Փաշինեանը հրամայել է իր գեստապոյին ներխուժել Սուրբ Էջմիածնի սրբազան տարածք

Անցած շաբաթ, վերջին ամիսների ընթացքում արդէն երկրորդ անգամ, վարչապետ Նիկոլ Փաշինեանը Սուրբ Էջմիածնի սրբազան տարածք ուղարկեց հարիւրաւոր ոստիկաններ եւ քաղաքացիական հագուստով գաղտնի գործակալներ՝ ներխուժման նպատակով։ Նրանք կոչւած են ծառայելու ժողովրդին, ոչ թէ Փաշինեանի անձնական շահերին։ Նրանք չպէտք է ենթարկւեն անօրինական հրամանների։ Ցաւօք, այժմ Փաշինեանն աւելի շատ ոստիկաններ ունի որպէս անձնական թիկնապահներ, քան զինւորներ՝ Հայաստանի սահմանները պաշտպանելու համար։
Ոստիկանութիւնը կրկին ստիպւած եղաւ նահանջել Էջմիածնից՝ բախւելով մեծ բազմութեան, որը հաւաքւել էր Հայ Առաքելական Եկեղեցին անցանկալի ներխուժումից պաշտպանելու համար։ Մինչ այս պահը հաշւարկը հետեւեալն է․ Եկեղեցի՝ 2, Փաշինեան՝ 0։
Երբ Փաշինեանը 2018 թւականին առաջին անգամ եկաւ իշխանութեան, նա սովորաբար վարչապետի գրասենեակ էր գնում հեծանիւով, միայնակ, առանց թիկնապահների, անվտանգութեան աշխատակիցների եւ ոստիկանութեան։ Սակայն այդ ժամանակից ի վեր, հէնց որ նա մի քայլ է անում նստավայրից դուրս, նրան ուղեկցում են հարիւրաւոր ոստիկաններ։ Նրա անվտանգութեան հանդէպ այս մտահոգութիւնները պայմանաւորւած են նրա ժողովրդականութեան կտրուկ անկմամբ՝ 2018 թւականի 82 տոկոսից մինչեւ այժմ՝ փոքր ինչ աւելի քան 10 տոկոս։ Փաշինեանը մերժում է հրաժարական տալ, քանի որ գիտի՝ պաշտօնից հեռանալուց յետոյ նա պատասխանատւութեան կենթարկւի հարիւրաւոր օրէնքների եւ Սահմանադրութեան խախտումների համար։ Յաջորդ հայրենասէր եւ ձեռնհաս ղեկավարը ստիպւած կը լինի անվաւէր յայտարարել Փաշինեանի բոլոր խոստումները եւ զիջումները Հայաստանի թշնամիներին։
Անցած հինգշաբթի, Հայ Առաքելական Եկեղեցու աւելի քան 10 հազար հաւատաւոր պաշտպաններ, որոնք հաւաքւել էին Էջմիածնում՝ «Յուդա» վանկարկումներով դիմակայեցին ապստամբ եպիսկոպոսներին։ Եկեղեցու հետեւորդները 20:1 յարաբերակցութեամբ գերազանցում էին Փաշինեանի կողմնակիցներին, թէեւ վերջինս հրամայել էր իր համախոհներին, այդ թւում՝ կուսակցութեան անդամներին եւ պետական ծառայողներին, գնալ Էջմիածին։ Քանի որ Հայաստանի բնակչութեան եւ Սփիւռքի աւելի քան 90 տոկոսը Հայ Առաքելական Եկեղեցու անդամներ են, Փաշինեանի փոքրաթիւ կողմնակիցները որեւէ հնարաւորութիւն չունեն նրանց դիմակայելու։ Եկեղեցուն հակադրւելով՝ նա ակամայ հող է նախապատրաստում իր իշխանութեան դէմ աճող շարժման համար՝ վերջապէս արթնացնելով անտարբեր հանրութեանը։
Փաշինեանի քայլերը չափազանց վտանգաւոր են՝ հնարաւոր արիւնալի հետեւանքներով։ Նրա կողմից ուղարկած հարիւրաւոր անվտանգութեան ուժերի եւ շատ աւելի մեծ բազմութեան միջեւ բախումը կարող էր երկուստեք յանգեցնել տասնեակ զոհերի։
Ոչ մի պատճառ չկար, որ Փաշինեանը Էջմիածին ուղարկէր այդքան ոստիկաններ՝ պաշտպանելու փոքրաթիւ ապստամբ եպիսկոպոսներին, որոնք յայտարարել էին, թէ պատրաստւում են գնալ Վեհարան՝ պահանջելու Կաթողիկոսի հրաժարականը: Փաշինեանը կրկին միջամտեց Եկեղեցու ներքին վէճին, ինչը նրա գործը չէ՝ այդպիսով խախտելով Սահմանադրութեան՝ Եկեղեցու եւ պետութեան տարանջատման դրոյթը:
Անցած շաբաթ Կաթողիկոս Գարեգին Երկրորդը հեռացրեց երեք ապստամբ հոգեւորականների Եկեղեցու 21 անդամից բաղկացած Գերագոյն Հոգեւոր խորհրդից։ Իմ կարծիքով, դա բաւարար չէ։ Հայ Առաքելական Եկեղեցին պէտք է անյապաղ կարգալոյծ անի բոլոր 10 ապստամբ եպիսկոպոսներին, քանի որ նրանք խախտել են Եկեղեցու մի շարք կանոններ։ Նրանք չեն կարող եւ չպէտք է մնան Հայ Եկեղեցու հոգեւորականութեան կազմում։ Կարգալոյծ լինելուց յետոյ նրանք կարող են այցելել Էջմիածին որպէս սովորական զբօսաշրջիկներ։
Անհաւատալի է, որ այս ապստամբ հոգեւորականները տասնամեակների ընթացքում առաջին անգամ բողոքում են՝ 26 տարի անց պնդելով, որ Կաթողիկոս Գարեգին Երկրորդը 1999 թւականին ընտրւել է կեղծիքով: Ի՞նչն է նրանց դրդել հիմա արթնանալ եւ բարձրացնել այս հարցը՝ 26 տարի անց: Նրանցից շատերը ներկայ են եղել այդ ընտրութեանը եւ նոյնիսկ քւէարկել են յօգուտ Գարեգին Բ-ի: Այդ ընթացքում նրանք վայելել են իրենց բարձր պաշտօնների հետ կապւած մենաշնորհները՝ որպէս եպիսկոպոսներ, արքեպիսկոպոսներ եւ թեմակալ առաջնորդներ։ Կաթողիկոսին հրաժարական տալու փորձ անելու փոխարէն հէնց ապստամբ եպիսկոպոսներն են, որ պէտք է հրաժարական տան, նախքան կարգալոյծ լինելը:
Այս ապստամբ հոգեւորականները Կաթողիկոսին հակադրւում են միայն հիմա, քանի որ Ազգային անվտանգութեան ծառայութիւնը, Փաշինեանի դրդմամբ, հաւանաբար հանդիպել է նրանցից մի քանիսի հետ եւ սպառնացել հանրայնացնել նրանց անձնական կեանքի գաղտնիքները: Տարօրինակ է, որ մինչ Փաշինեանը յայտարարում է, թէ Կաթողիկոսին ընդդիմանում է բարոյական հիմքերով, իրականում ծրագրում է նրան փոխարինել տասը ապստամբ եպիսկոպոսներից մէկով, որոնցից մի քանիսը շատ աւելի լուրջ յանցանքներ են գործել։ Հայ Առաքելական Եկեղեցին բարեփոխելու փոխարէն Փաշինեանը վնասում է նրան՝ ծրագրելով որպէս փոխարինող բերել անպատեհ մի անձի:
Ակնյայտ է, որ Փաշինեանի նպատակը պարզապէս քաղաքական է՝ յաջորդ տարւայ յունիսին կայանալիք խորհրդարանական ընտրութիւններից առաջ նա փորձում է վերացնել բոլոր նրանց, ովքեր կարող են խոչընդոտել իր վերանշանակմանը որպէս վարչապետ՝ փոխարինելով կամ դատական հետապնդման ենթարկելով իր ընդդիմախօսներին։
Անցած շաբաթ Փաշինեանը յայտարարեց, որ պատրաստ է հանդիպել Կաթողիկոսի հետ, «բայց միայն կաթողիկոսի արժանապատիւ հեռացումը քննարկելու համար»։ Սա այն մօտեցումը չէ, որը կարող է յանգեցնել խաղաղ լուծման։ Կաթողիկոսը կարող է պատասխանել. «Ես կը հանդիպեմ Փաշինեանի հետ միայն նրա հրաժարականի քննարկման համար»։
Ես առաջարկում եմ, որ երկուսը հանդիպեն առանց որեւէ նախապայմանի՝ որքան հնարաւոր է շուտ լուծելու պետութիւն-եկեղեցի հակամարտութիւնը՝ ի շահ թէ՛ պետութեան, թէ՛ եկեղեցու՝ որոնք հայ ազգի երկու հիմնասիւներն են։
ՅԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆԵԱՆ
«Կալիֆորնիա կուրիէր»
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանութիւնը՝ ՌՈՒԶԱՆՆԱ ԱՒԱԳԵԱՆԻ



