Հայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական

Մոսկւան շարունակում է օգնել արցախցիներին, իսկ Ալիեւը հրաժարւում է մեկնել ՌԴ

(Ճգնաժամի եւս մէկ փուլ Մոսկւայի եւ Բաքւի յարաբերութիւններում)

ԲԵՆԻԱՄԻՆ ՄԱՏԹԷՈՍԵԱՆ

ՔԱՂԱՔԱԳԷՏ

 

2025 թւականի դեկտեմբերը նշանաւորւեց Մոսկւայի եւ Բաքւի յարաբերութիւններում ճգնաժամի հերթական յստակ դրսեւորմամբ։ Դեկտեմբերի 22-ին Սանկտ Պետերբուրգում կայացած ԱՊՀ ոչ պաշտօնական գագաթնաժողովին Իլհամ Ալիեւի չմասնակցելը, որը պաշտօնապէս բացատրւել է «խիտ աշխատանքային գրաֆիկով», դիւանագիտական իրականութեան մէջ ցուցադրական դեմարշ է թւում։ Նրա բացակայութիւնն ընդգծում է կուտակւած հակասութիւնների խորութիւնը, որոնք դուրս են գալիս արարողակարգային ձեւականութիւնների շրջանակից եւ չէին հարթւել Դուշանբէում երկու առաջնորդների հանդիպման ժամանակ։

Ընթացիկ սրացման գլխաւոր դրդապատճառներից մէկը, եթէ ոչ ամենակարեւորը, դարձաւ նոյնիսկ ոչ թէ Ռուսաստանի՝ TRIPP նախագծին միանալու ցանկութիւնը, այլ տարածաշրջանում ռուսական հումանիտար քաղաքականութեան ակտիւացումը։ «Ռուսաստանը ձեզ հետ է» նախագիծը, որն իրականացւում է «Ռոսսոտրուդնիչեստւոյի» կողմից՝ գործակալութեան ղեկավարի տեղակալ Իգոր Չայկայի գլխաւորութեամբ, պաշտօնապէս երկարաձգւել է մինչեւ 2026 թւականի վերջ (ընդհանուր առմամբ, 2025 թւականի գարնանը Չայկայի նշանակումը դարձաւ Մոսկւայի՝ «փափուկ ուժի» նոր ռազմավարութեանն ու տարածաշրջանում համակարգային ներկայութեանն անցնելու ցուցիչներից մէկը)։

Բաքւում առանձնակի դժգոհութիւն է առաջացնում այն փաստը, որ օգնութիւնն ուղղւած է հէնց Արցախի Հանրապետութիւնից տեղահանւած փախստականներին։ Ադրբեջանական կողմը կտրուկ դէմ է ցանկացած գործունէութեան, որն աջակցում է արցախցիների սուբիեկտայնութեանը։ Պաշտօնական Բաքուն սրանում տեսնում է Մոսկւայի փորձը՝ «վերակենդանացնելու» Ղարաբաղեան հարցը։ Ռուսական կառոյցների կողմից տեղահանւածների անձնական տւեալների հաւաքագրումն ադրբեջանցի փորձագէտների կողմից ընկալւում է որպէս «ապագայ քաղաքական մանիպուլիացիաների» համար բազայի ստեղծում։

Ռուսական հումանիտար ներկայութեան առանցքային գործիքներից մէկը դարձաւ (ԱՆՕ) «Եւրասիայի» գործունէութիւնը, որը «Ռուսական հումանիտար առաքելութեան» հետ համատեղ եւ «Ռոսսոտրուդնիչեստւոյի» աջակցութեամբ օգնութեան լայն ցանց է ծաւալել ողջ Հայաստանում։ Աշխատանքը կրում է ոչ թէ միանգամեայ, այլ խորը համակարգային բնոյթ։ Որպէս ցայտուն օրինակ է ծառայում Հրազդան քաղաքը, որտեղ միայն վերջին շրջանում օգնութիւն է ստացել 350 ընտանիք։ Ծրագրի ընդհանուր ընդգրկւածութիւնն այս պահին տպաւորիչ է. աջակցութիւնը հասել է երկրի տարբեր մարզերի 5730 ընտանիքի։ Սննդի փաթեթների եւ առաջին անհրաժեշտութեան ապրանքների տրամադրումն ուղեկցւում է տեղերում կամաւորական շտաբների աշխատանքով։

Բաքուն սա ընկալում է որպէս «Հայաստանի սոցիալական հիւսւածքում» ամրապնդւելու միջոց, ինչպէս նաեւ որպէս ուղղակի ապացոյց այն բանի, որ Ռուսաստանը մտադիր չէ իր օրակարգից հանել «արցախեան թղթածրարը»։

Հայաստանի Հանրապետութեան համար Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ ճգնաժամի այս փուլն ունի կարեւոր ֆունկցիոնալ նշանակութիւն։ Քանի դեռ Բաքուն դիւանագիտական ռեսուրսները ծախսում է ռուսական հումանիտար նախաձեռնութիւններին հակազդելու վրայ, Երեւանի նկատմամբ ուժային ճնշում գործադրելու նրա հնարաւորութիւնները որոշակիօրէն սահմանափակւում են Մոսկւային հաշւի առնելու անհրաժեշտութեամբ։

Ադրբեջանում յստակ հասկանում են. քանի դեռ գոյութիւն ունի Արցախից տեղահանւածներին ուղղւած համակարգային օգնութիւնը, Արցախի Հանրապետութեան հարցը չի կարող վերջնականապէս փակւած համարւել։ Արցախեան օրակարգի պահպանումը միջազգային եւ տարածաշրջանային օրակարգում, թէկուզ հումանիտար հարթութիւնում, հանդիսանում է Բաքւի տարածքային նկրտումները եւ «Արեւմտեան Ադրբեջան» նախագծի իրականացումը զսպող գործօն։

2025 թւականի վերջին ստեղծւած իրավիճակը պարադոքսալ տեսք ունի.

այն դէպքում, երբ ադրբեջանական իշխանութիւնները փորձում են հայ հասարակութեանը պարտադրել հայելային մօտեցում՝ պահանջելով «ադրբեջանցիների վերադարձ Երեւան եւ Զանգեզուր», Ռուսաստանը՝ «Ռոսսոտրուդնիչեստւոյի» եւ «Եւրասիա» կազմակերպութեան միջոցով, փաստացիօրէն արգելափակում է Արցախի Հանրապետութեան յիշատակումը վերջնականապէս ջնջելու Բաքւի փորձերը։

Երեւանի համար հարեւանների միջեւ ընթացիկ հակամարտութիւնը պարզապէս դիւանագիտական միջադէպ չէ, այլ ռազմավարական հնարաւորութիւնների պատուհան, որը թոյլ է տալիս ապահովել երկրի անվտանգութիւնը՝ յենւելով առանցքային հարեւանների եւ տարածաշրջանային խաղացողների միջեւ աճող հակասութիւնների վրայ։ Սակայն դրա համար հէնց Երեւանին անհրաժեշտ են քաղաքական փոփոխութիւններ…

Մտածէ՛ք այդ մասին…

Alphanews.am

Related Articles

Back to top button