
«ԱԼԻՔ» – Հնդկաստանի եւ Պակիստանի միջեւ լիակատար եւ անյապաղ հրադադարի շուրջ համաձայնութեան կայացումից կարճ ժամանակ անց, Նիւ Դելին յայտարարել է, որ Իսլամաբադը խախտել է պայմանաւորւածութիւնը եւ հրետակոծել է հնդկական դիրքերը:
«Հնդկաստանի ՀՕՊ ուժերը յետ են մղում Սրինագար քաղաքի մօտակայքում օդային յարձակումները»,- յայտարարել է Ջամմու եւ Քաշմիրի Հնդկաստանի միութենական տարածքի գլխաւոր նախարար Օմար Աբդուլլահը։
Միջազգային լրատւամիջոցների հաղորդմամբ՝ ողջ գիշերւայ ընթացքում թէեւ իրավիճակը համեմատական կայուն է եղել, այդուհանդերձ կողմերի միջեւ շփման գծի երկայնքով լարւածութիւնը պահպանւել է:
Յիշեցենք, որ երէկ՝ երեկոյեան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը յայտարարել էր, որ ԱՄՆ-ի հետ բանակցութիւններից յետոյ Հնդկաստանը եւ Պակիստանը համաձայնութեան են եկել լիակատար եւ անյապաղ հրադադարի շուրջ։
Աւելի ուշ, ԱՄՆ պետքարտուղար Մարկօ Ռուբիօն X սոցիալական ցանցում յայտնել էր Հնդկաստանի եւ Պակիստանի միջեւ հակամարտութիւնը դադարեցնելու Վաշինգտոնի միջնորդական ջանքերի մանրամասները:
«Վերջին 48 ժամւայ ընթացքում փոխնախագահ Վենսը եւ ես քննարկումներ ենք անցկացրել Հնդկաստանի եւ Պակիստանի բարձրաստիճան պաշտօնեաների հետ, այդ թւում՝ վարչապետեր Նարենդրա Մոդիի եւ Շեհբազ Շարիֆի, արտաքին գործերի նախարար Սուբրամանեամ Ջայշանկարի, բանակի շտաբի պետ Ասիմ Մունիրի եւ ազգային անվտանգութեան խորհրդականներ Աջիթ Դովալի եւ Ասիմ Մալիքի հետ։
«Ուրախ եմ տեղեկացնել, որ Հնդկաստանի եւ Պակիստանի կառավարութիւնները համաձայնել են անյապաղ հրադադարի եւ չէզոք տարածքի վերաբերեալ լայնածաւալ բանակցութիւններ սկսելու շուրջ։
Մենք պատշաճն ենք մատուցում վարչապետեր Մոդիին եւ Շարիֆին խաղաղ ճանապարհն ընտրելու հարցում նրանց պետական իմաստութեան, խոհեմութեան համար»,- գրել էր նա։
Նշենք նաեւ, որ ամերիկեան կողմի յայտարարութիւններից յետոյ, պաշտօնական Նիւ Դելին եւ Իսլամաբադը առանձին յայտարարել էին, որ մտադիր չեն սրել իրավիճակը, հաւատարիմ են մնալու ձեռք բերւած համաձայնութեանը, սակայն միւս կողմի ցանկացած ռազմական յարձակում կարժանանայ շատ կոշտ պատասխանի։