Նա պատմութիւն էր սովորեցնում, իսկ հիմա պատմութիւնը լռում է նրա մասին

«ԱԼԻՔ» – Արցախցի Ալմաստ Կ. Եսայեանը գրում է.
«Բաքւի բանտում բոլորին դժւար յիշենք անուն ազգանունով, մանաւանդ եթէ Արցախի միայն անունն ենք իմանում, քարտէզի վրայ տեղն էլ չգիտենք։
Նկարում Դաւիթն է Իշխանեան, ով այժմ կանգնած է Բաքւի դատարանում եւ մեղադրւում է նրա համար, որ հայ է հեչ հերիք, հետն էլ՝ Արցախից։
Ընկեր Իշխանեանի նման հայոց պատմութիւն իմացող դեռ չեմ հանդիպել ես, իմ ուսուցիչն է, ով այնպէս է պատմել Արշակունեաց դինաստիայի մասին, որ կարող եմ իր պատմած դասը հիմա էլ վերարտադրել։ Համեստութեամբ եւ հանդարտ բնաւորութեամբ կարող էր մի ամբողջ դպրոց զգաստացնել այնպէս, որ ճանճի տզզոցն անգամ չի լսւի։ Էդպիսինն էին մեր դասերը դպրոցում, այն դպրոցում, որը վերանորոգւել էր իր ջանքերով։
Երկու տարի դպրոց չէի յաճախել, տեղաշարժւելու սահմանափակումներ ունէի, եւ ուսուցիչները մեր տուն էին գալիս՝ դասաւանդելու։ Երբ սկսեցի դպրոց յաճախել՝ Ընկեր Իշխանեանը արդէն տնօրէնն էր դպրոցի։ Հինգերորդ դասարանի աշակերտ էի, բնոյթով այնպիսին, որ դասարանում ինչ կատարւէր ինձ էին մեղադրում։ Մեր դասարանն էլ հէնց տնօրէնի սենեակի կողքին էր։ Դպրոցում շատ լուրջ էր դրւած հագուստի հարցը՝ սեւ եւ սպիտակ, աղջիկներին տաբատ չէր կարելի ոչ մի դէպքում։
Քանի որ ես կողքի գիւղից մօտ 3 կմ քայլում էի դպրոց գալու համար, եւ հաշւի առնելով, որ նախորդ երկու տարին դպրոց չեմ յաճախել՝ ոտքերիս խնդրի պատճառով, որոշում եմ, որ ինձ կարելի է տաբատ հագնել։ Ուսուցիչներին բացատրում եմ հագուստիս ոչ դպրոցական լինելու պատճառը, բայց պատմութեան օրերին չէի համարձակւում հագնել։
Յիշում եմ, մի անձրեւոտ օր էր, անձրեւն էլ մեր գիւղում որ սկսւում էր, մէկ էլ յաջորդ ամիս էր կտրւում, մտայ դպրոց, սիրուն ծալեցի անձրեւանոցս ու աչքս ընկաւ աստիճանների վրայ կանգնած ընկեր Իշխանեանին։ Փախչելու տեղ չկար, պէտք է խելօք գայի ու աստիճանների տակ մի փոքր անկիւնում հանէի ցեխոտ կօշիկներն ու հագնէի դպրոցի համար նախատեսւած մաքուր կօշիկները։
-Ինչո՞ւ ես տաբատ հագել դպրոցում,- հարցրեց։
-Ինձ մրսել չի կարելի,- պատասխանը գրպանս դրած էր։
– Ոչ մէկին էլ մրսել չի կարելի։
Անցել են տարիներ, բայց ընկեր Իշխանեանի խօսքը յիշում եմ ամէն ցուրտ եղանակի։ Հիմա առաւել քան երբեւէ։ Տեսնես ինքը մրսու՞մ է հիմա, իր հետ նաեւ մնացած գերիները, տեսնես սովա՞ծ են։ Ինչ որ տեղը ցաւո՞ւմ է, շա՞տ են նեղացնում բանտում։ Չկա՞յ արդեօք այս զարգացած դարում մի ուժ, որ կարողանայ այս բացայայտ անարդարութեանը վերջ տայ»։ Այս մասին հաղորդել է yerkir.am-ը: