
ՎԱՀԱԳՆ ԱԹԱԲԷԿԵԱՆ
Ես գիտէի՝ ոչ ոքի համա՛ր եկայ ես այստեղ,
սակայն այստեղ երբւանից ոչ ոք չկար էլ արդէն,
միայն մի կանչ էր ծանօթ, եւ իմ պատկերն էր դեռ թաց տիեզերքի իմ բաժին
սա կողմերում աւետեաց։
Ու տրւելով այդ կանչին, ու ձայնելով նրա հետ,
երակներով իմ կապոյտ ես լողացի դէպի ետ՝
թափառելու նրանց մէջ, որ փնտրելով ինձ սըրինգ՝
միանւագ իմ հոգուն կաւէ մարմին հագցըրին.
-Մենք ենք՝ ուղին անըսկիզբ՝ անվախճանւող մինչ հիմա,
մենք ենք ընկերքն այս գետի՝ քո թիկունքում, քո դիմաց –
ես քայլեցի նրանց մէջ… ու չըտեսայ ես նրանց,
շիրմատներ էին, հեհ, ինձնից առաջ, իմ առաջ.
Շիրմատներ էին հեհ, ուր ստւերները ներհուն
երազն էին խնկարկում պակա՛ս մենակ լինելու,
ու կանչեցի ես նրանց՝ չարիւնոտւած այս հողով ստւերներիդ այդ մոլոր
իմ ծարաւի մէջ գոյող.
Անարձագանք եռաձայն խելագարւող իմ նրանք,
որ ապրեցին հազար մահ ու մահացան մէն-մի կեանք,
խարխափելով ցողի մէջ քայլում էին գլխաբաց
որպէս երեք առասպել՝ իրա՛ր, իրա՛ր նւիրած.
-Մենք ենք՝ այլոց մեղքի դէմ յաւերժ մեխւած սա տեղին,
եւ սա սրտերն են մեր տաք՝ ցրիւ եկած մայթերին-
ես բախւեցի նրանց հետ… ու չըտեսայ ես նրանց
վերմարդիկներ էին, հեհ, ի խոյզ երկինք սեւեռւած,
եւ երակից բարձրացող կարմիր մշուշ էր աղոտ,
որ իմ անզօր ռունգերին մատուցանւեց որպէս օդ։
Արեւելքի եդեմում սոսկ գիշերն էր յուսակիր,
ու կանչեցի ես նրան՝ իբրեւ միա՜կ կողակից,
բայց խաւարի մէջ նիւթեղ, զնդաններում եռանիստ ոչ մի, ոչ մի հեռացորդ
ինձ չըբերեց սպեղանի,
մանկավրէպ ուշացած լուսնաժըպիտ միայն նա՛ հոգեկանչւեց իմ ծէսին
ու չըզօրեց կայանալ.
-Ես եմ յակւած սընարիդ եղերամայր խառնածամ,
որ արտասւում եմ անձայն, ու արտասւող՝ միայն կամ-
ես ծաղկեցի նրա դէմ… ու չըտեսայ ես նրան,
միայն տեսիլք էր ու տենդ, միայն պատրանք էր ու ձայն,
ապա՝ խարոյկ էր ու բոց,
եւ երկինքներն՝ արդէն բաց,
եւ իմ պատկերը՝ արդէն հրացոլքի մէջ բեկւած։
Յետոյ՝ ուրախ։ Կամ՝ տխուր։ Յետոյ՝ արդէն իսկ միակ կեանքն իմ ապրեց ինձ որպէս
յաւերժութեան նախօրեակ,
ամէն ինչ նոյնը մնաց, սոսկ միեւնոյնը դարձաւ,
շամանդաղւեց ու դաղեց, ճերմակեցի,
վերջացաւ.
-Մենք ենք ուղին անըսկիզբ՝ յաւերժ մեխւած սա տեղին,
որ արտասւում ենք անձայն՝ ցրիւ եկած մայթերին-
ես ապրեցի սրանց մէջ, ու չըտեսայ ես նըրանց՝
շիրմատներ էին, հեհ, իմ պատկերին սեւեռւած։