Հայաստան - ԱրցախՔաղաքական

Ի՞նչ կարող է անել ՀՀ-ն՝ հասնելու Ադրբեջանում պահւող հայ գերիների ազատ արձակմանը. Ռուբէն Վարդանեանի փաստաբանի գրառումը

«ԱԼԻՔ» – Ռուբէն Վարդանեանի ընտանիքի միջազգային խորհրդատու Ջարեդ Գենսերը գրառում է կատարել Х- ում ՝ նշել, որ  շնորհակալ է, որ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյեանը եւ ՀՀ ԱԳՆ-ն հանդէս են եկել իր պաշտպանեալի՝ Ռուբէն Վարդանեանի, եւ Ադրբեջանում պահւող միւս հայ քրիստոնեայ քաղաքական բանտարկեալների եւ գերիների ազատութեան համար. «Սա շատ կարեւոր էր։ Վարչապետ Նիկոլ Փաշինեանը կարող է շատ աւելին անել՝ դա իրականացնելու համար։ Մենք աղօթում ենք եւ խնդրում նրա օգնութիւնն ու աջակցութիւնը»:

Նա նաեւ հրապարակմանը կցել է տեքստը:

«Չնայած Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ դիւանագիտական յարաբերութիւնների բացակայութեանը, ի՞նչ կարող է անել Հայաստանը՝ հասնելու Ադրբեջանում պահւող հայ քաղբանտարկեալների եւ գերիների ազատ արձակմանը:

Շատերը հարցնում են, թէ ինչպէս կարող է Հայաստանն օգնել Ադրբեջանում կալանաւորւած հայ քրիստոնեաների ազատ արձակմանը՝ հաշւի առնելով այն, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ չկան դիւանագիտական յարաբերութիւններ: Իրականում, վարչապետ Նիկոլ Փաշինեանը եւ ԱԳ նախարար Արարատ Միրզոյեանը կարող են շատ աւելին անել.

* Հանրային յայտարարութիւններ եւ հանրային դիւանագիտութիւն.

Վարչապետ Փաշինեանը կարող է արտգործնախարարի եւ ԱԳՆ յայտարարութիւնների վրայ հիմնւելով՝  հրապարակային յայտարարութիւն տարածել, որում կասւի, որ Ադրբեջանի կողմից քաղբանտարկեալների եւ գերիների ազատ արձակումը առաջնահերթ նշանակութեան խնդիր է, որ նրանց կալանաւորումը քաղաքական դրդապատճառներ ունի, եւ նրանք պէտք է անյապաղ եւ անվերապահօրէն ազատ արձակւեն։ Վարչապետը կարող է մամուլի ասուլիս հրաւիրել՝ քննարկելու այս բոլոր հարցերը, խոշորագոյն լրատւամիջոցներից մէկում յօդւած հրապարակել, հանդէս գալ բոլոր այն դէպքերում, երբ կարեւոր զարգացումներ են լինում։

* Աջակցութիւն ընտանիքներին.

 Ե՛ւ վարչապետը, ե՛ւ արտգործնախարարը կարող են հանդիպել քաղբանտարկեալների եւ գերիների ընտանիքների հետ՝ իրենց համերաշխութիւնը յայտնելու նրանց։ Նրանք կարող են նաեւ Կարմիր Խաչի միջազգային կոմիտէին եւ Եւրոպայում անվտանգութեան եւ համագործակցութեան կազմակերպութեանը (ԵԱՀԿ) խնդրել՝ դիտորդներ ուղարկել Ռուբէն Վարդանեանի եւ միւսների դատավարութիւններին: Նրանք կարող են նաեւ խնդրել իրենց բոլոր դաշնակիցներին, որոնք Բաքւում դեսպանութիւններ ունեն, դիտորդներ ուղարկել դատավարութեանը: Նրանք կարող էին նոյնիսկ խնդրել Ադրբեջանին, չնայած դիւանագիտական յարաբերութիւնների բացակայութեանը, դատավարութիւններին Հայաստանի կառավարութիւնից դիտորդներ ուղարկել համար։

* Փոխազդեցութիւն Ադրբեջանի հետ.

Վարչապետ Փաշինեանը կարող էր Բաքու ուղարկել անձնական բանագնաց, որը կը փորձի որպէս մարդասիրական խողովակ հանդէս գալ՝ քաղբանտարկեալների եւ գերիների ազատ արձակման շուրջ բանակցութիւններ վարելու համար։ Բացի այդ, նա կարող էր գործակցել համախոհ կառավարութեան, օրինակ՝ Շւէյցարիայի հետ՝ Հայաստանի շահերն Ադրբեջանում ներկայացնելու համար։ Դա կարող էր արւել Բաքւում այդ երկրի դեսպանատանը «Հայկական շահերի բաժին» ստեղծելու միջոցով: Եթէ անգամ քաղբանտարկեալների եւ ռազմագերիների հարցը ներառւած չլինի խաղաղութեան համաձայնագրի մէջ, ապա վարչապետը կարող է մասնաւոր կերպով հասկացնել, որ նրանց ազատ արձակումը պէտք է տեղի ունենայ գործարքի աւարտից առաջ կամ աւարտին զուգահեռ:

* Աջակցութեան խնդրանք՝ Միացեալ Նահանգներից, Ֆրանսիայից եւ Եւրոպական միութիւնից.

Վարչապետ Փաշինեանը կարող է օգնութիւն խնդրել նախագահ Թրամփից եւ պետքարտուղար Ռուբիոյից, նախագահ Մակրոնից, ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգութեան քաղաքականութեան հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասին՝ քաղբանտարկեալներին եւ ռազմագերիներին ազատ արձակելու հարցում։

* Իրաւական գործերի շարունակում եւ ընդլայնում.

Կառավարութիւնը կարող է շարունակել Արդարադատութեան միջազգային դատարանում եւ Մարդու իրաւունքների եւրոպական դատարանում իր դատական գործերին հետամուտ լինելը: Այն կարող է նաեւ դիմել Միջազգային քրէական դատարանի դատախազին՝ նախնական քննութիւն սկսել Լեռնային Ղարաբաղի 120 հազար քրիստոնեայ հայերի բռնի տեղահանման փաստով:

* Համաշխարհային կրօնական համայնքի ներգրաւում.

Կառավարութիւնը կարող է օգնութեան խնդրանքով դիմել՝ ներկայացնելով հայ քրիստոնեայ համայնքի նկատմամբ բացայայտ հալածանքները՝ նախագահ Թրամփի գործողութիւնների կոչին համահունչ, ինչպէս Լեռնային Ղարաբաղից բռնի կերպով տեղահանւած 120 հազար մարդու, այնպէս էլ Բաքւում ներկայումս պահւող հայ քաղբանտարկեալների համար, որոնք այնտեղ են իրենց էթնիկ եւ կրօնական պատկանելութեան պատճառով:

* Բազմակողմ  ներգրաււում.

– Վարչապետ Փաշինեանը կարող էր յատուկ բանագնաց նշանակել՝ ամբողջ աշխարհում հալածւող քրիստոնեաներին ազատ արձակելու նպատակով՝ շեշտը դնելով քաղբանտարկեալների եւ գերիների ազատ արձակման ուղղութեան վրայ։ Նա կարող է միանալ աշխարհի 80 երկրներին եւ ստորագրել Կանադայի գլխաւորած «Միջպետական յարաբերութիւններում կամայական կալանքի կիրառման դէմ» հռչակագիրը:

– Վարչապետ Փաշինեանը կարող է օգնութիւն խնդրել ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղար Անտոնիօ Գուտերէշից եւ ՄԱԿ-ի Մարդու իրաւունքների հարցերով գերագոյն յանձնակատար Ֆոլկեր Թիւրքից՝ բանտարկեալներին եւ գերիներին մարդասիրական նկատառումներով ազատ արձակելու համար։ Այս մասին հաղորդել է news.am-ը:

Related Articles

Back to top button