Իրանա-հայկական դիմակայութիւն՝ ըմբշամարտում
Սարաւին եւ Ալեքսանեանը կը մրցեն օլիմպիական չեմպիոնի դափնու համար
«ԱԼԻՔ» – 2024 թւականի ամառային Օլիմպիական խաղերում իրանա-հայկական իւրօրինակ դիմակայութեան ականատեսը կը լինենք:
Այսօր՝ օգոստոսի 7-ին յունահռոմէական ոճի ըմբշամարտի 97 կգ քաշային կարգի չեմպիոնի կոչումը կը վիճարկեն Մոհամմադ Հադի Սարաւին եւ Արթուր Ալեքսանեանը:
Կիսաեզրափակիչում Արթուր Ալեքսանեանը 5:3 հաշւով յաղթանակ տարաւ աշխարհի չեմպիոն կուբացի Գաբրիէլ Ալեխանդրօ Ռոսիլիօ Կինդելանի նկատմամբ, իսկ Մոհամմադ Հադի Սարաւին 6:0 հաշւով պարտութեան մատնեց եգիպտացի Մոհամմեդ Գաբրին:
Սարաւին 1/8-րդ եզրափակիչում 10:1 հաշւով պարտութեան է մատնել ամերիկացի Ջօ Րաուին, իսկ ¼-րդ եզրափակիչում 8:0 հաշւով առաւելութեան է հասել կիրկիզ ըմբիշի նկատմմբ:
Արթուր Ալեքսանեանը 1/8 եզրափակիչում 9:0 հաշւով ժամանակից շուտ յաղթել է Հարաւայի Կորէայի ներկայացուցիչ Սինջուն Կիմին, քառորդ եզրափակիչում, գերլարւած պայքարում 9:5 հաշւով առաւելութեան է հասել Ուզբեկստանի ներկայացուցիչ Ռուստամ Ասակալովի նկատմամբ:
Արթուր Ալեքսանեանը Լոնդոն-2012-ի բրոնզէ մեդալակիր է, Ռիօ-2016-ի ոսկէ եւ Տոկիօ-2020-ի արծաթէ մեդալակիր: Նա աշխարհի քառակի եւ Եւրոպայի եօթակի չեմպիոն է:
Մոհամմադ Հադի Սարաւին Տօկիօ-2020-ի բրոնզէ մեդալակիր է: 2021 թւականին նա դարձել է աշխարհի չեմպիոն, իսկ 2022 եւ 2023 թւականներին՝ բրոնզէ մեդալակիր: Սարաւին Ասիայի կրկնակի չեմպիոն է:
Յիշեցնենք, որ Փարիզ-2024-ի խաղերում Իրանի առաջին մեդալը նւաճեց Ամին Միրզազադէն, որը յունահռոմէական ոճի 130 կգ. քաշային կարգում դարձաւ բրոնզէ մեդալակիր:
Այսօր, Հայաստանը եւս մէկ մեդալ նւաճելու հնարաւորութիւն կունենան: Յունահռոմէական ոճի ըմբշամարտի 77 կգ. քաշային կարգում աշխարհի չեմպիոն, Եւրոպայի եռակի չեմպիոն Մալխաս Ամոյեանը կը պայքարի բրոնզէ մեդալի համար: