Բայդէնը փոխել է ԱՄՆ միջուկային ռազմավարութիւնը
«ԱԼԻՔ» – ԱՄՆ նախագահ Ջօ Բայդէնը մարտին գաղտնի կերպով հաւանութիւն է տւել երկրի միջուկային ռազմավարութեան փոփոխութիւններին: Ըստ այդմ, Վաշինգտոնը պէտք է պատրաստ լինի միջուկային զէնք ունեցող երեք երկրների՝ Ռուսաստանի, Չինաստանի եւ Հիւսիսային Կորէայի, այլ՝ ոչ միայն Մոսկւայի, համակարգւած սպառնալիքին: Բացայայտել է The New York Times հեղինակաւոր պարբերականը, որը սակայն չի նշել իր աղբիւրը։
Պարբերականը պնդում է, որ «Միջուկային զէնքի կիրառման հրահանգը» (Nuclear Employment Guidance) այնքան գաղտնի է, որ դրանց էլեկտրոնային պատճէնները ստեղծել արգելւում է, դրանք գոյութիւն ունեն միայն սահմանափակ թւով թղթային օրինակներում:
«Սակայն ռազմավարութեան փոփոխութիւնների մասին հպանցիկ կերպով յիշատակւում է վարչակազմի ոչ այնքան բարձրաստիճան պաշտօնեաների վերջին երկու ելոյթներում»,- գրում է The New York Times-ը։ Նշւում է, որ նրանց յատուկ լիազօրել են բարձրաձայն արտասանել այդ արտայայտութիւնները։
Այսպէս, յունիսին Ազգային անվտանգութեան խորհրդի տնօրէն Պրանայ Վադդին ասել է, որ նոր ռազմավարութիւնը «շեշտը դնում է Ռուսաստանի, Չինաստանի եւ Հիւսիսային Կորէայի համաժամանակեայ զսպման անհրաժեշտութեան վրայ»։
«Ակնկալւում է, որ մինչեւ իր նախագահութեան աւարտը՝ 2025 թւականի յունւարի 20-ը, Բայդէնը ոչ գաղտնի ծանուցում կուղարկի Կոնգրեսին ռազմավարութեան փոփոխութեան մասին, եւ այն աւելի մանրամասն կը լինի, քան այն, ինչ բացայայտել են այս նախկին կամ ներկայ պաշտօնեաները»,- գրում է The New York Times-ը։
Պարբերականը յիշեցրել է, որ 1940-ականներից ի վեր ամերիկեան միջուկային ռազմավարութեան հիմնական կիզակենտրոնը Խորհրդային Միութեան եւ Ռուսաստանի սպառնալիքներն էին:
Դա միակ երկիրն էր, որն ունէր ԱՄՆ-ի հետ համեմատելի միջուկային զինանոց, եւ ռիսկը, որ միւս միջուկային տէրութիւնները կը համակարգեն ԽՍՀՄ-ի հետ Միացեալ Նահանգների առճակատման ժամանակ, գնահատւում էր որպէս ցածր։
Սակայն վերջին տարիներին Չինաստանը եւ Հիւսիսային Կորէան սկսել են սրընթաց կերպով աւելացնել միջուկային զէնքի իրենց պաշարները։ Միեւնոյն ժամանակ, նրանք այդ սպառազինութիւնը սահմանափակելու շուրջ չեն ցանկանում բանակցութիւնների մէջ մտնել: Միջուկային զէնքի վերահսկման միջազգային ռեժիմը վերջին տարիներին արդէն փլուզւում է։
Այս երկրների մարտագլխիկների քանակի մասին հաշւետւութեան մեխանիզմներ չկան, սակայն Պենտագոնը հաշւարկել է, որ Չինաստանը մինչեւ 2030 թւականը կունենայ 1000 միջուկային մարտագլխիկ, իսկ մինչեւ 2035 թւականը՝ 1500, ինչը մօտ է թւին, որոնք առկայ են Միացեալ Նահանգների եւ Ռուսաստանի զինանոցում:
Աղբիւրները The New York Times-ին պատմել են, որ Չինաստանը, ամենայն հաւանականութեամբ, նոյնիսկ գերազանցում է այդ ժամանակացոյցը: Հիւսիսային Կորէան, ըստ ամերիկեան հաշւարկների՝ ներկայ պահին մօտ 60 միջուկային մարտագլխիկ ունի։