարելու յանձնառութեան հիման վրայ: Սրանք զուտ բառեր չեն, այլ՝ երկուստեք ռազմավարական վարքագիծ որդեգրելու համար անհրաժեշտ նախադրեալներ: Քաղաքական եւ ռազմավարական համադրւելիք տեսլականների հիման վրայ յուսալի, փոխշահաւէտ եւ արդիւնաւէտ անվտանգութեան արդիականացւած ճարտարապետութեան համատեղ ձեւաւորումը երկարաժամէտ կտրւածքով կապահովի համագործակցութիւնը տնտեսական, հումանիտար եւ այլ ոլորտներում: Հակառակ պարագայում, ներկայիս փոխգործակցութեան որոշ առաջանցիկ ոլորտներ կը յայտնւեն աշխարհաքաղաքական վայրիվերումների սպասւող եւ անսպասելի տատանումների փլատակների տակ:

– Համարենք՝ մի պահից Հայաստանն ունի նոր սոլիդ իշխանութիւն: Որո՞նք են յետպատերազմեան Հայաստանի վերականգնման արտաքին քաղաքականութեան հիմնական կէտերը:

– Պէտք է յստակ պատկերացնել, որ ցանկացած նոր իշխանութիւն առերեսւելու է բազմաթիւ խնդիրների յաղթահարման հրատապ հրամայականի հետ: Այդուհանդերձ, ամենալուրջ մարտահրաւէրները շարունակելու են սպառնալ արտաքին ճակատից: Համոզւած եմ, որ առաջիկայ տարիներին հէնց արտաքին քաղաքական ոլորտն է լինելու մեր պետականութեան պաշտպանութեան առաջնային բնագիծը: Առաջնային խնդիրն այս իմաստով լինելու է արտաքին քաղաքականութիւնը՝ որպէս ներքին քաղաքականութեան տրամաբանական շարունականութիւն, իր բնական հուն վերադարձնելու նոր իշխանութիւնների կարողութիւնը: Այսօր, իմ գնահատմամբ, իրավիճակը գլխիվայր շրջւած է, եւ արտաքին գործօններն ու դերակատարներն են էական ազդեցութիւն ունենում մեր որոշումների վրայ:

Երկրորդը. արտաքին քաղաքականութիւնը պէտք է ունենայ բովանդակութիւն, որն արտացոլելու է մեր ռազմավարական նպատակները: Ներկայիս պայմաններում հարկ է լինելու իրատեսականօրէն վերաձեւակերպել մեր ազգային շահերն ու նպատակները միջնաժամկէտ եւ երկարաժամկէտ կտրւածքի համար, ինչպէս նաեւ ուրւագծել եւ պլանաւորել դրանց հասնելու միջոցներն ու ուղիները: Ազգային շահերից կտրւած արտաքին ցանկացած քաղաքականութիւն ոչ միայն վերածւում է իմիտացիոն գործունէութեան, այլեւ խոցելի է դարձնում երկրի պաշտպանողական կարողութիւնները:

Նոյնիսկ ամենախորիմաստ դիւանագիտութիւնը չի կարող արդիւնաւէտօրէն գործել, եթէ այն չի վայելում հասարակութեան մեծամասնութեան ըմբռնումն ու աջակցութիւնը: Յաջորդ իշխանութիւնները պէտք է քաղաքական դաշտի եւ հանրութեան լայն զանգւածների համար ընկալելի դարձնեն արտաքին քաղաքական լուծումների տրամաբանութիւնը՝ միեւնոյն ժամանակ համազգային կոնսենսուս ձեւաւորելով մեր «կարմիր գծերի» վերաբերեալ:

Եւ վերջապէս, մենք յաճախ ենք արձանագրում մեր ռազմավարական մտքի թերի վիճակը: Դրան զուգահեռ՝ պէտք է հաշւի առնել, որ այդ գաղափարների եւ նպատակների իրագործողները անհատներն են: Մեր ձեռք բերած լաւ ու վատ փորձը յուշում է, որ ռազմավարական մտածելակերպի առկայութիւնն անհրաժեշտ, բայց ոչ բաւարար պայման է: Այն արդիւնաւէտ կը լինի այն ժամանակ, եթէ մշտապէս ուղեկցւի որոշում կայացնողների եւ որոշումներն իրականացնողների հետեւողական վարքագծով:

Related Articles

Back to top button