Արմէն Բադալեան. «2025. ի՞նչ է լինելու. Արցախ. Հայաստան. նոր աշխարհակարգ» նախագծի մասին
«ԱԼԻՔ» – «2025. Ի՞նչ է լինելու. Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ» նախագծի շրջանակում Alpha News-ը զրուցել է քաղտեխնոլոգ Արմէն Բադալեանի հետ:
Նրա համոզմամբ՝ 2025 թւականին Հայաստանն ու Ադրբեջանը այսպէս կոչւած խաղաղութեան պայմանագիր չեն կնքի: Այդ փաստաթղթի շուրջ Երեւանն ու Բաքուն բանակցում են շուրջ 4 տարի, ու չնայած Երեւանի պատրաստակամութեանը, Բաքուն հրաժարւում է արդէն իսկ համաձայնեցւած հարցերի շուրջ ստորագրել այն:
«Այդ պայմանագրի վերաբերեալ Հայաստանի ու Ադրբեջանի վերաբերմունքը տարբեր է: Հայկական կողմին ցանկացած ձեւով պէտք է մի փաստաթուղթ, որի վերնագրում կը լինի խաղաղութիւն բառը, որպէսզի նախընտրական քարոզչութեան ժամանակ ցոյց տայ դա, որովհետեւ մօտենում են ընտրութիւնները, իսկ իշխանութիւնը հասարակութեանը ցոյց տալու ոչինչ չունի: Խաղաղութեան պայմանագիրը պէտք էր գլոբալիստներին, որոնց ներկայացնում էր Բայդէնի վարչակազմը, այդ պայմանագրի միջոցով նրանք ուզում էին ցոյց տալ Ռուսաստանի դիրքերի թուլացումը եւ հասնել ռուսական զօրքերի դուրսբերմանը, բայց գլոբալիստները պարտւեցին, իսկ Ադրբեջանին այդ պայմանագիրը պէտք չէ, քանի դեռ յստակ չէ, թէ Թրամփն ինչ քաղաքականութիւն է իրականացնելու Հարաւային Կովկասում, հետեւաբար Ադրբեջանը ձգելու է այդ պայմանագրի ստորագրումը, որովհետեւ ինչու ստորագրի իր առաջ պարտաւորութիւններ սահմանող փաստաթուղթը»,- ասում է Արմէն Բադալեանը:
Քաղտեխնոլոգը կարծում է, որ Իրանը շարունակելու է դիմադրել թուրքադրբեջանական տանդեմի պահանջած նախագծի՝«Զանգեզուրի միջանցք»-ի կեանքի կոչմանը:
«Քանի դեռ Իրանը չի հրաժարւել «Զանգեզուրի միջանցք»-ը արգելելու իր որոշումից, այդ «միջանցքը» չի բացւելու: Մեկնաբանութիւնները, թէ Իրանի դիրքերը թուլացել են Սիրիայում տեղի ունեցած վերջին իրադարձութիւններով պայմանաւորւած, վաղ են, պէտք է դեռ սպասել մի քանի ամիս: Իրանը չէր կարող անմիջապէս զօրքով հասնել Սիրիա, որովհետեւ նախ պէտք է Իրաքով անցնէր, յետոյ քրդերի տարածքով, որը Սիրիայի արեւելքում է, որտեղ ամերիկեան բազաներ կան, իսկ Հայաստանի հետ սահմանին ընդամէնը Արաքս գետն է, որ կարելի է կամուրջ գցելով ներս մտնել, պէտք է հասկանալ, որ Հայաստանն իր շքամուտքն է, իսկ Սիրիան հեռու է»,-ընդգծում է Արմէն Բադալեանը:
Քաղտեխնոլոգը նշում է, որ Հայաստանի արտաքին քաղաքական կուրսի փոփոխութիւնը կախւած է Թրամփի առաջնահերթութիւններից:
«Եթէ Թրամփը որոշի իր դիրքերը խիստ ամրապնդել Հարաւային Կովկասում, կամ առնւազն Հայաստանում ու Վրաստանում, իսկ Ադրբեջանում էլ ուրիշ քաղաքականութիւն է իրականացնում ու իշխանափոխութիւն անում, ապա բնականաբար Հայաստանին կը տանեն Արեւմուտք, անկախ նրանից այս քաղաքական ուժով, թէ իշխանափոխութիւն կանեն եւ ուրիշ քաղաքական ուժ կը բերեն, իսկ եթէ Թրամփը տեսնի, որ իրեն Հարաւային Կովկասը պէտք չէ եւ զբաղւի օրինակ Չինաստանով, այստեղ ռուս-իրանական դիրքերը կամրապնդւեն, ու բնականաբար, այս տարածաշրջանը, այդ թւում՝ Հայաստանը, չի գնայ Արեւմուտք: Հիմա անցումային շրջան է, մինչեւ յունւարի 20-ը անորոշ է, նախկին տէրերը փոխւում են, նոր տէրերի հետ կապւած էլ դեռ յստակութիւն չկայ, նոր պահանջներ կը լինեն, ըստ որոնց էլ պարզ կը լինի՝ Հայաստանին տանո՞ւմ են դէպի Արեւմուտք, թէ՞ ոչ»,- ասում է նա: