ԻրանՄիջազգայինՔաղաքական

Իրան-Բելառուս յարաբերութիւններ. Ձեռք է բերւել մէկ տարւայ համագործակցութեան ճանապարհային քարտէզի համաձայնութիւն

«ԱԼԻՔ» – ԱԳ նախարար Սէյէդ Աբբաս Արաղչին յայտարարել է, որ Բելառուսի բարձրաստիճան պաշտօնեաների հետ կայացած բանակցութիւնների ընթացքում կողմերը համաձայնութեան են եկել առաջիկայ մէկ տարւայ համագործակցութեան ճանապարհային քարտէզի շուրջ։

Արաղչին այս մասին նշել է Բելառուսի ԱԳ նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում՝ ընդգծելով, որ Իրանի եւ Բելառուսի յարաբերութիւններն անցնում են կայուն եւ դրական զարգացման ուղի։ Նրա խօսքով՝ երկու երկրների կապերը Բելառուսի անկախութեան առաջին տարիներից ի վեր եղել են ջերմ, բարեկամական եւ հիմնւած փոխադարձ շահերի ու յարգանքի վրայ, եւ այդ ընթացքը շարունակւելու է։

Արաղչին նշել է, որ Թեհրանն ու Մինսկը միջազգային եւ տարածաշրջանային բազմաթիւ հարցերում ունեն համընկնող դիրքորոշումներ եւ տարբեր միջազգային կառոյցներում՝ սերտ համագործակցութիւն: Նա նաեւ շնորհակալութիւն է յայտնել բելառուսական կողմին՝ Իսրայէլի եւ ԱՄՆ-ի կողմից Իրանի դէմ իրականացւած ագրեսիան դատապարտելու եւ իրանեան ժողովրդի հետ համերաշխութիւն ու աջակցութիւն յայտնելու համար։

Նա յիշեցրել է անցած տարում Բելառուսի նախագահի այցը Թեհրան եւ այս տարւայ օգոստոսին Իրանի նախագահի այցը Մինսկ՝ դրանք բնութագրելով որպէս երկկողմ յարաբերութիւնների զարգացման կարեւոր հանգրւաններ։

Արտաքին գործերի նախարարի խօսքով՝ Իրանը եւ Բելառուսը համագործակցում են նաեւ Եւրասիական տնտեսական միութեան, Շանհայի համագործակցութեան կազմակերպութեան եւ ԲՐԻԿՍ-ի շրջանակներում՝ նպատակ ունենալով այդ կառոյցների ներուժը ծառայեցնել երկկողմ յարաբերութիւնների խորացմանը։ Նա նշել է, որ երկու երկրներն էլ ենթակայ են Արեւմուտքի կողմից կիրառւող անարդար եւ միակողմանի պատժամիջոցների եւ այդ համատեքստում սերտ համագործակցում են միջազգային հարթակներում՝ միակողմանի հարկադրիչ միջոցների դէմ պայքարի ուղղութեամբ։

Related Articles

Back to top button