Մակրոնը Պուտինի հետ զրուցելու պատրաստակամութիւն է յայտնել

«ԱԼԻՔ» – Ֆրանսիայի նախագահ Էմմանուէլ Մակրոնը յայտարարել է, որ Ուկրաինայում կրակի պարզ դադարեցումը չի լուծի հակամարտութիւնը, յաւելելով, որ դրա համար անհրաժեշտ է համապարփակ խաղաղութիւն, որը կը կարգաւորի տարածքային խնդիրները, կերաշխաւորի անվտանգութիւնը եւ պայմաններ կը ստեղծի Ուկրաինայում երկարաժամկէտ տնտեսական, սոցիալական եւ քաղաքական կայունութեան համար: Հաղորդում է Euronews-ը:
«Ոչ վաղուցւայ պատմութիւնը մեզ ցոյց է տւել, որ երբ միայն հրադադար էր, այն ռուսական կողմից չէր պահպանւում։ Բացի դրանից, Ուկրաինան պէտք է ներկայ լինի իրեն վերաբերող բոլոր քննարկումներին։
Համարո՞ւմ եմ, որ ԱՄՆ-ն այսօր ցանկանում է լքել ՆԱՏՕ-ն: Ոչ: Ցանկալի՞ եմ համարում, որ ԱՄՆ-ը լքի ՆԱՏՕ-ն։ Ոչ: Ըստ իս՝ ՆԱՏՕ-ն այսօր աւելի օգտակար է, քան երբեւէ։ Կարծում եմ՝ ՆԱՏՕ-ն մնում է օգտակար դաշինք, քանի որ մի շարք եւրոպական երկրների անվտանգութեան բանալին է: Ռուսաստանն էկզիստենցիալ սպառնալիք է եւրոպացիների համար:
Ներկայում Ռուսաստանի ձեռնարկած նկատելի վերազինումը պէտք է եւրոպացիներին ստիպի արձագանգել՝ անկախ ԱՄՆ դիրքորոշումից։ Մենք մտադիր ենք ուժեղացնել ոչ միայն բանակը, այլեւ եւրոպական պաշտպանութեան արդիւնաբերական եւ տեխնոլոգիական բազան»,- նշել է նա։
Մակրոնն ընդգծել է, որ երբեք չի յայտարարել Ուկրաինա զօրքեր ուղարկելու մասին։
Նա պատրաստակամութիւն է յայտնել «ցանկացած պահի» հեռախօսով խօսել Վլադիմիր Պուտինի հետ, եթէ վերջինս զանգի իրեն։ «Իհարկէ, ես նորից կը խօսեմ նրա հետ, եթէ տւեալ իրավիճակում դա օգտակար լինի»,- ասել է Ֆրանսիայի նախագահը։