Ռուբէն Մալայեան. «Ո՛չ ՔՊ-ն է յաւերժ, ո՛չ Փաշինեանը. պատմութիւնն իրենց կը դատի»

«ԱԼԻՔ» – 168TV-ի «Ռեւիւ» հաղորդման ընթացքում գեղագիր, ՀԱՀ դասախօս Ռուբէն Մալայեանն անդրադարձել է ՀՀ իշխանութիւնների ներկայացուցիչների այն յայտարարութիւններին, թէ նախկինում Արցախն իրենց հայրենիքը համարելով՝ սխալւել են:
«Պատմութիւնն իրենց կը դատի: Ո՛չ ՔՊ-ն է անվերջ ու ընդմիշտ, ո՛չ էլ Նիկոլ Փաշինեանը, կը գայ մի օր, ու ամէն ինչ իր տեղը կընկնի: Պատմութիւնն իրենց կը դատի, եւ շատ լաւ գիտենք՝ որտեղ է իրենց տեղը լինելու պատմութեան էջերի մէջ: Նման ճգնաժամ ոչ ոք երբեք չի կարողացել ստեղծել մեզ համար, սա մեր եփած ճաշն է, որովհետեւ իրենք էլ են մեր ազգի ներկայացուցիչներ, չնայած՝ ես չէի զարմանայ, եթէ ԴՆԹ թեստ անէին, ու պարզւէր, որ հայի գեն նրանց մօտ շատ քիչ կայ: Բայց դարձեալ ժամանակն ամէն ինչ իր տեղը կը դնի»,- ընդգծել է Ռուբէն Մալայեանը:
Նա շեշտել է՝ բոլորս նոյն նաւակի մէջ ենք, ու ճակատագիրը բոլորինս է լինելու. «Սա շղթայ է, մենք բոլորս շղթայ ենք, իսկ շղթան երբ գցում ես ջրի մէջ, ամբողջովին է սուզւում, չկայ մի մաս, որը մնում է ջրի մակերեսին: Մենք այդ շղթան ենք, ու այդ գիտակցումը պէտք է ինչ-որ մի պահից զարթնի, որ բոլորս նոյն նաւակի մէջ ենք ու բոլորս պէտք է մտածենք ու մտահոգւենք, թէ այդ նաւակն ինչքան արագ է ջուր հաւաքում, որովհետեւ այնպիսի տպաւորութիւն է, որ այն ջուր է հաւաքում, դու գիտես՝ նաւը խորտակւելու է: Մենք հասկացել ենք՝ որտեղից է ջրի արտահոսքը, բայց չգիտենք՝ ինչ անել: Ես շատ կուզէի, որ խելացի մարդիկ հիմա լուրջ մտածէին տարբեր քաղաքական լուծումների մասին: Ես քաղաքագէտ չեմ, ես մտածող մարդ եմ ու տեսնում եմ, որ եթէ մի բան չի աշխատում, փորձել նորից նոյն մեթոդը կիրառել, բերելու է նոյն իրավիճակին»: