Իրանը կոշտ քննադատել է Բաքւում Իսրայէլի դեսպանի թշնամական արտայայտութիւնները

«ԱԼԻՔ» – Ադրբեջանում Իրանի Իսլամական Հանրապետութեան դեսպանատունը կտրուկ արձագանքել է Իսրայէլի դեսպանի վերջին վրդովմունք պատճառող յայտարարութիւններին: Հաղորդում է «Մեհր» լրատւական գործակալութիւնը։
Իրանի դեսպանատան մամուլի քարտուղար Բեհնամ Մալեքփուրն Իսրայէլն անւանել է Արեւմտեան Ասիայի բոլոր խնդիրների հիմնական պատճառը՝ յղում անելով երկրի ագրեսիւ եւ էքսպանսիոնիստական քաղաքականութեանը։
Նշենք, որ արձագանքը յաջորդել է Բաքւում կայացած մամուլի ասուլիսում Ջորջ Դիքի յայտարարութեանը, թէ Իրանը թուլացել է իսրայէլական պատերազմից յետոյ, եւ որ աշխարհը, ներառեալ Մերձաւոր Արեւելքը եւ Հարաւային Կովկասը, այժմ աւելի անվտանգ է դարձել։
Իրանցի դիւանագէտն ի պատասխան յղում է արել իսրայէլական ռեժիմի ագրեսիւ գործողութիւններին Պաղեստինի, Լիբանանի, Սիրիայի, Իրանի եւ տարածաշրջանի այլ երկրների դէմ։
«Իսրայէլը մեծագոյն սպառնալիք է ներկայացնում համաշխարհային խաղաղութեանը, եւ այս մերժւածին զսպելու ուղղութեամբ միջազգային լուրջ գործողութիւնների բացակայութիւնը կը յանգեցնի անկայունութեան տարածմանն ամբողջ աշխարհում»,- նախազգուշացրել է նա։
Մալեքփուրը նաեւ կոչ է արել անյապաղ գործողութիւններ ձեռնարկել «դադարեցնելու ցեղասպանութիւնը Գազայում եւ պատժելու սիոնիստական յանցագործներին՝ իրենց անմարդկային պաշարման եւ անմեղ պաղեստինցիներին սննդից ու ջրից զրկելու համար»։
«Բնական է, որ ռեժիմը, որը հիմնւած է Պաղեստինի պատմական հողի բռնազաւթման, նրա բնիկ բնակիչների սպանութիւնների ու արտաքսման, ինչպէս նաեւ հարեւան երկրներին ահաբեկչութեան եւ պատերազմի մէջ ներքաշելու վրայ, անամօթաբար փորձում է պառակտում սերմանել մահմեդական ժողովուրդների միջեւ»,- ասել է նա։
Դիւանագէտը միեւնոյն ժամանակ յայտարարել է, որ իսրայէլցի դեսպանի ատելութեամբ լի արտայայտութիւնները չեն վնասի Իրանի եւ Ադրբեջանի միջեւ պատմական կապերին։
«Իրանի եւ Ադրբեջանի Հանրապետութեան ժողովուրդների միջեւ կապւածութեան եւ բարեկամութեան կապերը չափազանց ամուր են, որպէսզի դրանք թուլանան ցեղասպանութիւն եւ ռասիզմ իրականացնող ռեժիմի ներկայացուցիչների չարութեան պատճառով»,- յաւելել է նա։