Լաւրով. «Բաքւի եւ Երեւանի համաձայնութիւնից յետոյ հիացմունքը փոխարինւել է թերահաւատութեամբ»

«ԱԼԻՔ» – «Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղութեան համաձայնագրի կնքման վերաբերեալ ԱՄՆ-ում հիացական բացականչութիւնները փոխարինւել են թերահաւատ գնահատականներով՝ փաստաթղթի հրապարակումից յետոյ, դրա տեքստում շատ բաներ համաձայնեցւած չեն եղել»։ Այս մասին յայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգէյ Լաւրովը՝ ելոյթ ունենալով Միջազգային յարաբերութիւնների Մոսկւայի պետական ինստիտուտի ուսանողների եւ պրոֆեսորադասախօսական կազմի առջեւ: Հաղորդում է News.am-ը՝ ռուսական ՏԱՍՍ-ին յղումով։
Նա յիշեցրել է, որ Բաքւի եւ Երեւանի միջեւ խաղաղութեան պայմանագրի կնքման մասին պայմանաւորւածութիւնները ձեւաւորւել են 2020-2022 թւականներին Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ ձեռք բերւած համաձայնագրից։
«Որոշեցին այն կնքել Միացեալ Նահանգների տարածքում։ Դա մեր հարեւանների ինքնիշխան իրաւունքն է,- նկատել է ՌԴ ԱԳ նախարարը,- բայց պէտք է տեսնել, թէ ինչպէս այն (պայմանաւորւածութիւնը-ԽՄԲ.) կաշխատի, քանի որ բոլոր հիացական արձագանքները, որոնք հնչեցին Վաշինգտոնում կայացած հանդիպումից յետոյ առաջին մի քանի օրերին, յետոյ ինչ-որ կերպ փոխարինւեցին թերահաւատ գնահատականներով, երբ փաստաթուղթը հրապարակւեց»։
«Եւ ինչպէս պարզւում է, այնտեղ ամէն ինչ համաձայնեցւած չէ»,- ուշադրութիւն է հրաւիրել Լաւրովը։
Նրա խօսքով՝ նման գործողութիւնները համապատասխանում են արտաքին քաղաքականութեան այն ժանրին, որի դէպքում «պէտք է ինչ-որ դրական բան անել եւ խաղարկել դա տեղեկատւական դաշտում»։
«Ես կարծում եմ, որ նման մեթոդը գոյութիւն ունենալու իրաւունք ունի, բայց եթէ դրան ոչինչ չհետեւի, ապա դա պարզապէս կը մնայ որպէս նման պոռթկում, իսկ մենք շահագրգռւած ենք, որ իրական խաղաղութեան պայմանագիր կնքւի», – ընդգծել է ՌԴ ԱԳ նախարարը։
Լաւրովը յիշեցրել է, որ Հարաւային Կովկասի տարածաշրջանում Ռուսաստանի աշխատանքի հիմնական առաջնահերթութիւնները խաղաղութիւնն ու համագործակցութիւնն են, դրանք երբեք չեն փոխւել։
«Մեր առաջնահերթութիւնները երբեք չեն փոխւել՝ դրանք խաղաղութիւնն ու համագործակցութիւնն են եւ դրանք այսօր էլ նոյնն են մնում»,- ընդգծել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարութեան ղեկավարը։