Տեղի ունեցաւ «Հայաստան» խմբակցութեան մամուլի ասուլիսը
«ԱԼԻՔ» – Յունիսի 14-ին ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւորներ Արծւիկ Մինասեանը եւ Արթուր Խաչատրեանը հանդէս են եկել մամուլի ասուլիսով։
Նրանք ամփոփել են խորհրդարանական շաբաթն ու պատասխանել լրագրողների հարցերին:
«Այս իշխանութիւնն անելիք չունի»,- յայտարարել է Արծւիկ Մինասեանը։
«Որքան էլ միջազգային կենտրոններն օգտագործելով այս իշխանութիւններին՝ փորձում են աչք փակել տեղի ունեցած զազրելի յանցագործութիւնների վրայ, միեւնոյնն է, արդարադատութիւնը հասնելու է իր նպատակին»,- ասել է նա։
Անդրադառնալով մանդատները վայր դնելուն՝ Արծւիկ Մինասեանը ասել է. «Մանդատները վայր դնելու հարցը կայ ու մեր օրակարգում է. որեւէ մէկը, սակայն, չի կարող մեզ պարտադրել այդ գործողութեանը գնալ»:
Մինասեանի խօսքով՝ իրենք մանդատները վայր դնելու գործին կը գնան այն ժամանակ, երբ վստահ լինեն՝ այս իշխանութիւնը չի կարողանալու օգտագործել իր վարչական, նիւթական ու «կարմիր բանտիկով մուրճերը», որ հերթական անգամ վերարտադրւի։
Ասուլիս ժամանակ Արթուր Խաչատրեանն ընդգծել է, որ Նիկոլ Փաշինեանն ինքնախոստովանական ցուցմունք է տւել՝ ինքն է հասունացրել Լեռնային Ղարաբաղի յանձնումը։
«Մարդը, որը յայտարարում է, որ ինքն արդէն 2018 թւականին գիտէր, որ Ղարաբաղը չի կարող լինել Հայաստանի կազմում, իր՝ 2018-ից 2020 թւականի գործունէութիւնը միտւած է եղել իրավիճակը լարելուն, ու Ադրբեջանը դա շատ նրբօրէն օգտագործել է»,- ասել է նա։
Խաչատրեանի խօսքով՝ Նիկոլ Փաշինեանը խոստովանեց, որ խաբել է ժողովրդին։
«Այնպէս որ՝ վերջին ԱԺ-կառավարութիւն հարցուպատասխանը կարող է ամբողջովին օգտագործւել ապագայում դատական գործընթացների ժամանակ»,- նշել է Արթուր Խաչատրեանը: