Հայաստան - ԱրցախՔաղաքական

Ներքին վերաօծման ժամանակը

ՎԱՀԷ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ

«Այլընտրանքային» նախագծեր խումբ

 

Առաջիկայ երկու օրերին (սեպտեմբերի 28-29-ԽՄԲ.) հայ ժողովրդի, Հայաստանի, մեր հայրենիքի եւ հայկական աշխարհի համար տեղի են ունենալու կարեւորագոյն իրադարձութիւններ՝ Մայր տաճարի վերաօծումը եւ Միւռոնօրհնէքը։

«Այս սրբազան միւռոնով միացէ՛ք, եղբայրացէ՛ք, եղէ՛ք մէկ կամք, եղէ՛ք մէկ ուրախութիւն, եղէ՛ք մէկ ցաւ», 1991թ. Միւռոնօրհնէքի արարողութեանն ասում էր Ամենայն հայոց կաթողիկոս Վազգէն Առաջինը։ «Եղէք մէկ ցաւ», ասում էր Վազգէն Առաջինը՝ ասես կանխազգալով, որ նոյն, սեփական միասնական ցաւը զգալու կարողութիւնն ամենեւին յարատեւ չէ, ու կարող է ցնդել մի պատասխանատու ու կարեւոր պահի։

Այսօր Միւռոնօրհնէքի եւ Մայր տաճարի վերաօծման իրադարձութիւններն իրենց մէջ շատ աւելի մեծ խորհուրդ են կրում, քան՝ սրան-նրան հրաւիրել-չհրաւիրելու երկընտրանքը։ Սա հերթական եկեղեցական միջոցառումը չէ։

Մայր Տաճարի վերաօծման հետ շատերը կապում են մի միստիկ խորհուրդ, մի թաքուն իղձ, որ այն մեզ կարող է մօտեցնել մեր նոր, սպասւած ու վերջին տարիներին մեզ լքած ուրախութիւնը։ Սակայն արդեօք որեւէ մեծ արարողութիւն, որքան էլ սպասւած եւ խորհրդանշական լինի, կարո՞ղ է մեր երկրին եւ մեր ժողովրդին յաջողութիւն եւ լոյս բերել, եթէ մեզնից իւրաքանչիւրն իր ներսում չպատրաստւի եւ չձգտի դրան։

Այս կարեւորագոյն իրադարձութիւնների նախօրէին պէտք է խիզախութիւն ունենանք հասկանալու մեր բոլորիս անմիջական մասնակցութիւնը վերջին տարիներին մեզ հետ կատարւածին։ Մեր աղէտների համահեղինակը մենք ենք՝ հայը։ Մենք ենք աղէտը բերել մեր տուն, մենք ենք համակերպւել, մենք ենք յանձնւել, մենք ենք ընտրել նւաստացման ճանապարհը, մենք ենք յանուն շահի խոնարհւում աղետաբերների առաջ, մեծարում՝ յանուն պաշտօնի ու փողի, կամ անգամ պարզապէս իներցիայով, քանի որ սովոր ենք խոնարհւել իշխանութեանը՝ անկախ այդ իշխանութեան որակից։

Ապրել այսքան անարժանապատիւ ու նիւթապաշտ կերպով, կառչած մնալ բոլոր ժամանակներում կուտակած գոյքերից կամ պաշտօններից, դրանց համընթաց կուտակւած վախերից ու զուգահեռ սպասել Միւռոնօրհնութեան կամ Տաճարի վերաօծման հրաշքին. սա, մի բառով, հայկական սիւրռեալիզմ է։

Այսօր եկել է քաղաքացու վիրաւորւելու ժամանակը։ Եկել է ներքին հաշտութեան եւ իրար լսելու ժամանակը։ Եկել է ամօթի ժամանակը՝ սեփական պահւածքից, վիճակից ամաչելու ժամանակը։

Մայր Տաճարի վերաօծմանն ու Միւռոնօրհնէքին սպասելուն զուգահեռ՝ պիտի մեր ներսում հասկանանք, որ մենք ենք ուրացել Ամարասն ու Գանձասարը, մենակ թողել շրջափակման մէջ գտնւող Արցախը, իսկ նրա անկումից յետոյ շարունակել անհոգ ապրել։ Մեր միջից է ձեւաւորւել աղէտաստեղծ իշխանութիւններին «մեծարգոյ» ասող խաւը, որը վաղը նոյն հնազանդութեամբ «մեծարգոյ» կասի Էրդողանին կամ Ալիեւին, կամ՝ յաջորդ իշխանութեանը, ով էլ որ այն ձեւաւորի։

Մենք ենք մոռացել Բաքւի բանտերում պահւող մեր եղբայրներին ու հանդուրժում ենք, որ Երեւանի կենտրոնում զազրախօսեն նրանց մասին։ Մենք ենք, որ չենք ուզում «տեսնել» Հայաստանով մէկ տարածւած եռագոյնով շիրիմները, ու չենք խիզախում ընդունել, որ այդ ամէնից կարելի էր խուսափել, եթէ ժամանակին չթաքնւէինք անկիւններում ու չխոնարհւէինք մեզ աղէտի տանող իշխանութեանը։

Մենք ենք, որ չենք ըմբոստացել, երբ իմացել ենք, որ 4 տարի առաջ ճիշտ այս օրը սկսւած պատերազմը կարելի էր շատ աւելի վաղ դադարեցնել՝ խուսափելով ահռելի մարդկային ու տարածքային կորուստներից, ու դա չենք արել։

Ապրել ստի մէջ, չխիզախել անել սեփական որեւէ քայլ՝ իրավիճակը փոխելու համար, միաժամանակ ոգեւորութեամբ սպասել Մայր Տաճարի վերաբացմանը՝ մի արտառոց հրաշքի ակնկալիքով. սա անազնիւ է հէնց Մայր Տաճարի եւ հէնց սուրբ միւռոնի հանդէպ, որի հրաշագործութեան հիմքում ներքին մաքրագործումն է ու ներքին ստից ազատումը:

Related Articles

Back to top button