Արաղչի. «Մեզ յաջողւել է հասնել աւելի լաւ փոխըմբռնման մի շարք հարցերի շուրջ»

«ԱԼԻՔ» – Հռոմում աւարտւել են Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ միջնորդաւորւած բանակցութիւնները, որոնք տեղի են ունեցել Օմանի դեսպանատանը։
«Բանակցութիւններն անցել են կառուցողական մթնոլորտում։ Մեզ յաջողւել է հասնել աւելի լաւ փոխըմբռնման մի շարք սկզբունքների եւ նպատակների շուրջ»,- բանակցութիւնների աւարտից յետոյ լրագրողների հետ զրոյցում յայտարարել է ԱԳ նախարար Սէյէդ Աբբաս Արաղչին։
Նա տեղեկացրել է, որ Իրանի եւ ԱՄՆ-ի պատւիրակութիւնները պայմանաւորւել են փորձագիտական մակարդակով տեխնիկական բանակցութիւնների նոր փուլի շուրջ, որը կանցկացւի Օմանում ապրիլի 23-ին։
Նա նշել է, որ փորձագէտները կաշխատեն գործարքի մանրամասների վրայ:
ԱԳ նախարարն ասել է, որ բարձրագոյն բանակցողները կը հանդիպեն շաբաթ օրը՝ գնահատելու փորձագիտական հանդիպումների արդիւնքները, եւ այն, թէ կողմերը որքանով մօտ են համաձայնութեան։