Բաղերի Քանի. «Որպէս BRICS-ի անդամ՝ Իրանն ունի ապագայ աշխարհի ուղիները գծելու հնարաւորութիւն»
«ԱԼԻՔ» – «Այսօր Իրանի Իսլամական Հանրապետութիւնը, որպէս BRICS-ի անդամներից մէկը, կարող է այլ տէրութիւնների կողքին, մասնակիցը դառնալ ապագայ աշխարհի ուղիները գծելու գործում,եւ այլեւս այնպէս չի լինելու, որ ապագան որոշեն ուրիշները, իսկ Իրանը միայն փորձի պաշտպանել իր շահերը»: Այս մասին երէկ՝ յունիսի 11-ին, Նիժնի Նովգորոդից հեռանալուց առաջ, լրագրողների հետ զրոյցի ժամանակ յայտարարել է ԱԳ նախարարի ժամանակաւոր պաշտօնակատար Ալի Բաղերի Քանին:
Անդրադառնալով միջազգային յարաբերութիւններում միակողմանիութեան դէմ պայքարի գործում BRICS-ի հնարաւորութիւնների եւ կարողութիւնների մասին, Բաղերի Քանին նշել է, որ BRICS-ի անդամ երկրները հզօր ներուժ ունեն տարածքի, բնակչութեան եւ ռեսուրսների առումով:
Յիշեցնելով, որ BRICS-ի անդամներն աշխարհում էներգիայի ամենախոշոր արտադրողներն ու սպառողներն են, նա ասել է. «Հետեւաբար, հնարաւորութիւնների առումով BRICS-ը նշանակալի հաւաքականութիւն է համաշխարհային մասշտապով»:
Խօսելով BRICS-ի օրակարգայի նպատակի մասին, Բաղերի Քանին ասել է. «Կարեւոր խնդիր է՝ քննարկումը նպատակների սահմանման եւ այն կամքի եւ ուղու մասին, որը որդեգրել է BRICS-ն ապագայ աշխարհի համար, եւ դա այն է, որ BRICS-ը կարծում է, որ միջազգային յարաբերութիւններում ԱՄՆ-ի գլխաւորած միակողմանիութիւնը ոչ միայն չի կարող լուծումներ գտնել առկայ գլոբալ խնդիրների համար, այլեւ՝ Միացեալ Նահանգների մօտեցումներն ու նախաձեռնութիւնները մշտապէս փակուղային իրավիճակ են ստեղծում, եւ իրականում միջազգային իրավիճակն աւել են բարդացնում»:
Ըստ նրա՝ համաշխարհային մակարդակով լաւատեսութիւն է ստեղծւել առ այն, որ BRICS-ը վճռակամօրէն կը կարողանայ ստեղծել այնպիսի աշխարհ, որտեղ իւրաքանչիւր երկիր եւ միջազգային մակարդակի իւրաքանչիւր խաղացող իրաւունք կունենայ իր կարողութիւնների եւ հնարաորութիւնների սահմանում դերակատար լինել միջազգային իրադարձութիւններում: