ՄիջազգայինՔաղաքական

Յակոբ Բադալեան. «Դաւոսում Ուկրաինայի նախագահի հետ Իլհամ Ալիեւի հանդիպումը արժանի է ուշադրութեան»

«ԱԼԻՔ» – «Դաւոսում Ուկրաինայի նախագահի հետ Իլհամ Ալիեւի հանդիպումը արժանի է ուշադրութեան»: Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է քաղաքական մեկնաբան Յակոբ Բադալեանը՝ անդրադառնալով նախօրէին Դաւոսի համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում Վլադիմի Զելենսկիի եւ Իլհամ Ալիեւի հանդիպմանը:

Նա նկատում է՝ ադրբեջանական կողմը տարածել է, որ հանդիպումը տեղի է ունեցել ուկրաինական կողմի խնդրանքով:

«Իսկ Ուկրաինան մի քանի օր առաջ հարիւրամեայ գործակցութեան պայմանագիր է ստորագրել Բրիտանիայի հետ: Դրա համար Բրիտանիայի վարչապետ Սթարմերը անսպասելի այցով ժամանել է Կիեւ: Այդ հանգամանքը վկայում էր, որ պայմանագրի հարցում եղել է հապճէպութիւն: Ինչպէս նշել եմ այդ առիթով, պայմանագիրն ըստ ամենայնի Բրիտանիայի «պատասխան» քայլն է Պուտինի հետ հանդիպելու եւ խօսելու Թրամփի մտադրութեանը: Թրամփի վարչակազմի եւ պաշտօնական Լոնդոնի ջուրը հէնց սկզբից չի գնում մի առւով:

Եւ այստեղ հարցը լոկ այն չէ, որ Բրիտանիան ունի ամերիկա-ռուսական որեւէ գործարքի ստւերում մնալու մտահոգութիւն: Առաւել առարկայական ռիսկ է Գրենլանդիայի հարցը, ինչպէս նաեւ Կանադայյի նկատմամբ Թրամփի բարձրաձայնումները: Եթէ ԱՄՆ անմիջական վերահսկողութիւն հաստատի Գրենլանդիայի նկատմամբ եւ «ենթարկեցնի» Կանադան, դա հիմնաւորապէս կարող է նւազեցնել Բրիտանիայի կշիռն ու խաղի տարածութիւնը, այդ թւում առաւել եւս Արկտիկայի հարցում:

Բրիտանիայի միւս մտահոգութիւնն անշուշտ ռուս-իրանական ռազմավարական գործընկերութեան համապարփակ պայմանագրի ստորագրումն էր: Ինչպէս այդ առիթով էլ նշել եմ, ըստ իս այդ պայմանագրի ստորագրումը հնարաւոր է դարձել առաջին հերթին ամերիկա-ռուսական կոմունիկացիայի շնորհիւ: Աւելին, բոլորովին բացառելի չէ, որ այն արդէն իսկ հէնց գործարքի որոշակի տարր է:

Ահա այստեղ է, որ Ալիեւի հետ հանդիպելու Զելենսկու խնդրանքը արժանի է ուշադրութեան: Մեծ հաւանականութեամբ, նրա միջոցով Ալիեւին ինչ որ բան փոխանցում է Բրիտանիան: Լոնդոնն անկասկած փորձելու է Ադրբեջանից ակնկալել հնարաւորինս շատ խնդիրներ ստեղծել Ռուսաստանի եւ Իրանի համար Կովկասում:

Ի դէպ, եւս մէկ ուշագրաւ հանգամանք:

Նախօրէին Ռուսաստան է այցելել Կիրգիզիայի արտաքին գործերի նախարարը, որը ՌԴ ԱԳ նախարար Լաւրովի հետ ստորագրել է գերատեսչութիւնների գործակցութեան երկամեայ պլանը: Զուգահեռ, Կիրգիզիայի կառավարութեան ղեկավարը Բիշքեկում ընդունել է Բրիտանիայի դեսպանին եւ նրա հետ քննարկել երկկողմ գործակցութեան հարցերի լայն շրջանակ:

Նկատենք, խօսքը դարձեալ Իրանի եւ Ռուսաստանի համար կենսական ռեգիոնի՝ Կենտրոնական Ասիայի մասին է: Ի դէպ ուշադրութեան արժանացրել էի, որ Իրանի նախագահը պայմանագիր ստորագրելու համար Մոսկւա այցից առաջ մեկնեց Տաջիկստան՝ Կենտրոնական Ասիայի միակ «ոչ թուրքալեզու» պետութիւն, որը էթնոքաղաքական մեծ ընդհանրութիւն ունի Իրանի հետ:

Իսկ այսօր Երեւան է ժամանում Կիրգիզիայի արտաքին գործերի նախարարը, փաստօրէն՝ Մոսկւայից»,- գրել է քաղաքական մեկնաբանը։

Related Articles

Back to top button