Իշխան Սաղաթէլեան. «Մեզ լռեցնել չեն կարող»

«ԱԼԻՔ» – Իշխանական ռեպրեսիաներն ու իրաւական «մասկի շոուները» Հայաստանում շարունակւում են․ ամէն օր իրաւապահները բերման են ենթարկում, ապա կալանքի են տանում մի խումբ «ահաբեկիչների», որոնց բնակարաններից, օրինակ, օրինական զէնք, քարտէզ եւ անգամ ամէն քայլափոխում ազատ վաճառւող խաղեր են յայտնաբերում։
Նշենք, որ վերջին մի քանի օրերին ՀՅԴ-ական քաղաքական գործիչները եւս ակնհայտօրէն իրաւապահների թիրախում են․ յուլիսի 10-ին էլ վաղ առաւօտից խուզարկութիւններ են իրականացւել մի շարք դաշնակցականների բնակարաններում։ Նրանցից շատերին բերման են ենթարկել, «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Գեղամ Մանուկեանի որդուն էլ ձերբակալել են։
Ո՞րն է այս ռեպրեսիաների պատճառը, արդեօ՞ք իշխանութիւնը նպատակ ունի հեռացնել Դաշնակցութեանն ասպարէզից․ այս եւ այլ հարցերի պատասխանները ստանալու նպատակով mediahub.am-ը զրուցել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամավոր Իշխան Սաղաթէլեանի հետ, որն այժմ աշխատանքային այցով ՌԴ-ում է։
«Սա ակնյայտ ապօրինի հետապնդումների շարք է՝ ուղղւած մեր կուսակցութեան դէմ։ Որեւէ հիմք չկայ, ընդամէնը փորձում են կեղտոտ եւ սրիկայ քարոզչամեքենայով վարկաբեկել արմատական ընդդիմադիր ուժին։ Ու այդ կեղտոտ մեթոդներով էլ հիմքեր են ստեղծում մեր կուսակցական ընկերներին ազատութիւնից զրկելու համար։ Էս ա, մենք ցանկացած սցենարի պատրաստ ենք։ Բայց վստահեցնում եմ, նման քայլերով չեն կարող մեր գործունէութեան վրայ ազդեցութիւն ունենալ։ Քանի որ մենք քաղաքական գործունէութիւնից զատ այլ բան չենք արել»,- նշել է Իշխան Սաղաթէլեանը։
Հարցին, թէ արդեօ՞ք ինքը մտավախութիւն չունի, որ ի վերջոյ բոլոր ակտիւ դաշնակցական գործիչները կը յայտնւեն անազատութեան մէջ, Իշխան Սաղաթէլեանը պատասխանել է՝ գլուխները պատին կը տան, կոկորդներին կը կանգնի, այնպէս չի, որ կը կարողանան։
«Փաշինեանն այս քայլով փորձում է նւէր անել Ալիեւին։ Եթէ նայէք թուրք-ադրբեջանական մամուլը նոյն բառերով ու մեթոդներով են աշխատում Դաշնակցութեան դէմ, ինչպէս Civic-ն ու «Հայկական ժամանակ»-ը։ Բայց միեւնոյն է, մեզ լռեցնել չեն կարող»,- ամփոփել է խօսքը Իշխան Սաղաթէլեանը։