Գառնիկ Դանիէլեան. «Հայաստանը կանգնած է լուրջ մարտահրաւէրների առաջ»
«ԱԼԻՔ» – Մեր նպատակն է «Տաւուշը յանուն հայրենիքի» շարժումը վերածել համազգայինի։ Այս մասին News.am-ի թղթակցի հետ զրոյցում յայտարարել է ՀՅԴ Տաւուշի Մարզային կոմիտէի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Գառնիկ Դանիէլեանը։
Նա նշել է, որ Շարժումը ինչ-որ չափով յաջողութիւններ գրանցեց այն առումով, որ ոչ ոք չէր պատկերացնում, որ Հայաստանում կարող է նման իրավիճակ ստեղծւել։
«Շատերն ասում էին, որ հասարակութիւնը պասիւ է եւ փողոց դուրս չի գայ։ Բայց մարդիկ դուրս եկան, թէեւ մենք չկարողացանք հաւաքել անհրաժեշտ կրիտիկական զանգւածը, որը կը ստիպէր իշխանութիւններին հրաժարական տալ։ Հիմա մարդկանց հետ շփւելիս փորձում ենք նրանց հնարաւորինս ներգրաւել պայքարի մէջ։ Մեր խնդիրն է լինել աւելի համոզիչ եւ հերքել շարժման շուրջ ձեւաւորւող առասպելներն ու կեղծիքները»,- նշել է նա։
Դանիէլեանը միաժամանակ մատնանշել է տարբեր միջազգային կազմակերպութիւնների եւ երկրների հետ աշխատելու կարեւորութիւնը, որպէսզի հալածանքների կիրառման հարցում իշխանութիւնների վրայ ճնշում գործադրւի։
Պատգամաւորը յայտարարել է յունիսի 12-ի հանրահաւաքի ժամանակ խորհրդարանում յատուկ միջոցների կիրառման հարցով քննչական յանձնաժողով ստեղծելու մասին։
«Միեւնոյն ժամանակ, իշխանութիւնները կարող են դէմ լինել նման յանձնաժողովի ստեղծմանը, քանի որ իրենք չեն կարողանայ պատասխանել հարցերին»,- ասել է նա։
Անդրադառնալով Կիրանցի նոր ճանապարհին հայ եւ ադրբեջանցի սահմանապահների միջեւ տեղի ունեցած միջադէպին, Գառնիկ Դանիէլեանը պնդել է, որ միջադէպ տեղի է ունեցել։ Նա հերքել է Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութեան յայտարարութիւնը, թէ միջադէպ չի եղել։
«Գիւղացիներից շատերը խօսել են հայ եւ ադրբեջանցի սահմանապահների միջեւ տեղի ունեցած միջադէպի մասին։
Ադրբեջանը դիմում է մանր սադրանքների՝ ցոյց տալով, որ հայ ժողովրդի հետ խաղաղ գոյակցելու ցանկութիւն չունի»,- նշել է Դանիէլեանը։ Նրա գնահատմամբ՝ Տաւուշում ոչ թէ սահմանազատում է իրականացւել, այլ միակողմանի զիջում:
«Հայկական տարածքների յանձնման դիմաց Ադրբեջանը ոչինչ չզիջեց: Բերքարբերում քաղաքացիները ստորագրահաւաք են սկսել 900 հեկտար տարածքի հարցով, որը Փաշինեանը խոստացել է վերադարձնել նրանց, սակայն չի վերադարձել։
Աւելին, Ադրբեջանը Տաւուշում տարածքներ ստանալուց յետոյ նոր պահանջներ է առաջ քաշում՝ նոր տարածքների տեսքով, Հայաստանի ադրբեջանցիներով բնակեցում եւ այլն»,- ընդգծել է պատգամաւորը։
Նա նշել է, որ այս դէպքերի յետնապատկերում Փաշինեանը գալիս է Տաւուշ ու դժգոհութիւն յայտնում, որ մարդիկ գանգատւում են ստեղծւած իրավիճակից։
«Փաշինեանը պրոբլեմ չի համարում, որ Հայաստանի տարածքը յանձնեց թշնամուն: Նոյնը նա ասում էր Արցախի մասին՝ առաջարկելով «դրանից պրոբլեմ չստեղծել»։
Միեւնոյն ժամանակ, Տաւուշի բնակչութիւնը լրջօրէն մտահոգւած է, քանի որ չի կարող զբաղւել գիւղատնտեսութեամբ, ինչը կարող է ժողովրդագրական խնդիրներ ստեղծել բնակչութեան արտահոսքի առումով։ Անապահով մթնոլորտն ազդում է նաեւ պոտենցիալ ներդրումների վրայ, քանի որ ներդրողները մտահոգւած են, որ Կիրանց տանող ճանապարհը Ադրբեջանը ցանկացած պահի կարող է փակել։
Հայաստանը կանգնած է լուրջ մարտահրաւէրների առաջ: Նման պայմաններում իշխանութիւններն արձակուրդ են վերցնում ու հեծանիւ քշում։ Նման պահւածքը շոկ է առաջացնում»,- եզրափակել է պատգամաւորը։