Հրանտ Բագրատեան. «Փաշինեանը ՄԱԿ-ի ամբիոնից ստում էր»
«ԱԼԻՔ» – Խաղաղութեան օրակարգը միակողմանիօրէն վերահաստատելով՝ Նիկոլ Փաշինեանը նաեւ ՄԱԿ ամբիոնն օգտագործեց «Խաղաղութեան խաչմերուկ» նախագիծը ներկայացնելու համար՝ բաց ակնարկներ ուղղելով.
«Բոլոր այն պնդումները, թէ Հայաստանը որեւէ տեղ որեւէ փաստաթղթով համաձայնւել է, որ իր տարածքում երրորդ ուժեր ապահովեն կոմունիկացիաների անվտանգութիւն, պարզապէս իրականութեան ձեւախեղում են: Հայաստանի ստանձնած պարտաւորութիւնը յստակ է. երաշխաւորել իր տարածքում բեռների, տրանսպորտային միջոցների, մարդկանց անվտանգութիւնը, եւ մենք երաշխաւորում ենք դա»։
168.am-ը ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատեանից հետաքրքրւել է՝ արդեօ՞ք սա նշանակում է հրաժարւել նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութիւնից, որում կողմերն արձանագրել էին՝ Հայաստանը երաշխաւորում է Ադրբեջանի արեւմտեան շրջանների եւ Նախիջեւանի միջեւ տրանսպորտային հաղորդակցութեան անվտանգութիւնը, իսկ տրանսպորտային հաղորդակցութեան նկատմամբ վերահսկողութիւնն իրականացնելու են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայութեան մարմինները։
Հրանտ Բագրատեանն ի պատասխան՝ հետեւեալ արձանագրումներն է արել. «Նախ, ինքը ասում է, թէ նման բան չի եղել. եղել է, եւ դու էլ ստորագրել ես, նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ կէտով դու Ադրբեջանին առաջարկել ես անխոչընդոտ ճանապարհ, որը մեկնաբանւում է իբրեւ միջանցք՝ ի փոխհատուցումն Լաչինի միջանցքի, եւ այդ ճանապարհը պէտք է հսկեն ռուսական անվտանգութեան ծառայութեան ուժերը։
Երկրորդը՝ երբ ՀՀ ԱԺ-ում յայտարարեցին, թէ նոյեմբերի 9-ի յայտարարութեան 9-րդ կէտը խնդրայարոյց է, ինքն ասաց՝ մենք չենք կարող հրաժարւել այդ փաստաթղթից։
Եւ ուրեմն, մենք այստեղ 100 տոկոս վստահութեամբ կարող ենք ասել, որ նա ՄԱԿ-ի ամբիոնից պարզապէս ստում էր»։
Յստակեցմանը, թէ ինչպիսին կը լինի Մոսկւայի արձագանգը, նախկին վարչապետն արձագանգել է՝ «ՌԴ-ն արդէն սովորել է՝ հերթական անգամ Փաշինեանն իրեն պէտք է «գցի», ու Փաշինեանը գցում է»։
Նիկոլ Փաշինեանի յաջորդ՝ «եթէ մեր Սահմանադրական դատարանը կորոշի, որ Ադրբեջանի հետ Խաղաղութեան պայմանագիրը հակասում է ՀՀ Սահմանադրութեանը, այդ ժամանակ մենք կը կանգնենք կոնկրետ իրավիճակի առաջ, որում սահմանադրական փոփոխութիւններ անհրաժեշտ կը լինեն խաղաղութեան հասնելու համար» յայտարարութեան առնչութեամբ էլ քաղաքական գործիչը շեշտել է․«Պարզապէս շանտաժ է․ նա ուզուրպացրել է իշխանութիւնը եւ հակասահմանադրական յայտարարութիւններ է անում»։