Արցախի հիմնախնդիրը կրկին միջազգային օրակարգ բերելու հնարաւորութեան դուռը փակւած չէ
Հայաստանի ԱԳՆ-ն փաստացի չի բացառում Բաքւի հերթական պահանջի կատարումը, այն է՝ Ադրբեջանի հետ համատեղ հանդէս գալ ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու առաջարկով։ «Հայկական կողմը Մինսկի գործընթացի շարունակականութեան հարցը կարող է դիտարկել առաջին հերթին՝ խաղաղութեան պայմանագրի կնքման համատեքստում»,-«Ազատութեանն» ասել են ՀՀ ԱԳՆ-ից։ Իլհամ Ալիեւը Հայաստանի կողմից ՄԽ-ը պահպանելու հնարաւորութիւնը Ադրբեջանի նկատմամբ տարածային նկրտում է համարում, իսկ Փաշինեանի իշխանութիւնը, որն Ադրբեջանի հետ երեւակայական խաղաղութեան է ձգտում, ամենաբարձր մակարդակով յայտարարել է, որ Արցախը Ադրբեջան է, իսկ այսօր արդէն, անուղղակի կերպով ու ԱԳՆ-ի մակարդակով ասում է՝ պատրաստ է դիտարկել երեք տասնամեակ գործած միջնորդական ձեւաչափը, որը միակ ֆորմատն էր Արցախի անկախութիւնն ամրագրելու, լուծարելու հնարաւորութիւնը։
«Մինսկի խմբի հետ կապւած խօսակցութիւններն այն խօսակցութիւններն են, որոնք կարող են լինել խաղաղութեան պայմանագիրը կնքելուց յետոյ: Այսինքն, երբ որ խաղաղութեան պայմանագիր ենք կնքում, իր իմաստն ուղղակի կորում է»,- աւելի վաղ Մինսկի խումբը լուծարելու վերաբերեալ յայտարարել էր ԱԺ նախագահ Ալէն Սիմոնեանը, իսկ նրանից առաջ` դեռ յունիսի 12-ին Նիկոլ Փաշինեանը ԱԺ ամբիոնից ուղղակի կասկածի տակ էր դրել ՄԽ-ի գոյութեան իմաստը։ «ԵԱՀԿ Մինսկի խումբը, ըստ էութեան, մեր իրականութեան մէջ, մեր քաղաքական մտքի համար սրբապատկերի նման մի բան է։ Բայց մենք հասկանում ենք, որ 2022 թւականի փետրւարից ի վեր և նոյնիսկ դրանից առաջ էլ փաստացի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները եւ Մինսկի խմբի անդամները հիմնականում իրար հետ չեն խօսում: Այսինքն՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը, որպէս այդպիսին, դէ ֆակտո գոյութիւն չունի: 2016 թւականից արդէն բանակցային գործընթացի առանցքային կէտերից մէկը եղել է ԼՂ-ում գոյութիւն ունեցող կարգի լուծարումը»,-յայտարարել էր նա:
Դեռ 2020 թւականի պատերազմից առաջ էր Ադրբեջանը սկսել տորպեդահարել Մինսկի խմբի աշխատանքը, որին Բաքուն անգործութեան մէջ էր մեղադրում, ապա բանը հասաւ նրան, որ Ալիեւը համանախագահներին հեգնանքով «թոշակի ուղարկեց»:
Նիկոլ Փաշինեանն իր հերթին կասկածի տակ էր դնում ԵԱՀԿ ՄԽ շրջանակում ընթացած բանակցային գործընթացն ու ժառանգութիւնը՝ յայտնի 3 հիմնարար սկզբունքներով. ուժի չկիրառման, տարածքային ամբողջականութեան եւ ժողովուրդների իրաւահաւասարութեան ու ինքնորոշման։ Այս սկզբունքները փաշինեանական դիւանագիտութիւնը դեռ պատերազմից առաջ փոխարինեց «անվտանգութիւն եւ կարգավիճակ» լղոզած ձեւակերպումով։ Ու թէեւ 44-օրեայ պատերազմից անմիջապէս յետոյ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ԱԳ նախարարները վերահաստատեցին երեք հիմնարար սկզբունքներին իրենց հաւատարմութիւնը, հետագայ պրոցէսները հանգեցրին նրան, որ դիւանագիտական տեքստերից աստիճանաբար դուրս մղւեցին ԼՂ հիմնախնդրի կարգաւորման հիմնաքարային սկզբունքները՝ տեղը զիջելով արդէն զուտ հումանիտար խնդիրներին։
Փաստացի, դեռ մինչեւ 2020 թւականը ՀՀ գործող իշխանութիւնը հետեւողական քաղաքականութեամբ նպաստել էր ադրբեջանական օրակարգին՝ նսեմացնելով ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափի դերն ու նշանակութիւնը, իսկ պատերազմից յետոյ, ինչպէս «Հրապարակ»-ի հետ զրոյցում յիշեցնում է ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արթուր Խաչատրեանը, Ալիեւն ասաց, թէ «ինչպէս պէտք է լուծել հակամարտութիւնը»։
«Մինսկի խորհրդաժողով հրաւիրելու որոշումը կայացւել էր 1992թ Բուդապեշտում եւ այնտեղ պէտք է որոշւեր Լեռնային Ղարաբաղի քաղաքական կարգավիճակը։ Շեշտում եմ՝ Լեռանային Ղարաբաղի քաղաքական կարգավիճակը դեռ չի որոշւել։ Անկախ նրանից, թէ ինչ են ուզում Ադրբեջանն ու ՀՀ իշխանութիւնները՝ ի դէմս Փաշինեանի, երեք հակամարտող կողմ կայ եւ երրորդ հակամարտող կողմը՝ Լեռնային Ղարաբաղը, եւս պէտք է այդ որոշման հետ համաձայն լինի»,-ասում է Խաչատրեանը։
Պատգամաւորը յիշեցնում է վերը մեջբերւած Փաշինեանի յայտարարութիւնը ու ընդգծում՝ դեռ ամիսներ առաջ է նա համաձայնութիւն տւել Ալիեւի պահանջին։ «ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ նա ՔՊ-ական պատգամաւորների տւած հարցին բարձր դերասանական վարպետութեամբ ասում էր՝ իսկ ի՞նչ է Մինսկի խումբը, ու պատասխանում, թէ` Մինսկի խումբն ուղղակի բլեֆ է։ Նա սրանով ցոյց տւեց, որ Հայաստանը ինքն էլ ՄԽ գործունէութեան նկատմամբ վերապահումներ ունի, հետեւաբար, սկզբունքային համաձայնութիւն է տւել Ադրբեջանին, որ, այո՛, Հայաստանը համաձայն է Ադրբեջանի հետ միասին դիմել ՄԽ-ն լուծարելու խնդրանքով։ Սա ադրբեջանական հերթական պահանջի առաջ հերթական խոնարհումն էր»,-ասում է պատգամաւորը՝ անթոյլատրելի համարելով, որ Հայաստանի Հանրապետութիւնը նման գործարքի գնայ Ադրբեջանի հետ, որովհետեւ Ադրբեջանն այս պահանջն առաջադրում է մէկ նպատակով՝ վերջնականապէս փակելու Արցախի հարցը։
«Ադրբեջանը, այո՛, պարտադրում է, որ այդ խումբը լուծարւի մէկ պատճառով՝ իրենք համարում են, որ Ղարաբաղի հարցն արդէն լուծւած է, Ղարաբաղի հարց գոյութիւն չունի, հետեւաբար, ցանկացած ձեւաչափ, որն այդ մանդատով է գործում, այլեւս գոյութիւն ունենալու իրաւունք չունի։ Նրանք դա պարտադրել են այս իշխանութիւններին, որոնք համաձայն են Ադրբեջանի հետ, բայց շեշտում եմ՝ Արցախի Հանրապետութիւնը, Արցախի ժողովուրդն այդ լուծմանը համաձայն չէ, հետեւաբար, եթէ երկու կողմերը համաձայն են, չի նշանակում, որ հարցը պետք է այդպէս լուծւի։ Փուլային, փաթեթային կարգաւորման տարբերակներին էլ է Հակաստանը համաձայն եղել, Ղարաբաղը համաձայն չէր, եւ նոր տարբերակներ սկսեցին մշակել։ Լեռնային Ղարաբաղը Նիկոլ Փաշինեանի գերդաստանի գերեզմանոցը չէ, որ նա որոշի՝ տապանաքար քաշե՞լ, թէ՞ խաչքար դնել։ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ունի իր իրաւունքները՝ ներառեալ քաղաքական իրաւունքները՝ ազատ ինքնորոշւելու, սեփական քաղաքական կարգավիճակը ճշտելու անօտարելի եւ անժամանցելի իրաւունքը: Այնպէս որ, թէ ինչ է ուզում Նիկոլ Փաշինեանը, բացարձակապէս գերակայ չէ, նրա կապրիզը չի կարող գերակայ լինել Արցախի հանրապետութեան ժողովրդի իրաւունքների նկատմամբ»,-շեշտում է ընդդիմադիր պատգամաւորը։
Չնայած նրան, որ ՀՀ օրւա իշխանութիւնը փաստացի գլխիկոր կատարում է Բաքւի պահանջը, Արթուր Խաչատրեանը Արցախի հիմնախնդիրը կրկին միջազգային օրակարգ բերելու հնարաւորութեան դուռը փակւած չի համարում։ Ամէն բան կախւած է արտաքին նպաստաւոր պայմաններից եւ իհարկէ, ՀՀ ապագայ իշխանութիւնների որդեգրած քաղաքականութիւնից։
«Եթէ Հայաստանում լինեն ազգային ուժեր եւ իրավիճակը Եւրոպայի կենտրոնում կարգաւորվի, իհարկէ, այդ հարցը պէտք է վերադարձնել քաղաքական օրակարգ, բայց դրա համար պէտք է արտաքին իրավիճակը բարելաււի, ինչը ՀՀ ուժերից վեր է։ Հայաստանը պէտք է ունենայ ազգային առաջնորդ, որն այս հարցը պատեհ աշխարհաքաղաքական պայմաններ ստեղծւելու դէպքում դարձեալ կըդարձնի օրակարգային եւ կենտրոնական խնդիր, ուստի երբէք չպէտք է համաձայնել Միսկի խորհրդաժողովի լուծարմանը, ընդհակառակը այդ հարցը մշտապէս պէտք է պահել օրակարգում։ Հիմա առաջին խնդիրը պէտք է լինի Արցախի ժողովրդի կոլեկտիւ վերադարձի իրաւունքը։ Փաշինեանին Ալիեւն արգելել է դրա մասին խօսել, բայց դա չի նշանակում, որ մենք բոլորս Հայաստանում եւ Սփիւռքում եւ, ամենակարեւորը՝ Արցախը եւ Արցախի ընտրւած օրինական իշխանութիւնները, այդ հարցը չպէտք է բարձրացնենք»,-ասում է մեր զրուցակիցը։
Արթուր Խաչատրեանը յիշեցնում է Նիկոլ Փաշինեանի յայտարարութիւնն այն մասին, թէ նրան Արցախի ժողովուրդը չի ընտրել, ուստի ինքը չի կարող Արցախի ժողովրդին ներկայացնել։
«Դա, երեւի, իր ասած միակ ճիշտ բանն էր, ինքն իրաւունք չունի Արցախի ժողովրդին ներկայացնել։ Եթէ իրաւունք չունի, թող Ադրբեջանին ասի՝ ես իրաւունք չունեմ Արցախի ժողովրդի անունից խօսել, Ադրբեջա՛ն, ինքդ խօսիր եւ պայմանաւորւիր Արցախի ժոողվրդի եւ ընտրւած օրինական իշխանութիւնների հետ»,-շարունակում է Խաչատրեանը, միեւնույն ժամանակ յիշեցնելով, որ ՀՀ բոլոր նախկին իշխանութիւնները հանդէս են եկել որպէս Արցախի ժողովրդի անվտանգութեան երաշխաւոր ու դա ֆիքսւած է անգամ 2019թ-ին Փաշինեանի իշխանութեան ընդունած ազգային անվտանգութեան ռազմավարութեան մէջ։
«Կրկնում եմ՝ Արցախի Հանրապետութիւնը Նիկոլի սեփականութիւնը չէ եւ նա իրաւունք չունի որոշել՝ արցախցիները որտեղ ապրեն, ինչ կարգավիճակով, որ իրավունքները առաջ մղեն եւ ինչ զիջումների գնան։ Դա Արցախի ժողովրդի անօտարելի ու անանցելի իրաւունքն է»,-եզրափակում է Արթուր Խաչատրեանը։