Վիտալի Մանգասարեան. «Ադրբեջանը պատրաստւում է պատերազմի»
Շատերին թւում է՝ մարտական գործողութիւնները հնարաւոր է լինեն միայն առաջնագծում, այլ նախադէպեր կան
Մօտ 1 շաբաթ է՝ Կուրսկում բարդ իրավիճակ է այն բանից յետոյ, երբ ուկրաինական ուժերը ներխուժել էին հակառակորդի՝ ՌԴ տարածք: Կուրսկի մարզի տարածք հակառակորդի ներթափանցման խորութիւնը կազմում է 12 կմ., ճակատային լայնութիւնը՝ 40 կմ., երէկւայ դրութեամբ Ուկրաինայի զինւած ուժերի վերահսկողութեան տակ է գտնւում 28 բնակավայր։
Ուկրաինական տարբեր շրջանակներ յայտարարել են, որ Ուկրաինան երկու ընտրութիւն ունէր՝ կա՛մ կապիտուլիացիա, կա՛մ պատերազմը տեղափոխել հակառակորդի տարածք, ինչն արել են, որպէսզի բանակցային դիրքերն ամրապնդեն:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր հերթին յայտարարել է, որ Կիեւն իր «արեւմտեան տէրերի» օգնութեամբ ձգտում է «ապագայում բարելաւել իր բանակցային դիրքերը»՝ յարձակւելով ռուսական տարածքի վրայ՝ «ինչի՞ մասին կարելի է ընդհանրապէս խօսել նրանց հետ»: Ռուսաստանի ղեկավարը երկրի պաշտպանական գերատեսչութեան առջեւ խնդիր է դրել՝ հակառակորդին դուրս մղել ՌԴ տարածքից:
Միաժամանակ, ռուսական լրատւամիջոցների հաղորդմամբ, Պուտինը որոշել է, որ հէնց իր օգնական, գեներալ-գնդապետ Ալեքսէյ Դիւմինը պէտք է կոորդինացնի Կուրսկի շրջանում ՌԴ հակաահաբեկչական գործողութիւնները:
Ի՞նչ զարգացումներ սպասել, այս եւ այլ հարցերի շուրջ 168.am-ը զրուցել է «Յենակէտ» վերլուծական կենտրոնի ղեկավար, ռազմական փորձագէտ Վիտալի Մանգասարեանի հետ:
– Կարծում եմ, ռուս-ուկրաինական պատերազմը որոշակի իմաստով տրանսֆորմացիայի է ենթարկւում, եւ առաջին հայեացքից կարող է թւալ, որ ուկրաինական կողմը լուրջ յաջողութիւններ է գրանցում Կուրսկի շրջանում։
Նշեմ, որ յարձակման անցած ուկրաինական ստորաբաժանումները բաւականին պատրաստւած եւ «կահաւորւած» են, եւ նրանց զգալի մասն ամիսներ շարունակ վերապատրաստում են անցել եւրոպական տարբեր երկրներում։
Անկախ այս հանգամանքից՝ ուկրաինական ստորաբաժանումները շատ չեն կարողանալու խորանալ ՌԴ թիկունք, քանի որ այդ դէպքում թիկունքային ապահովման լուրջ խնդիր կունենան։
Ամէն դէպքում փաստ է՝ նրանց յաջողւել է փոքր ուժերով ճեղքել սահմանը եւ ներթափանցել թիկունք՝ այդպիսով խնդիրներ ստեղծելով ՌԴ ԶՈՒ գլխաւոր շտաբի համար։
Արձանագրենք նաեւ, որ պաշտօնական Մոսկւան երկրի այդ հատւածներում հակաահաբեկչական ռեժիմ է սահմանել, եւ հետեւելով ՌԴ պաշտօնական հաղորդագրութիւններին եւ մասնաւորապէս նախագահ Պուտինի յայտարարութեանը՝ կարելի է եզրակացնել, որ Մոսկւան ամենակոշտ քայլերի է դիմելու՝ ընդհուպ մինչեւ հարւածներ է հասցնելու Ուկրաինայի թիկունքում գտնւող պետական օբիեկտներին, կառավարման հանգոյցներին եւ այլն։
Այս համատեքստում շատ է քննարկւում այն հարցը, թէ արդեօք Ռուսաստանը տակտիկական միջուկային զէնք կը կիրառի՞, թէ՞ ոչ։ Այստեղ ուզում եմ յիշեցնել տարիներ առաջ Պուտինի կողմից արած այն յայտարարութիւնը, որտեղ նա յստակ ասում էր՝ աշխարհում միջուկային զէնքի կիրառման հաշիւը 1-0 է, եւ այդ «մրցավազքում» դեռ յաղթում է ԱՄՆ-ը, եւ ոչ մի բան չի խանգարում, որպէսզի այդ հաշիւը հաւասարւի։
– Այս իրավիճակում, հայ-ուկրաինական հակամարտութեան համատեքստում Հայաստանն ի՞նչ դիրք պէտք է որդեգրի, թէպէտ որոշակի չէզոքութիւն աւելի վաղ խախտւել է:
– Կարծում եմ, այս փուլում հայկական կողմն այդ հարցում հնարաւորինս չէզոքութիւն պէտք է պահպանի։ Հայաստանի ցանկացած բարձրաստիճան պաշտօնեայ պէտք է մտածւած եւ հաւասարակշռւած մօտենայ հարցին, ինչը, ցաւօք սրտի, շատ դէպքերում նկատելի չէ։
Օրինակ` ԱԺ պաշտպանութեան եւ անվտանգութեան հարցերով մշտական յանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարեանը, մեկնաբանելով ուկրաինական զինւած ստորաբաժանումների՝ ՌԴ ներխուժման փաստը, օրեր առաջ յայտարարել էր, որ ուկրաինական զօրքերը կարող են յայտնւել նաեւ Մոսկւայում, եւ այդ ամէնը համեմատել էր 2002 թւականի «Նորդ Օստ»-ի յայտնի ահաբեկչական գործողութեան հետ, որն այդ տարիներին աշխարհի բոլոր պետութիւնների կողմից դատապարտւել է։ Նմանօրինակ յայտարարութիւնները, ինչպէս նշեցի, առնւազն այս փուլում ՀՀ շահերից չեն բխում։
– Ի դէպ, Ռուսաստանի պաշտպանութեան նախարարը ռուս-ուկրաինական պատերազմի համատեքստում յայտարարել է, որ Ռուսաստանը զինւած դիմադրութեան մէջ է Արեւմուտքի հետ, եւ նշել այդ պատերազմում յաղթելու 4 նախապայման. ՌԴ բանակի ժամանակակից սպառազինութեամբ, յատկապէս գերճշգրիտ զէնքով զինում, մարտական գործողութիւնների վարման նոր տակտիկական հնարքների կիրառում, այդ թւում՝ անօդաչու թռչող համակարգերի եւ ռոբոտացւած համալիրների, արդիւնաւէտ կառավարման համակարգի ստեղծում եւ ռազմական կադրերի մշտական կատարելագործում: Նոր պատերազմից չապահովագրւած ՀՀ բանակն ի՞նչ խնդիր ունի:
– ՀՀ ԶՈՒ տեսանելի եւ անտեսանելի խնդիրները, ցաւօք սրտի, շատ են՝ սկսած կառավարման համակարգի կոմպետենտութիւնից, վերջացրած ԶՈՒ ստորաբաժանումների առջեւ դրւած խնդիրներով։ Ինչքան էլ իշխանութեան տարբեր դէմքեր խօսեն բանակի բարեփոխումների եւ այս կամ այն երկրներից զէնքեր գնելու մասին, միեւնոյն է, խնդիրները շարունակում են չլուծւած մնալ, կամ լաւագոյն դէպքում՝ կիսատ լուծում են ստանում։
Երկար ժամանակով ստրատեգիական կարեւոր նշանակութիւն ունեցող պաշտօնները մնում են թափուր, օրինակ, հէնց այս պահին ԶՈՒ ԳՇ առաջին տեղակալի կարեւորագոյն պաշտօնը թափուր է։
Մոբ ռեսուրսների ներգրաւմամբ զօրավարժութիւններ չեն իրականացւում, ինչը շատ կարեւոր է, յատկապէս այն պարագայում, երբ ԶՈՒ-ն ձեռք է բերում նոր զինատեսակներ, եւ այդ ամէնը ներդաշնակելու, անձնակազմին մարտականին մօտ պայմաններում կիրառելու խնդիր կայ։
– Այսօրւայ աշխարհաքաղաքական եւ անվտանգային մարտահրաւէրների պայմաններում Հայաստան-Ադրբեջան էսկալացիա հնարաւո՞ր է, եթէ ոչ՝ ի՞նչ տեսակ գործողութիւն սպասել:
– Ակնյայտ է, որ Ադրբեջանը մեծ քայլերով պատրաստւում է պատերազմի, դրա մասին են վկայում թէ՛ նրանց կողմից պարբերաբար անցկացւող զօրավարժութիւնների սցենարների ուսումնասիրութիւնը, թէ՛ տեղեկատւական դաշտում նրանց կողմից առաջ քաշւած թէզերի վերլուծութիւնը։
Շատերին թւում է, թէ մարտական գործողութիւնները հնարաւոր է լինեն միայն առաջնագծում, մինչդեռ մերօրեայ իրականութեան մէջ բազմաթիւ են նախադէպերը, երբ հակամարտող կողմերը ռազմական թիրախներ եւ ենթակառուցւածքներ են խոցում հէնց հակառակորդի թիկունքում, եւ աշխարհը, մեծ հաշւով, լուռ է մնում այդ ժամանակ։
Այդօրինակ սցենարներին պետական կառավարման ողջ համակարգը պէտք է պատրաստ լինի՝ սկսած ուժային կառոյցներից, վերջացրած ՏԻՄ ղեկավարներով։ Ցաւօք սրտի, ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարութեան կողմից այդ վտանգները կա՛մ անուշադրութեան են մատնւած, կա՛մ էլ համապատասխան գիտակցումը բացակայում է։
– Այս օրերին դարձեալ ակտիւացել են խօսակցութիւնները եւ կանխատեսումները՝ արդեօք Իրանը լայնամասշտաբ գործողութեան կը գնա՞յ Իսրայէլի դէմ, կամ՝ պատասխան հուժկու հարւած կը հասցնի՞, ինչը չի կարող չմտահոգել Հայաստանին: Բայց Ադրբեջանն իր վախերն ունի. մի կողմից՝ Իրանի հետ յարաբերութիւնները չփչացնելու խնդիր ունի, միւս կողմից՝ Իսրայէլի հետ ռազմավարական յարաբերութիւններ եւ մարելու պարտքեր:
– Երբ յուլիսի 31-ին Թեհրանում սպանւեց ՀԱՄԱՍ շարժման քաղաքական բիւրոյի ղեկավար Իսմայիլ Հանիէն, շատերը մտածում էին, որ Իրանը հէնց այդ նոյն օրը հուժկու պատասխան հարւած կը հասցնի իր դարաւոր թշնամի Իսրայէլին։
Այս կոնտեքստում կը ցանկանայի մի քանի դիտարկում անել։ Առաջին, Իրանն էմոցիոնալ ու չհաշւարկւած քայլեր կատարելուց շատ հեռու է, երկրորդ՝ պակաս կարեւոր չէ այն, որ Իրանում նոր կառավարութիւն է ձեւաւորւում, ինչն օբիեկտիւօրէն որոշակի ժամանակ է պահանջում։ Այս ընթացքում Իրանը նաեւ իր դիւանագիտական դիրքերն է փորձում բարելաւել եւ իր թշնամիների հնարաւոր դաշնակիցներից եկող վտանգը չէզոքացնել։
Գաղտնիք չէ, որ մեր տարածաշրջանում Իսրայէլի դաշնակիցն Ադրբեջանն է, որի տարածքում այս կամ այն պատրւակի տակ տեղակայւած են իսրայէլական ստորաբաժանումներ, որոնց հիմնական նպատակն Իրանի դէմ աշխատելն է։
Շատ մեծ հաւանականութեամբ, ՀԱՄԱՍ-ի առաջնորդի սպանութեան գործում հէնց ադրբեջանական տարածքից որոշակի գործողութիւնների եւ միջոցառումների շարք է իրականացւել, ինչի մասին իրանական համապատասխան ծառայութիւնները, համոզւած եմ, տեղեակ են:
Ադրբեջանում տեղակայւած իսրայէլական ստորաբաժանումների առկայութեան փաստն օրերս հաստատւեց հէնց իսրայէլական կողմից, երբ տեղեկութիւն տարածւեց, որ Իսրայէլն արգելել է իր զինւորականներին մնալ Ադրբեջանում Իրանի հնարաւոր հարւածների սպառնալիքի պատճառով։
Այս ամէնի մասին, բնականաբար, Թեհրանում տեղեակ են, սակայն այս փուլում նրանց շահերից չի բխում Ադրբեջանի հետ առճակատման գնալ, եւ տարբեր լծակներով փորձում են ազդել Բաքւի վրայ: Եւ ՌԴ անվտանգութեան խորհրդի նախագահ Շոյգուն հէնց այդ հարցով էր Իրանից մեկնել Բաքու, որպէսզի Բաքւին տեղեկացնի հնարաւոր վտագների եւ հետեւանքների մասին։
Բազմիցս խօսել եմ, որ Ադրբեջանը՝ 2020 թւականի Արցախեան պատերազմի արդիւնքներով պայմանաւորւած, Իսրայէլին պարտք է, եւ այդ պարտքն ինչ-որ կերպ պէտք է մարւի։ Հնարաւոր է՝ Ադրբեջանը համարում է, որ ՀԱՄԱՍ-ի առաջնորդի սպանութեան գործում իր անուղղակի մասնակցութեամբ այդ պարտքի առնւազն մեծ մասը մարւել է, եւ յատկապէս Շոյգուի այցից յետոյ տրամագծօրէն հակառակ որոշումներ սկսի կայացնել։
Դրա մասին են խօսում նաեւ Բաքւից հնչող ջղաձիգ այն թէզերը, թէ իբր Ադրբեջանի տարածքում իսրայէլական զօրքեր չկան:
Զրոյցը՝ ՄԱՐԻԱՄ ՊԵՏՐՈՍԵԱՆԻ