Հայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական

Արթուր Խաչիկեան. «Այս Նոր տարին, ժողովո՛ւրդ, կարող է վերջինը լինել Երեւանում, հասկացէ՛ք, եթէ այսպէս շարունակւի, մի օր ինչ-որ Մամեդով կարող է գալ ու ասել՝ սա իմ տունն է»

168TV-ի «Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սէյրանեանը հիւրընկալել էր ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտութեան դոկտոր Արթուր Խաչիկեանին։

Հարցազրոյցի հիմնական թէզերը՝ ստորեւ.

– Սիրիայի անկումն ահռելի իրադարձութիւն է, որն ամէն ինչ կը փոխի Միջին Արեւելքում։ Դրանից պէտք է դաս քաղել։ ՀՀ այս իշխանութիւնները մեր ժողովրդին ասում էին՝ Ադրբեջանի հետ «Խաղաղութեան պայմանագիր» կնքելով՝ ամէն ինչ կը կարգաւորւի, բայց տեսանք, որ Աստանայի պայմանագիրը ոչինչ չտւեց։ Յիշեցնենք, Աստանայի ձեւաչափով (ՌԴ, Իրան, Թուրքիա) Սիրիայի իրադրութեան կարգաւորման, խաղաղութեան միջազգային պայմանագիրը կնքւել է 2017 թ. յունւարին: Թուրքիան խախտեց Աստանայի ձեւաչափով խաղաղութեան այդ պայմանագիրը: Սիրիայի անկումը ահռելի պարտութիւն էր Իրանի եւ Ռուսաստանի համար։ Տուժեց նրանց հեղինակութիւնը։ Ռուսական ռազմական ներկայութիւնը հաւանաբար երկար չի մնայ Սիրիայում։ Սա ահռելի յաղթանակ էր Իսրայէլի եւ Թուրքիայի համար։ Շահեց ԱՄՆ-ն, քանի որ Ռուսաստանին դուրս են բերում այս ռեգիոնից։

– Քաղաքականութեան մէջ մենք այս օրերին նոր երեւոյթի ականատես եղանք՝ դեմոկրատական ահաբեկիչների կուսակցութիւն առաջացաւ։ 10.000 մարդ սպանած ահաբեկիչը դարձաւ դեմոկրատ, ապստամբների լիդեր։ Այսինքն՝ մի օր դու կարող ես լինել ահաբեկիչ, Ալ-Ղաիդայի ներկայացուցիչ, որի գտնւելու վայրի մասին տեղեկութիւն յայտնելու համար ԱՄՆ-ը 10 միլիոն դոլար գումար էր խոստանում մարդկանց, մի օր էլ նոյն ԱՄՆ-ի կողմից հռչակւել ապստամբ դեմոկրատ։ Զաւեշտալի է, բայց ստացւում է՝ տեռորիստի մազերը ֆենեցին, մորուքը ուղղեցին, սանրեցին, դարձաւ դեմոկրատ։

Յիշեցնենք, 2017 թ. մայիսին Միացեալ Նահանգները՝ Պետդեպը, 10 միլիոն դոլար էր խոստանում Սիրիայից եւ Իրաքից յայտնի եւ Ալ-Ղաիդայի թեւը համարւող Ջաբհաթ Ալ-Նուսրա ահաբեկչական խմբաւորման առաջնորդ Մուհամադ Ալ-Ջաւլանի մասին տեղեկութեան համար: Ալ-Ջաւլանը յուլիսին փոխել էր խմբաւորման անունը՝ դարձնելով Եաբհաթ Ֆաթհ Ալ-Շամ: Նրա մասին յայտնի էին Իրաքի ռազմական կառոյցների հաւաքագրած որոշ տւեալներ: Ըստ դրանցից մէկի՝ ահաբեկչական խմբաւորման առաջնորդը դասական արաբերենի ուսուցիչ էր եղել:

Միացեալ նահանգները նրան ահաբեկիչ էր համարում 2013-ից՝ յայտարարելով, որ Ալ-Ջաւլանի առաջնորդութեամբ խմբաւորումն ահաբեկչական գործողութիւններ է իրականացրել Սիրիայի տարբեր հատւածներում, որոնց արդիւնքում զոհւել էին նաեւ անմեղ սիրիացիներ:

– Մեր հարաւային շրջաններից լուրեր են գալիս, որ ադրբեջանցիներն անընդհատ զէնք են բերում, իսկ մենք զբաղւած ենք Նոր տարւայ բդով, տօնածառով…

– Ադրբեջանն Իսրայէլի հետ պասերով է խաղում։ Պէտք է հասկանալ, որ ԱՄՆ նոր ադմինիստրացիան 200%-ով աջակցում է Իսրայէլին։ Հիմա Իսրայէլը պէտք է Իրանին ներքաշի պատերազմի մէջ, դեստաբիլիզացնի իրավիճակը, Ադրբեջանը պէտք է օգնի, իսկ հաշիւը կը փակի Հայաստանը։ Հայաստանը կը զոհաբերեն…

– Սիրիայում կարող է լինել ապակայունացում, քաղաքացիական պատերազմ, ու ահաբեկիչները կարող են քրդերի հետ պատերազմ սկսել։ Իսրայէլն ու Թուրքիան կիսելու են այս ռեգիոնը։

Թուրքիան աւելացնում է իր ռազմական բիւջէն, բայց մեր ժողովրդին դա չի հետաքրքրում… տօնածառ են զարդարում։ Երեւի Թուրքիան եւ Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղութեան համար են զինւում…

Թուրքագէտ Վարուժան Գեղամեանը տելեգրամեան իր ալիքում գրել է. «2025 թ. Թուրքիան նախատեսում է զգալիօրէն մեծացնել պաշտպանական եւ անվտանգային ծախսերը։ Ըստ հոկտեմբերին խորհրդարանում ներկայացւած բիւջէի նախագծի՝ վերոնշեալ ոլորտներին տրամադրւող գումարը հասել է ռեկորդային 47 մլրդ ԱՄՆ դոլարի, որը 17,5 տոկոսով աւելի է այս տարւայ ծախսերից (2024-ին նախատեսւած էր 40 մլրդ. դոլար)։ Ըստ Թուրքիայի փոխնախագահ Ջ. Եըլմազի՝ նշւած գումարից շուրջ 26.8 մլրդ. դոլարը ուղղւելու է պաշտպանական ոլորտի ծախսերին, որից 4.8 մլրդ.-ը տրամադրւելու է ռազմաարդիւնաբերութեան աջակցման հիմնադրամին։ Ըստ Թուրքիայի ֆինանսների նախարար Մ. Շիմսեքի՝ ներկայ դրութեամբ Թուրքիայում իրականացւում են աւելի քան 1000 ռազմաարդիւնաբերական նախագծեր, որոնք բոլորն էլ ունեն բարձր տեխնոլոգիական բաղադրիչ։ Նախարարը նաեւ նշել է, որ կառավարութիւնը կարգադրել է ոլորտի ընկերութիւններին կենտրոնանալ «պողպատեայ գմբէթի» համակարգի կառուցման վրայ»:

– Ալիեւը Փաշինեանին ասում է՝ դուք պէտք է բանակցէք «Արեւմտեան Ադրբեջանի» հետ, դա նշանակում է, որ մենք արդէն պետութիւն չենք։ Ալիեւն Արեւմտեան Ադրբեջան ասելով՝ նկատի ունի ողջ Հայաստանի ինքնիշխան տարածքը: Հայ ժողովուրդը սա չգիտի՞, չի՞ պատկերացնում հետեւանքները:

– Փաշինեանն ու նրա շրջապատն ատում են արցախցիներին ու մեր մէջ սերմանում նոյնը։

– Թրամփը շատ ագրեսիւ պրոիսրայէլական դիրքորոշում ունի։ Իսկ Թուրքիան եւ Ադրբեջանն Իսրայէլի դաշնակիցներն են։ Փորձելու են օգտւել ստեղծւած իրավիճակից ու լուծել «Զանգեզուրի միջանցք»-ի հարցը։

Յիշեցնենք, որ օրերս Թուրքիան իր պետական TRT հեռուստառադիոընկերութեան, մեդիահոլդինգի եթերում անդրադառնալով Սիրիայի պատերազմական գործողութիւններին, բացէիբաց յայտարարել է. «Շուտով մենք Հալէպը, Դամասկոսը, Դարաան ու Հոմսը կը վերադարձնենք իր իսկական տիրոջը եւ կուղեւորւենք դէպի «Զանգեզուրի միջանցք»»:

Սիրիայի հարցերը լուծեցին, կը շարժւեն դէպի «Զանգեզուրի միջանցք», Սիւնիք:

– Թուրքիան գնալու է էքսպանսիայի, քանի որ տեսաւ, որ ինչ անում է՝ անպատիժ է մնում Արեւմուտքի կողմից։ Իսրայէլն անելու է նոյնը։ Միջազգային իրաւունքի գիրքը պէտք է փակել։ Այլեւս ամէն ինչ որոշւում է ուժով։

– Իրանը զրկւում է «Հեզբօլլահ»-ի հետ կապից, ինչը նրան կարող է ստիպել ստեղծել միջուկային զէնք։ Սա նշանակում է, որ տարածաշրջանում միջուկային զէնք կը լինի։ Սա կատաստրոֆա է ու կարող է բերել շատ լուրջ հետեւանքների՝ արհաւիրքի։

– Ոչ ոք չի ասում, որ Ասադը լաւ մարդ էր։ Այո՛, նա բռնապետ էր, բայց ի՞նչ է, բռնապետին տեռորիստով փոխարինելն աւելի լա՞ւ է։

– Արեւմուտքի երկերեսանիութիւնն անտանելի է:

– Պետդեպի ներկայացուցիչը, որ եկել Սիւնիքում սրտաճմլիկ տեսքով նայում էր՝ ինչպէս են արցախցիները թողնում իրենց հայրենիքը, երբ հարցրեցին՝ իսկ ի՞նչ կը լինի, եթէ Հայաստանի վրայ յարձակում լինի, պատասխանե՞ց… Ո՛չ։ Իսկ Ֆրանսիայի արտգործնախարարին որ հարցրեցին՝ կօգնէ՞ք Հայաստանին, ռազմական օգնութիւն կը ցուցաբերէ՞ք, ի՞նչ ասաց, ասաց՝ Ո՛Չ։ Նրանք մեզ ոչինչ չեն խոստացել, բայց ասում են՝ Ռուսաստանին տարածաշրջանից պէտք է հանէք, ՀԱՊԿ-ից պէտք է դուրս գաք։

– Ըստ Արեւմուտքի՝ Վրաստանում կարելի է վառել Պառլամենտի շէնքը, իսկ մեզ մօտ կարելի է վառել ցուցարարներին… Յունիսի 12-ին Բաղրամեան պողոտայում Փաշինեանի հրաժարականը պահանջող ընդդիմադիրների նախաձեռնած հանրահաւաքի մասնակիցների վրայ ռումբեր գցեցին, կարելի էր, իսկ Վրաստանում վառեցին Պառլամենտի շէնքը, դեմոկրատիա էր։

Յիշեցնենք, յունիսի 12-ին ՀՀ ոստիկանութիւնը Փաշինեանի հրահանգով

Բագրատ Սրբազանի առաջնորդած պայքարի հանրահաւաքի մասնակիցների դէմ լուսաձայնային նռնակներ կիրառեց, այդ թւում՝ բեկորային պարունակութիւն ունեցող յատուկ միջոցներ, որի հետեւանքով բազմաթիւ մարդիկ բեկորային վնասւածքներ էին ստացել, մի քաղաքացու ձեռքն էր կտրւել:

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանութիւնը, արձագանգելով դէպքերին, յորդոր յղեց ցուցարարներին, ոչ թէ ՀՀ իշխանութիւներին, ում հրահանգով եւ մասնակցութեամբ տեղի ունեցան այդ դէպքերը: Աւելին, նրանք խրախուսում էին իրաւապահներին հասարակական կարգի պահպանումն իրականացնել քաղաքացիների խօսքի եւ հանրահաւաքների ազատութեան իրաւունքի ապահովմամբ եւ քննութիւն իրականացնել բոլոր միջադէպերով.

«ԱՄՆ դեսպանութիւնը յետեւում է Երեւանում ընթացող ցոյցերին։ Մենք ցուցարարներին յորդորում ենք հաւաքների ազատութեան իրենց իրաւունքն իրացնել պատասխանատու կերպով՝ զերծ մնալով բռնութիւն դրսեւորելուց։ Քաղաքական տարաձայնութիւնների լուծումն ապահովւում է ժողովրդավարական գործընթացների միջոցով։ Մենք նաեւ խրախուսում ենք իրաւապահներին հասարակական կարգի պահպանումն իրականացնել քաղաքացիների խօսքի եւ հանրահաւաքների ազատութեան իրաւունքի ապահովմամբ եւ քննութիւն իրականացնել բոլոր այն միջադէպերով, որոնց ընթացքում տեղ են գտել ընթացակարգերի հնարաւոր խախտումներ, այդ թւում՝ ցոյցերը լուսաբանող լրագրողների հետ կապւած»։

– Ադրբեջանը մեզնից հարցնո՞ւմ է, որ ամէն շաբաթ Իսրայէլից զէնք է գնում։ Ինչո՞ւ է Փաշինեանը հաշւետւութիւն ներկայացնում Ալիեւին, թէ ինչ զէնք ենք ձեռք բերում: Ադրբեջանը զինւում է մեր դէմ, մենք առնւազն պաշտպանւելու համար միջոցներ չպէ՞տք է ձեռք բերենք։ Մենք հակադրոնային պաշտպանութեան միջոցներ ունե՞նք։ Մենք թրէյնինգներ անցե՞լ ենք։ Էրդողանը բաց ասել է՝ մեր յաջորդ թիրախը Զանգեզուրն է։ Մենք դրա պատասխանը տւե՞լ ենք։ Թուրքիա-Իսրայէլ-Ադրբեջան… Սա հզօր դաշինք է՝ մեր դէմ, իսկ ի՞նչ ենք անում մենք։

– Ադրբեջանի ու Թուրքիայի ղեկավարները լուրջ ղեկավարներ են, գործ են անում: Նրանք տրիկոյով հեծանիւ չեն քշում, գործո՛ւմ են։

– Այս իշխանութիւնների գործողութիւնների հետեւանքով ադրբեջանցիները լցւելու են Հայաստան: Ես իմ տան վերանորոգումը չեմ աւարտում, որովհետեւ վախենում եմ՝ ինչ-որ Մամեդով մի օր կը գայ ու կասի՝ սա իմ տունն է։ Ի՞նչ եմ անելու։ Սրանք՝ Փաշինեանը եւ նրա թիմը, Բաշշար Ասադի պէս կը նստեն ինքնաթիռն ու կը փախչեն։ Մենք հզօր թշնամիներ ունենք, որոնք բաց են խաղում ու ասում են՝ ինչ են անելու մեր երկրի հետ։

– Սա շատ վտանգաւոր աշխարհ է, եւ այս իրավիճակում մեզ պէտք են կոմպետենտ ղեկավարներ։

– Փաշինեանը ժամանակին, որպէս լրագրող, շանտաժներով կլիաուզա գրող էր. նրա գործը բանակցութիւն վարելը, երկիր ղեկավարելը չէ, թող գնայ, շարունակի կլիաուզա գրի։ Դա նրա մօտ աւելի լաւ է ստացւում։

– Մինչեւ 2018 թ. չարաբաստիկ յեղափոխութիւն կոչւածը մենք ուժային պոտենցիալ ունէինք, զսպում էինք մեր հակառակորդներին ու կարող էինք նրանց հետ գնալ արժանապատիւ փոխզիջումների, մեզ յարգում էին, հաշւի էին առնում՝ որպէս երկիր: Իսկ Փաշինեանին ուղղակի չեն յարգում ու նրա հետ չեն խօսում։ Ժողովուրդը պէտք է հասկանայ, որ այս Նոր տարին կարող է վերջինը լինել Երեւանում, եթէ այսպէս շարունակւի։

Related Articles

Back to top button