Հրկիզում՝ Շւեդիայում Իրանի դեսպանատանը. Թեհրանը Ստոկհոլմին կոչ է արել միջոցներ ձեռնարկել

«ԱԼԻՔ» – ԱԳ նախարար Սէյէդ Աբբաս Արաղչին դատապարտել է Ստոկհոլմում Իրանի դեսպանատան վրայ վերջերս տեղի ունեցած յարձակումն ու հրկիզումը, եւ կոչ է արել Շւեդիայի կառավարութեանը կանխել նման յանցաւոր գործողութիւնների կրկնութիւնը:
Ինչպէս տեղեկացնում են ԱԳՆ մամլոյ ծառայութիւնից՝ Արաղչին եւ նրա շւեդ գործընկեր Մարիա Մալմէր Ստեներգարդը հեռախօսազրոյցի ընթացքում քննարկել են մի շարք երկկողմ հարցեր եւ հիւպատոսական հարցեր։
Հեռախօսազրոյցի ընթացքում, մեր երկրի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարը դատապարտել է Ստոկհոլմում Իրանի դեսպանատան վրայ վերջերս տեղի ունեցած յարձակումը: Նա կոչ է արել Շւեդիայի կառավարութեանը լուրջ միջոցներ ձեռնարկել միջադէպի համար պատասխանատուների դէմ եւ ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ նման յարձակումների կրկնութիւնը կանխելու համար։
Արաղչին նաեւ ընդգծել է Իրանի եւ Շւեդիայի միջեւ աւելի սերտ խորհրդակցութիւնների անհրաժեշտութիւնը՝ թիւրըմբռնումները պարզաբանելու եւ փոխադարձ համագործակցութիւնն ամրապնդելու համար։
Իր հերթին, Մալմէր Ստեներգարդը հաստատել է Շւեդիայի յանձնառութիւնը դիւանագիտական կառոյցների պաշտպանութեան հարցում՝ վստահեցնելով, որ Ստոկհոլմը կը ձեռնարկի անհրաժեշտ միջոցներ Իրանի դեսպանատան անվտանգութիւնն ապահովելու համար։
Յիշեցենենք, որ ապրիլի 30-ին Ստոկհոլմում Իրանի դեսպանատունը հրկիզւել է։ Յանցագործը դեսպանատան մուտքի մօտ դրել է երկու գալոն դիւրավառ հեղուկ եւ հրկիզել մուտքի դուռը։