ԻրանՄիջազգայինՔաղաքական

Լարիջանի. «Ասադին եւ Բըրիին եմ փոխանցել Իսլ. յեղափոխութեան առաջնորդի պատգամները»

«ԱԼԻՔ» – Լիբանանեան Al Mayadeen հեռուստաալիքին տւած հարցազրոյցում, Իսլ. յեղափոխութեան առաջնորդի խորհրդական Ալի Լարիջանին անդրադառնալով Սիրիա եւ Լիբանան կատարած իր այցին, նշել է, որ Իսլ. յեղափոխութեան առաջնորդի յատուկ պատգամաներն է փոխանցել Սիրիայի նախագահ Բաշշար Ասադին եւ Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրիին:

Լարիջանին նշել է, որ իր ներկայութիւնը Սիրիայում եւ Լիբանանում, այս երկրներին զօրակցելու նպատակով է:

Ի պատասխան Նեթանիահուի՝ նոր Մերձաւոր Արեւելք ստեղծելու ջանքերի մասին հարցին, Իսլ. յեղափոխութեան առաջնորդի խորհրդականն ասել է. «Նախկինում ԱՄՆ պետքարտուղարը շատ էր ձգտում նոր Մերձաւոր Արեւելքի, բայց ի վերջոյ ամերիկացիները մեծ գումարներ ծախսելուց յետոյ ճողոպրեցին: Իսկ հիմա Նեթանիահուն յոյսը դնում է նոյն ԱՄՆ-ի վրայ, սակայն այս հարցում կարեւորը նոր Մերձաւոր Արեւելք գծելու դաշտն ու հնարաւորութիւնն է»:

Al Mayadeen-ն անդրադարձել է նաեւ Բէյրութում կայացած մամլոյ ասուլիսի ընթացքում Լարիջանիի այն յայտարարութեանը, թէ պաշտօնական Թեհրանը պաշտպանելու է Լիբանանի եւ Դիմադրութեան շարժման ցանկացած որոշում. «Սա նշանակու՞մ է, որ Իրանը չի՞ միջամտում հրադադարի հարցերին»,- հարցրել է լրագրողը: «Կարծում եմ, որ Դիմադրութեան շարժումը հասուն մտածողութիւն ունի եւ որեւէ մէկի խորհրդի կարիքը չունի: Ինչ-որ մէկի հարցին ի պատասխան, ում հարցն ունէր նման իմաստը, ես այսպէս պատասխանեցի: Ասուլիսում յստակ ասացի, որ Իրանը աջակցում է Դիմադրութեան շարժման իւրաքանչիւր որոշմանը»,- յստակեցրել է Լարիջանին:

Իսլ. յեղափոխոխութեան առաջնորդը նշել է, որ ծանօթ է հրադադարի ռեժիմի կայացման վերաբերեալ ԱՄՆ-ի ներկայացրած նախագծին: Ըստ նրա՝ այդ նախագծում կան դրական կէտեր, որոնց շուրջ հնարաւոր է համաձայնութեան գալ, եթէ, իհարկէ, ԱՄՆ-ն յարգի պայմանաւորւածութիւնները: Միեւնոյն ժամանակ Լարիջանին յիշեցրել է նաեւ, որ ներկայացւած նախագծում կան նաեւ բազմաթիւ վիճահարոյց հարցեր, որոնք յաւելեալ քննարկում են պահանջում. «Իհարկէ սա վերաբերում է Լիաբանանի կառավարութեանը»,- պարզաբանել է նա:

Ալի Լարիջանին պատասխանել է նաեւ Թրամփի յաղթանակից յետոյ, պատերազմում մօտալուտ յաղթանակի, ՀԱՄԱՍ-ի ոչնչացման եւ Դիմադրութեան շարժման ու «Հեզբօլլահ»-ի դիրքերի կտրուկ թուլացման վերաբերեալ Սիոնիստական ռեժիմի յոխորտանքների մասին լրագրողի հարցին. «Այո, կարող են սին պատրանքներ ունենալ, բայց դա կիրագործւի՞ եւ ի՞նչ միջոցով: Արդէն նշել եմ, որ այս նոյն ամերիկացիները մեծ գումարներ ծախսեցին, բայց ի վերջոյ ճողոպրեցին: Ի՞նչ են արել նրանք մինչ այժմ։ Նեթանեահուն յոյսը դնում է նոյն այս ամերիկացիների վրայ»:

Նա ընդգծել է, որ չի կասկածում, որ այս պատերազմում վերջիվերջոյ յաղթելու են պաղեստինցիներն ու Դիմադրութեան շարժումը. «Այս պատերազմը ծնունդ է տւել վճռակամ ու համառ մարդկանց, որոնց սրտերում եւ հոգիներում հազարաւոր Եահեայ Սինւար կայ: Մարդը, ում հարազատներին սպանել է Իսրայէլը, այլեւս նորմալ կեանք չունի եւ վրէժ է փնտրում։ Սա է պատերազմի ողջ իրականութիւնը: Պաղեստինի ժողովուրդը համբերատար ժողովուրդ է, լիբանանցիները նոյնպէս ցոյց տւեցին, որ ռացիոնալ են եւ ունեն խորը գիտելիքներ»,- եզրափակել է Լարիջանին:

Յիշեցնենք, որ Ալի Լարիջանին նոյեմբերի 14-ին եւ 15-ին այցելել է Լիբանան եւ Սիրիա:

Ինչպէս արդէն նշեցինք այցերի ընթացքում նա Սիրիայի նախագահաին եւ Լիբանանի խորհրդարանի նախագահին է փոխանցել Իսլ. յեղափոխութեան առաջնորդի յատուկ պատգամաներ, որոնց բովանդակութեան մասին որեւէ տեղեկատւութիւն չի հրապարակւել:

Related Articles

Back to top button