Օ՛Բրայէնի այցը՝ Հայաստան, Ֆիդանի այցը՝ ՌԴ, Ալիեւի այցը՝ Թուրքիա․ ի՞նչ է կատարւում Հայաստանի շուրջ
Մինչ հայաստանեան հասարակութիւնը կենտրոնացած է ներքաղաքական զարգացումների եւ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման վրայ, ուշագրաւ զարգացումներ են տեղի ունենում հարաւկովկասեան ռեգիոնում եւ դրա շուրջ։ Նախօրէին տեղի ունեցաւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի նախապէս չյայտարարւած աշխատանքային այցը Թուրքիա, որի օրակարգը սկսւեց օդանաւակայանում Ալիեւ-Էրդողան հանդիպմամբ այնպէս, ինչպէս օրերս Պուտինի Բելառուս կատարած այցի ժամանակ։ Բնականաբար, հանդիպումն օդանաւակայանում նրանց բուն հանդիպումը չէր։
Թուրքական մամուլի փոխանցմամբ, բանակցութիւնների ընթացքում քննարկւել են բազմաթիւ հարցեր, այդ թւում՝ Հայաստան-Ադրբեջան գործընթացն ու ԼՂ-ից ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացը։
Մինչ Անկարայում բանակցում էին Էրդողանն ու Ալիեւը, Ռուսաստանում էր Թուրքիայի անվտանգութեան ծառայութեան նախկին ղեկավար, ներկայումս ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը, ով ՌԴ-ում հանդիպեց ՌԴ անվտանգութեան խորհրդի քարտուղար Սերգէյ Շոյգուին, ՌԴ արտաքին հետախուզութեան ծառայութեան տնօրէն Սերգէյ Նարիշկինի, իսկ այսօր՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգէյ Լաւրովի հետ։ ՌԴ ԱԳՆ փոխանցմամբ, արտգործնախարարներ Սերգէյ Լաւրովը եւ Հաքան Ֆիդանը BRICS-ի արտգործնախարարների հանդիպման շրջանակում քննարկել են Անդրկովկասում եւ Մերձաւոր Արեւելքում տիրող իրավիճակը։
Սակայն հանդիպումների օրակարգը բաւականին ընդգրկուն էր՝ ոչ բնորոշ պարզապէս արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարին։ Ֆիդան-Նարիշկին հանդիպմանը կողմերը քննարկել են մի շարք հարցեր, այդ թւում` խաղաղութեան պայմանագրի կնքման շուրջ Հայաստանի եւ Ադրբեջանի բանակցութիւնները: Ֆիդան-Շոյգու հանդիպմանը քննարկւել էր ուկրաինական կարգաւորումը, ինչպէս նաեւ Գազայի հատւածում եւ Սիրիայում տիրող իրավիճակը:
Իսկ Հայաստանում էր ԱՄՆ փոխպետքարտուղար Ջէյմզ Օ՛Բրայէնը՝ յայտարարելով, որ ԱՄՆ-ը աջակցում է ՀՀ-Ադրբեջան տեւական խաղաղութեան կնքմանը, ինչպէս նաեւ տնտեսական հնարաւորութիւնների ընդլայնմանը Կենտրոնական Ասիայից մինչեւ Միջերկրական ծով, նկատի ունենալով տարածաշրջանի կապուղիների բացման անհրաժեշտութիւնը, որից ամերիկացի դիւանագէտը խօսում է վերջին ամիսների ընթացքում։
Հայաստանի ու Ադրբեջանի համապատասխան պաշտօնեաների խօսքով, կողմերը մօտ են Խաղաղութեան համաձայնագրի ստորագրմանը։
Օրերս ՀՀ ԱԳՆ-ն նոյնիսկ ակնարկեց, որ այն հնարաւոր է ստորագրել մէկ ամսից։
Ռուս քաղաքական վերլուծաբան Ֆեոդոր Լուկիանովը 168.am-ի հետ զրոյցում ասաց, որ գլոբալ դիմակայութեանը զուգահեռ՝ հետաքրքիր է հետեւել այն փոփոխութիւններին, որոնք տեղի են ունենում յարակից ռեգիոններում։ Վերլուծաբանի կարծիքով, թուրք-ադրբեջանական յարաբերութիւնների բնոյթը եւս փոփոխւում է, Ադրբեջանի դերակատարութիւնը փոխւում է, բնականաբար, որոշ դերակատարների հետաքրքրութիւնն այդ երկրի նկատմամբ եւս փոխւում է, եւ դա անհրաժեշտութիւն է առաջացնում անընդհատ դիրքորոշումներ համաձայնեցնելու համար։
Ըստ նրա՝ Ալիեւ-Էրդողան վերջին հանդիպման օրակարգն իրականում բաւականին ընդլայնւած էր, որը, կարելի է ենթադրել, որ ներառում էր հայ-ադրբեջանական գործընթացն իր բոլոր ճիւղերով, ինչպէս նաեւ աւելի լայն օրակարգ՝ յարաբերութիւններ Ռուսաստանի, Իրանի, BRICS-ի հետ, մերձաւորարեւելեան ռեգիոն։
«ՌԴ-ն աւելի ակտիւ երկխօսութիւն է սկսել Ադրբեջանի հետ, նոր թեմաներ են ի յայտ գալիս, նոր հետաքրքրութիւններ, ինչպէս նոր հիւպատոսութիւնների բացման հարցը Ղարաբաղում, վստահաբար այս հարցը քննարկւել է Ալիեւ-Էրդողան ձեւաչափում, ինչպէս խաղաղապահների ելքի հարցը, Իրանում նախագահական ընտրութիւններն են առջեւում, Մերձաւոր Արեւելքում իրադարձութիւնները բաւականին բուռն են, ինչպէս նաեւ Հարաւային Կովկասը՝ իր բոլոր խնդիրներով, գտնւում են Ալիեւ-Էրդողան քննարկումների սեղանին։ Սրանք բոլորը քննարկման ենթակայ թեմաներ են։ Ինչ վերաբերում է Թուրքիայի ԱԳ նախարարի այցին ՌԴ, ապա այդ այցը եւս պէտք է դիտարկել մի քանի մակարդակում դիրքորոշումները կարեւոր հարցերում համաձայնեցնելուն ուղղւած այց՝ Նարիշկինի, Շոյգուի եւ Լաւրովի մակարդակով։ Կարծում եմ՝ ոչ մի առանձնայատուկ բան, աշխատանքային քննարկումներ են, ինչպէս միշտ, բնականաբար՝ հարցերի շրջանակը եւս ռեգիոնալ է»,- ասաց վերլուծաբանը։
Ինչ վերաբերում է Օ՛Բրայէնի այցին Հայաստան, ապա, Լուկիանովի խօսքով՝ ԱՄՆ-ը իր շահերն ունի Հայաստան-Ադրբեջան խաղաղութեան գործընթացում, որոնք պարզորոշ ներկայացւում են, եւ նպատակը ՌԴ-ին, ինչպէս նաեւ՝ Իրանին «շարժւելու» որեւէ դաշտ թոյլ չտալն է։
«Կարծում եմ՝ այդ այցի նպատակն էր՝ ծանօթանալ ՀՀ-Ադրբեջան գործընթացին, ոգեւորել եւ առաջ մղել գործընթացը, որպէսզի համաձայնեցնումներն արագ տեղի ունենան, իսկ համաձայնագիրն արագ ստորագրւի, տեսնել, թէ ինչ փուլում են կողմերը։ Այս իրադարձութիւնները միմեանց կապող զուտ մէկ իրադարձութիւն չկայ, այլ աշխարհաքաղաքական զարգացումներն են ինտենսիւ, կան գործընթացների համար թրիգերներ, Հարաւային Կովկասի ապագան աշխարհաքաղաքական կենտրոնների տեսանկիւնից կախւած է Ադրբեջան-ՀՀ բանակցութիւնների ապագայից, ուստի, երբ կողմերն աւելի վստահ են խօսում համաձայնագրի ստորագրման մասին, ապա դա հետաքրքիր է գրեթէ բոլորին»,- ասաց Լուկիանովը։