Էդւարդ Շարմազանով. «Դէ Մաշտոցին հանէք, Այբուբենը մի կարդացէք, որովհետեւ, ըստ իշխանութեան տրամաբանութեան, Այբուբեն ստեղծողը «իրական Հայաստանում» չի ծնւել»

«ԱԼԻՔ» – ««Պատմական Հայաստանից» հրաժարւողը վաղը «իրական Հայաստանն» էլ է կորցնելու: Մեսրոպ Մաշտոցը ծնւել է Տարօնի Հացեկաց գիւղում, որը որեւէ կապ չունի «իրական Հայաստանի» սահմանների հետ. դէ Մաշտոցին հանէք, Այբուբենը մի կարդացէք, որովհետեւ, ըստ իշխանութեան տրամաբանութեան, Այբուբեն ստեղծողը «իրական Հայաստանում» չի ծնւել, «պատմական Հայաստանում» է ծնւել»,- այս մասին «Աբովեան timе» պոդկաստի հեղինակ Արման Աբովեանի հետ զրոյցում ասել է ՀՀԿ ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ Էդւարդ Շարմազանովը:
«Իսկ հիմա անգրագէտ, տգէտ թէզ են առաջ քաշում՝ պետութիւն, թէ՞ հայրենիք։ Սա հիմարութիւն է։ Ասեմ՝ բոլոր նրանք, ովքեր հակադրում են հայրենիքն ու պետութիւնը, նրանք արժանի չեն ունենալ ո՛չ հայրենիք, ո՛չ պետութիւն։ Մենք ունեցել ենք պետութիւն, որը մեր հայրենիքը չի եղել, մեր հայրենիքում չի եղել։ Եւ մենք 100-ամեակներով ապրել ենք հայրենիքում, որը եղել է պետութիւնում, որը մերը չի եղել»,- յաւելել է նա: