Հայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական

Սերգէյ Մարկեդոնով. «Փաշինեանի եւ Էրդողանի հանդիպման վայրն ու ժամը յագեցած էին խորհրդանիշներով»

ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի շրջանակում հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման հարցը քննարկելու տեղ ճարւեց։ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է Նիկոլ Փաշինեանի հետ: Քաղաքականութեան մէջ չի կարելի թերագնահատել խորհրդանիշները: Դրա մասին սոցցանցերում գրել է ռուսաստանցի քաղաքագէտ Սերգէյ Մարկեդոնովը։

«Բծախնդիր դիտորդների ուշադրութիւնից չեն վրիպել Թուրքիայի նախագահի եւ Հայաստանի վարչապետի բանակցութիւնների որոշ նրբերանգներ։ Նախ հանդիպման վայրի մասին: Այն տեղի է ունեցել Մանհեթէնի «Թուրքական տանը»։ Այնտեղ են տեղակայւած ՄԱԿ-ում Թուրքիայի մշտական ​​ներկայացուցչութիւնը եւ հանրապետութեան այլ դիւանագիտական ​​ներկայացուցչութիւններ։

«Զրօ խնդիրներ հարեւանների հետ» մօտեցումը, որը ժամանակին հռչակել էր Էրդողանը, այսօր որոշ մեկնաբաններ կատակով վերաձեւակերպում են որպէս «զրոյական խնդիրներ ունեցող հարեւաններ»: Այսօր Անկարան փորձում է կարգաւորել յարաբերութիւնները Յունաստանի եւ Սիրիայի հետ։ ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլեայի շրջանակում Թուրքիայի ղեկավարը հանդիպել է նաեւ Յունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ։ Սակայն դա տեղի է ունեցել ՄԱԿ-ի կենտրոնակայանի շէնքում։ Ինչպէս ասում են՝ զգացէ՛ք տարբերութիւնը։

Երկրորդ՝ հանդիպման ժամը։ Այն տեղի ունեցաւ 2020 թւականի «աշնանային պատերազմի» յաջորդ տարելիցից երեք օր առաջ՝ Հայաստանի եւ Ղարաբաղի համար այս արշաւը ողբերգական հետեւանքներ ունեցաւ։ 26 տարի պահպանւած ստատուս-քւոն ջախջախւեց։ Եւ ակնյայտօրէն՝ ոչ Երեւանի օգտին։ Այդ պահից սկսւեց «Միացում» նախագծի (Հայաստանի եւ չճանաչւած ԼՂՀ ռազմաքաղաքական միասնութեան) անկումը։ Մնում է միայն աւելացնել, որ այս ստատուս-քւոյի տապալումը տեղի է ունեցել կովկասեան հարցերում Ադրբեջանի կողմից հանդէս եկող Թուրքիայի ակտիւ ներգրաւմամբ։

Որպէս ժեստ՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նիկոլ Փաշինեանին է նւիրել իր «Աւելի արդար աշխարհը հնարաւոր է» գիրքը։ Այս աշխատութիւնը ներկայացնում է Թուրքիայի ղեկավարի արտաքին քաղաքական նպատակների եւ արժէքների էութիւնը։ «Աշխարհը հինգից մեծ է», այսինքն՝ խաղի կանոնները գրել են ոչ միայն ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի «մեծ հնգեակի» մշտական ​​անդամները։ Որոշակի ազդանշան նրանց էլ է հասել, բայց առաջին հերթին՝ Երեւանին։ Հայաստանի վարչապետը թուրք գործընկերոջից այս աշխարհ խորհրդանշական հրաւէր է ստացել։

Գուցէ Անկարայի համաշխարհային յաւակնութիւնների մասին խօսելը չափազանցութիւն կը լինի։ Ոչ ռեսուրսներն են բաւական, ոչ էլ՝ հնարաւորութիւնները: Սակայն Թուրքիան կարող է ազդել Եւրասիայի տարբեր շրջանների վրայ։ Եւ, փաստօրէն, դա արդէն իսկ ազդում է։ Կովկաս, Կենտրոնական Ասիա, Մերձաւոր Արեւելք։ Երեւանի հետ «առանց նախապայմանների» կարգաւորման մասին խօսելով՝ Թուրքիայի ղեկավարը, ընդսմին, չի մոռանում Ադրբեջանի մասին»,- գրել է Սերգէյ Մարկեդոնովը։

News.am

Related Articles

Back to top button