Գարեգին Բ. «Այսօր կեղծ գաղափարներով փչացնում են մեր արժէհամակարգը»

«ԱԼԻՔ» – Յուլիսի 27-ին՝ Յիսուս Քրիստոսի Պայծառակերպութեան տօնին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի տեղի է ունեցել Մայր Տաճարի տարածքում կառուցւած Կաթողիկոսական դամբարանի եւ մոմավառութեան աղօթասրահի բացման արարողութիւնը: Այս մասին տեղեկացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մամլոյ ծառայութիւնը:
Բացման արարողութեան առիթով Ամենայն Հայոց Հայրապետն իր հայրական պատգամն է փոխանցել ներկաներին՝ գոհութիւն մատուցելով առ Բարձրեալն Աստւած, որ հայոց հոգեւոր կենտրոնում՝ Սուրբ Էջմիածնում, մեր ժողովրդի հոգեւոր մխիթարութեան, հաւատքի զօրացման նւիրական մի նոր սրբատեղի յառնեց։
Իր ելոյթի ընթացքում, դիմելով ներկաներին՝ Վեհափառ Հայրապետն ընդգծել է, որ մեր օրերում, երբ տարբեր կեղծ գաղափարախօսութիւններով խաթարւում է մեր արժէհամակարգը, եղծւում ու նենգափոխւում են հոգեւոր ընկալումները, այսպիսի եկեղեցական շինութիւնները, սրբավայրերն ու ուխտատեղիները իրենց կրօնական եւ ծիսական կարեւոր նշանակութեամբ հաւատքի զօրացման, հոգու փրկութեան եւ աստւածահաճոյ կեանքի ամրապնդման օրհնաբեր օջախներ են։
«Այս կառոյցը, արդարեւ, սոսկ քարեղէն շինւածք չէ, այն աղօթքի տուն է, հաւատացեալների ապաւինութեան վայր՝ Սուրբ Թադէոս եւ Սուրբ Բարդուղիմէոս Առաքեալների մատուռներով, որտեղ պաշտամունքային արարողութիւններ են մատուցւելու, եւ հաւատացեալներն իրենց սրտառուչ հայցն ու աղօթքն են վերառաքելու Տիրոջը։ Այսպիսի օրհնեալ վայրում հաւատացեալի հետ հանդիպում են ժամանակն ու յաւերժութիւնը, երկնաւորն ու երկրաւորը, քանզի հոգուց բխած աղօթքները երկինք են հասնում եւ աստւածային օրհնութիւնն են յեղում Փրկչին յուսացողների սրտերին»,- նշել է Հայոց Հովւապետը։
Վերջում Հայոց Հայրապետը մաղթել է, որ տէրունաշնորհ հաւատքի լոյսը մշտավառ լինի հայ ժողովրդի հոգում, եւ այս սրահից եւս հանապազ հնչի հայցը առ Աստւած հայրենեաց խաղաղութեան, ազգի բարօրութեան, Սուրբ Եկեղեցու պայծառութեան համար։