Արա Պօղոսեան. «ՌԴ-Արեւմուտք բաղադրիչի հանգուցալուծումը կարող է կրկնել Լեհաստանի շուրջ եղած գործարքը»

«ԱԼԻՔ» – Քաղաքագէտ Արա Պօղոսեանը ֆէյսբուքեան իր էջում գրառում է կատարել՝ յիշեցնելով, որ Երկրորդ աշխարհամարտի աւարտին արձանագրւած արդիւնքներից մէկը Լեհաստանի անցումն էր սոցիալիստական ճամբար։
«Միջազգային իրողութիւնները յուշում են, որ ընթացիկ գլոբալ կոնֆլիկտի առնւազն ՌԴ-Արեւմուտք բաղադրիչի հանգուցալուծումը կարող է կրկնել Լեհաստանի շուրջ եղած գործարքը մի տարբերութեամբ` այժմ այն կը լինի առաւել փափուկ (soft), մի վիճակ, երբ Ուկրաինան իրեն կապիտուլացւած չի զգայ, իսկ Ռուսաստանը բացարձակ յաղթող։
Սակայն կայ նաեւ այլ խնդիր` Ռուսաստանը այսպէս թէ այնպէս ժառանգելու է ուկրաինացիների խորը ատելութիւնը, որը երկարաժամկէտ հեռանկարում լինելու է ական ռուսական սահմաններին, եթէ իհարկէ Ռուսաստանում վերաբերմունքը մետրոպոլիա-ծայրամաս աւանդական մտածողութիւնը վերատեսութեան չենթարկւի եւ ի վերջոյ սլաւոնական ընդհանրութիւնը չփոխարինի եւրասիականութեան արհեստական եւ կեղծ պատրանքներին»,- գրել է քաղաքագէտը։