Հայ ԴատՀայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական

Սոցինտերնի խորհրդի բանաձեւը Լեռնային Ղարաբաղի հարցով

Ապահովել ժողովրդի հաւաքական վերադարձը, իրաւունքներն ու անվտանգութիւնը, ՀՀ-ի հետ անխոչընդոտ ցամաքային կապը, կալանաւորւածների ազատ արձակումը

Ս. թ. փետրւարի 24-25-ը Մադրիդում անցկացւեց Սոցիալիստական ինտերնացիոնալի (Սոցինտերն, Ընկերվար միջազգայնական) խորհրդի նիստը, Իսպանիայի սոցիալիստական աշխատաւորական կուսակցութեան (PSOE) կենտրոնատեղիում։

Շուրջ հարիւր երկրներից քաղաքական կուսակցութիւններ համախմբող մոլորակի խոշորագոյն քաղաքական այս կազմակերպութեանը Հ. Յ. Դաշնակցութիւնն անդամակցում է դեռեւս 1907 թ., ՀՅԴ Բիւրոյի նախկին անդամ, ՀՅԴ Հայ Դատի Կենտրոնական խորհրդի անդամ Մարիօ Նալբանդեանը Սոցիալիստական ինտերնացիոնալի փոխնախագահներից է, ով մասնակցել է խորհրդի եւ նախագահութեան նիստերին, եւ ընտրւել է Ֆինանսական ու կազմակերպական հարցերի յանձնաժողովի անդամ։

Սոցինտերնի նախագահ, Իսպանիայի վարչապետ Պեդրօ Սանչեսը կազմակերպութեան նախագահութեան եւ խորհրդի նիստերի իր բացման ելոյթներում ակնարկել է նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին։

Սոցինտերնի նախագահութեան եւ խորհրդի նիստերին, Մարիօ Նալբանդեանը ներկայացրել է Ադրբեջանի ցեղասպանական քայլերով Արցախի էթնիկ զտման հետեւանքով ստեղծւած իրավիճակն ու մարտահրաւէրները, ինչպէս նաեւ Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետութեանն ուղղւած բռնութեան քայլերն ու սպառնալիքներն ու պահանջները։

Սոցինտերնի խորհուրդը որդեգրել է Արցախի հարցով բանաձեւ, որտեղ ասւում է.

Սոցիալիստական Ինտերնացիոնալն աջակցում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցութիւններին՝ ուղղւած խաղաղութեան համաձայնագրի ստորագրմանը։ Տարածաշրջանում խաղաղութեան եւ կայունութեան հաստատմանը նպաստելու համար նման համաձայնութիւն պէտք է ձեռք բերւի առանց ուժի կամ դրա սպառնալիքի կիրառման՝ հիմնւած միջազգային իրաւունքի եւ դիւանագիտական պրակտիկայի վրայ՝ ներառեալ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերջնական քաղաքական կարգաւորմանն ուղղւած միջազգայնօրէն հովանաւորւող խաղաղ գործընթացը եւ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հիմնարար իրաւունքների եւ անվտանգութեան լիարժէք իրացումը իր պապենական տարածքում:

Համաձայն Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հակամարտութեան վերաբերեալ մեր երկարամեայ սկզբունքային քաղաքականութեանը, ինչպէս նաեւ հաշւի առնելով Արդարադատութեան միջազգային դատարանի 2023 թւականի նոյեմբերի 17-ի որոշումը ժամանակաւոր միջոցներ կիրառելու վերաբերեալ, որը Ադրբեջանին պարտաւորեցնում է «ապահովել այն անձանց վերադարձը, ովքեր լքել են Լեռնային Ղարաբաղը 2023 թ․ սեպտեմբերի 19-ից յետոյ եւ ցանկանութիւն ունեն վերադառնալ Լեռնային Ղարաբաղ․ կարող են դա անել անվտանգ, անխոչընդոտ եւ արագ» ինչպէս նաեւ հրաժարւել «ցանկացած գործողութիւնից, որն ուղղակիօրէն կամ անուղղակիօրէն ուղղւած է հայերին Լեռնային Ղարաբաղից տեղահանելուն», մենք կոչ ենք անում՝

  1. Մինչեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերջնական քաղաքական կարգաւորումը եւ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հիմնարար իրաւունքների լիարժէք իրացումը՝ ապահովել ժողովրդի հաւաքական, անկաշկանդ եւ անվտանգ վերադարձը հայրենիք։ Նաեւ՝ Լեռնային Ղարաբաղի համար միջազգային նորմերով երաշխաւորւած միջանկեալ կարգավիճակ ապահովել՝ երաշխաւորելով քաղաքացիական եւ քաղաքական իրաւունքների ամբողջ ծաւալը, տրամադրելով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգութեան արդիւնաւէտ երաշխիքներ, ինչպէս նաեւ Հայաստանի հետ անխոչընդոտ ցամաքային կապ։
  2. Ազատ արձակել ռազմագերիներին եւ կալանաւորւած անձանց։
  3. Տարածաշրջանում տրանսպորտի եւ կապի այլ միջոցները ապաշրջափակել ամբողջական կերպով եւ համաժամանակեայ՝ առանց ինքնիշխանութեան որեւէ սահմանափակման։

Սոցինտերնը պատրաստ է աջակցել այդ գործընթացներին որպէս միջնորդ՝ իր միջոցով եւ իր անդամ կուսակցութիւնների ու կազմակերպութիւնների մասնակցութեամբ:

Սոցինտերնի խորհրդի նիստը նաեւ որոշումներ է կայացրել կազմակերպական հարցերի վերաբերեալ, որդեգրել Մադրիդեան հռչակագիրը։

Ընկերվար միջազգայնականը (Socialist International) ընկերվար-ժողովրդավարական, ընկերվարական եւ աշխատաւորական կուսակցութիւններ համախմբող համաշխարհային կառոյց է։ ՀՅԴ համապատասխան կառոյցները լիիրաւ անդամ են Կանանց ընկերվար միջազգայնականին (SIW) եւ Ընկերվար երիտասարդների միջազգային միութեանը (IUSY)։ ՀՅԴ Երիտասարդականի կողմից Սարինէ Աբրահամեանը IUSY-ի փոխնախագահ է։

ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի Կենտրոնական գրասենեակ
27.02.2024 թ.

Arfd.am

Related Articles

Back to top button