Իրան

Իսլ. յեղափոխութեան առաջնորդ. «Ընտրութիւններին ժողովրդի ակտիւ մասնակցութիւնը ազգային հզօրութեան ցուցիչ է»

«ԱԼԻՔ» – Իսլամական յեղափոխութեան առաջնորդ այաթօլլահ Սէյէդ Ալի Խամենէին, երէկ՝ փետրւարի 28-ին, հանդիպել է նահատակների ընտանիքների եւ առաջին անգամ քւէարկութեան իրաւունք ունեցող երիտասարդների հետ:

Յեղափոխութեան առաջնորդի տեղեկատւական կայքէջի համաձայն, իր ելոյթի ընթացքում այաթ. Խամենէին անդրադառնալով խանդավառ ընտրութիւնների կարեւորութեանը, ասել է. «Եթէ ցանկանամ խօսել խուռներամ մասնակցութեան, խանդավառ եւ հզօր ընտրութիւնների անհրաժեշտութեան մասին, պէտք է նշեմ, որ հզօր եւ խանդավառ ընտրութիւնը՝ երկիրը ճիշտ ղեկավարելու հիմնասիւներից է»: Յեղափոխութեան առաջնորդը ընդգծել է. «Ժողովրդի ներկայութիւնն ընտրութիւններում փաստում է նրա ներկայութիւնը երկրի ղեկավարման կարեւոր ոլորտներում, ինչը երկրի համար հսկայ հարստութիւն է»:

Այաթօլլահ Խամենէին ընտրութիւններին ակտիւ մասնակցութիւնն ազգային հզօրութեան ցուցիչ է բնութագրել, որը երաշխաւորելու է ազգային անվտանգութիւնն ու հիասթափեցնելու է թշնամիներին:

«Ընտրութիւններին ժողովրդի ներկայութիւնը ազգային հզօրութեան ցուցիչ է, ինչը նկատում է թշնամին: Դա մեր ազգային անվտանգութեան երաշխիքն է, եթէ թշնամին զգայ, որ Իրանի ժողովուրդը թոյլ է, մեզ ամէն կերպ սպառնալու է: ԱՄՆ-ը, եւրոպացիների մեծամասնութիւնը, սիոնիստները, կապիտալիստները եւ մեծ ընկերութիւնները, որոնք տարբեր պատճառներով ուշադրութեամբ հետեւում են Իրանի իրադարձութիւններին, ամենաշատը վախենում են ընտրութիւններին ժողովրդի խուռներամ մասնակցութիւնից»,- յստակեցրել է Իսլ. յեղափոխութեան առաջնորդը:

Related Articles

Back to top button