Վարդան Օսկանեան. «Կլաարի հարցազրոյցից արձանագրւում է, որ Արցախի հարցը դեռեւս լուծւած չէ»
«ԱԼԻՔ» – Ընդհանուր շատ դրական տրամադրւածութիւն կայ միջազգային երաշխիքներով արցախցիների՝ հաւաքական վերադարձի շուրջ։ Այս մասին ֆէյսբուքեան իր էջում հրապարակւած տեսանիւթում ասել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանեանը։
Վերջինս նշել է, որ այդ է վկայում նաեւ Հարաւային Կովկասում ԵՄ յատուկ ներկայացուցիչ Տոյւօ Կլաարի վերջին հարցազրոյցը:
«Ցանկացած տեղ, որտեղ մեր յանձնաժողովը դիմել է, մերժում չի ստացել, բոլորն ընդունում են յանձնախումբը որպէս արցախահայերի ձայն եւ ուզում են լսել այդ ձայնը: Եթէ արցախցիների՝ հաւաքական վերադարձի հարցը Հայաստանը բերի բանակցային օրակարգ, ապա կը լինի նաեւ միջազգային հանրութեան աջակցութիւնը: Ես սա ասում եմ ամենայն պատասխանատւութեամբ: Այստեղ ուզում եմ վկայակոչել Տոյւօ Կլաարի ասածը, որ խօսում է ԵՄ անունից: Ինքն ասում է, որ Ադրբեջանը պարտաւորութիւն ունի այս հարցին անդրադառնալու, եւ այս հարցը պէտք է օրակարգային լինի։ Կլաարը նաեւ մի հարց է տալիս, որին պատասխանում է եւ որի մասին յաճախ եմ խօսել․ ասում է՝ այն, որ արցախահայութեան վերադարձի դիմաց Ադրբեջանը կարող է ադրբեջանցիների՝ Հայաստան գալու խնդիր դնել, այս երկուսն իրար հետ բացարձակ կապ չունեն, եւ գտնւում են երկու տարբեր հարթութիւնների վրայ: Արցախահայութեան վերադարձի խնդիրը միանշանակ այսօրւայ կարեւորագոյն խնդիրներից մէկն է»,- ասել է Օսկանեանը:
Նա ընդգծել է՝ Տոյւօ Կլաարի հարցազրոյցից արձանագրւում է, որ Արցախի հարցը դեռեւս լուծւած չէ․ «Յստակ դիրքորոշումներ կան շատ կարեւոր մարդկանց կողմից, որոնց ես ականատես եմ եղել, երբ ասւում է՝ եթէ Ադրբեջանին թւում է, որ ինքն այս հարցը ռազմական ճանապարհով լուծել է, ապա չարաչար սխալւում է: Արցախի հարցը դեռեւս լուծւած չէ այնքան ժամանակ, որ արցախահայութեան միջազգային երաշխիքներով՝ իրենց իրաւունքները վերականգնելով, իրենց տները վերադառնալու հարցը դեռեւս չի լուծւել»։