Եթէ Շւէյցարիան իր անձնագրերում կարող է պատկերել Ալպերը, ինչո՞ւ Հայաստանը չպէտք է պատկերի Արարատը

Աշխարհում բազմաթիւ օրինակներ կան, երբ պետութիւնները իրենց պետական զինանշաններում, դրոշներում կամ պաշտօնական փաստաթղթերում օգտագործում են խորհրդանշաններ, որոնք վերաբերում են նրանց պատմական կամ մշակութային տարածքներին, որոնք ներկայում չեն գտնւում տւեալ պետութեան սուվերեն տարածքում։ Այս խորհրդանիշներն ընդունւած են որպէս պատմական ժառանգութեան կամ ազգային ինքնութեան արտայայտութիւն, ոչ թէ որպէս տարածքային պահանջ։
Ահա նման մի շարք պետութիւնների օրինակներ, որոնք ապացուցում են այն փաստը, որ պետութիւնների կողմից իրենց ներկայ սահմաններից դուրս գտնւող տարածքների վերաբերեալ սիմվոլների օգտագործումը պետական խորհրդանիշների պատկերման մէջ չի ենթադրում տարածքային պահանջներ այլ պետութիւնների նկատմամբ:
Օրինակները եւս մէկ անգամ փաստում են, որ Արարատ լեռը Հայաստանի զինանշանում կամ անձնագրի դրոշմանիշներում օգտագործելը չի նշանակում տարածքային պահանջ Թուրքիայի նկատմամբ։
1. Շւէյցարիան իր անձնագրում օգտագործում է Ալպերի լանդշաֆտների պատկերներ, սակայն շատ կարոր է դիտարկել, որ Ալպերը ամբողջութեամբ չեն գտնւում Շւէյցարիայի տարածքում, Ալպեան լեռները (The Alps) տարածւում են հետեւեալ պետութիւնների տարածքներում՝ Իտալիա, Աւստրիա, Ֆրանսիա, Գերմանիա, Սլովենիա, բայց այդ պատկերների օգտագործումը չի համարւում տարածքային պահանջ վերոնշեալ երկրների նկատմամբ։ Ո՛չ կառավարութիւնը, ո՛չ պաշտօնական աղբիւրները չեն հնչեցրել կամ ակնարկել, որ այս պատկերները ներկայացնում են տարածքային յաւակնութիւններ այլ պետութիւնների տարածքների նկատմամբ, նոյնիսկ եթէ այդ լեռները գտնւում են նաեւ Իտալիայում, Ֆրանսիայում եւ այլն։ Պատկերները ներկայացւում են որպէս բնութեան, պատմութեան եւ մշակոյթի խորհրդանիշներ:
2. Իռլանդիան ունի իր խորհրդանիշները, որոնք ներկայացնում են երկրի պատմական շրջանում գոյութիւն ունեցած տարածքները՝ չնայած դրանց մի մասը այսօր գտնւում է Հիւսիսային Իռլանդիայում, որը գտնւում է Մեծ Բրիտանիայի իշխանութեան տակ։ Օրինակ՝ Ուլսթեր շրջանի կարմիր ձեռքը օգտագործւում է իռլանդական պետական խորհրդանիշներում, սակայն սա չի նշանակում, որ Իռլանդիան տարածքային պահանջներ է ներկայացնում Մեծ Բրիտանիայի նկատմամբ։ Խորհրդանիշը ներկայացնում է պատմական եւ մշակութային ժառանգութիւն։ Իռլանդիայի սահմանադրութիւնը չի պարունակում Հիւսիսային Իռլանդիայի նկատմամբ տարածքային պահանջներ։ Չնայած նշում է երկրի ապագայում միաւորման ցանկութիւնը, սակայն խորհրդանիշների օգտագործումը՝ որպէս ազգային ինքնութեան մաս, չի համարւում իրաւական կամ քաղաքական պահանջ։
3. Յունաստանի պետական խորհրդանիշերում օգտագործւում է Բիւզանդական երկգլուխ արծիւը:
Բիւզանդական կայսրութիւնից վերցրած երկգլուխ արծիւը կարելի է տեսնել յունական ուղղափառ եկեղեցական զինանշաններում, զինւորական նշաններում եւ նոյնիսկ որոշ քաղաքային զինանշաններում:
Այն պատմականօրէն խորհրդանշում է Բիւզանդական մայրաքաղաք Կոստանդնուպոլիսը (այժմ՝ Ստամբուլ) եւ կայսրութեան իշխանութիւնը Անատոլիայի եւ Բալկանների նկատմամբ:
Ժամանակակից յունական քաղաքականութիւնը չունի պաշտօնական տարածքային յաւակնութիւն Ստամբուլի կամ Արեւելեան Թրակիայի նկատմամբ: Բիւզանդական խորհրդանիշների օգտագործումը մշակութային եւ պատմական նշանակութիւն ունի, այլ ոչ թէ քաղաքական:
4. Էստոնիայի զինանշանում պատկերւած են դանիական ծագում ունեցող առիւծներ:
Էստոնիայի պետական զինանշանի վրայ պատկերւած են երեք կապոյտ առիւծներ (կամ ընձառիւծներ), որոնք ժառանգութիւն են Դանիայի թագաւոր Վալդեմար II-ից, ով 1219 թ. նւաճել էր Էստոնիայի հիւսիսը։ Այս խորհրդանիշը վերածնւել է 1990-ականներին՝ անկախութիւնից յետոյ։ Խորհրդանիշը ոչ մի տարածքային պահանջ չի պարունակում Դանիայի նկատմամբ։ Սա ընկալւում է որպէս պատմական ժառանգութիւն։
5. Իսպանիայի պետական զինանշանում ներկայացւած են Կաստիլիայի, Լէոնի, Արագոնի, Նաւարայի, Գրանադայի եւ Բուրբոնների խորհրդանիշները։ Այդ պատմական թագաւորութիւններ անցեալում ներառում էին նաեւ Իսպանիայի ներկայիս սահմաններից դուրս գտնվող տարածքներ (օրինակ՝ Սիցիլիան, Նէապոլը): Այս խորհրդանիշները չեն մեկնաբանւում որպէս տարածքային պահանջ այլ երկրների նկատմամբ։ Դրանք նոյնպէս ներկայացւում են, որպէս պատմական միաւորներ։
6. Իսպանիայի մի շարք ինքնավար շրջաններ՝ օրինակ Կատալոնիան կամ Բասկերի երկիրը, օգտագործում են պատմական դրօշներ կամ զինանշաններ, որոնք չեն համընկնում ներկայիս վարչական կառուցւածքի հետ։ Այդ խորհրդանիշները ընդունւած են որպէս մշակութային ինքնութեան մաս եւ չեն մեկնաբանւում որպէս անկախութիւն կամ տարածքային պահանջ։
Ի վերջոյ՝ ամփոփելով կարող ենք նշել, որ Հայաստանի զինանշանում, անցակէտների կնիքներում, պետական այլ խորհրդանիշներում պատկերւած Արարատ լեռը ունի պատմական, մշակութային եւ կրօնական նշանակութիւն հայ ժողովրդի համար։
Այդ պատկերն օգտագործւում է որպէս ազգային ինքնութեան խորհրդանիշ, ոչ թէ տարածքային պահանջ Թուրքիայի նկատմամբ։
Ճիշտ այնպէս, ինչպէս շւէյցարական անձնագրում պատկերւած լեռները, որոնք Շւէյցարիայի տարածքում չեն գտնւում, բայց այդ փաստը չի համարւում տարածքային պահանջ, նոյն կերպ Հայաստանը կարող է օգտագործել Արարատը՝ որպէս մշակութային եւ պատմական խորհրդանիշ՝ անկախ նրա ներկայիս աշխարհագրական տեղավայրից:
«Ժողովուրդ»